HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ուրեմն չե՞նք հավատացել, ու մեղավորը մե՞նք ենք, որ չի փոխվել

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, ապրիլի 9-ին Ծաղկաձորում հանդիպելով Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ, մեկնաբանել է ՀՀԿ-ի «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի իմաստը:

«Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ: Ես չգիտեմ որևէ դեպք, երբ մի լուրջ գործ է կատարվել առանց խորը հավատի: Պատկերացրեք` զինվորը գնում է մարտի, և եթե նա չհավատա իր հաղթանակին, ինչպե՞ս կարող է լավ կռվել: Մենք, իրոք, պարտավոր ենք փոխվել, որպեսզի կարողանանք աշխարհին համահունչ ընթանալ: Սակայն միայն հանրապետության նախագահի ցանկությունը բավարար չէ: Փոփոխություններին պետք է մասնակից լինեն բոլորը, և բոլորը պետք է ցանկանան դրանք իրականացնել, որովհետև աշխարհը շատ արագ է փոխվում, այդ փոփոխություններին մենք պետք է պատրաստ լինենք»,- ասել է նախագահը:

Դե, իհարկե, նախագահը խելացի մարդ է և իրեն թույլ չի տվել ասելու, թե հավատանք ՀՀԿ-ին կամ իշխանություններին, քանզի, կարծում ենք, շատ լավ հասկանում է, որ ՀՀԿ-ն և իշխանություններն այդ հավատն ակնկալելու բարոյական իրավունք չունեն: Հնարավո՞ր է հավատալ իշխող կուսակցությանը, որն անմիջականորեն, անուղղակիորեն պատասխանատվություն է կրում երկրի ներքին կյանքի խայտառակ վիճակի համար: Հնարավո՞ր է հավատալ տգետ, ապաշնորհ, կոռումպացված, շահամոլ, անբարո չինովնիկների պակաս չունեցող իշխանություններին: Իհարկե ոչ: Լավ է, որ նախագահն ինքն է ասում. «Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ»:

Միաժամանակ անվիճելի է և այն, որ յուրաքանչյուրն իրոք պարտավոր է հավատալ սեփական ուժերին, ինքն իրեն, իր գործին, իր և հայության հաղթանակին, իր ընտանիքին, իր ընկերներին, մեր պետությանը: Սակայն եթե փոքր-ինչ ուշադիր վերլուծենք ՀՀԿ կարգախոսը և նախագահի ասածը, ստացվում է, որ երկիրը չի բարեփոխվել, որովհետև մենք մինչև հիմա չենք հավատացել մեզ, մեր ուժերին, մեր ընտանիքին, ընկերներին... Չենք հավատացել, դրա համար էլ այս վիճակն է Հայաստանում:

Ցավոք, երկրում առկա իրավիճակի համար հերթական անգամ փորձ է արվում, ինքնաքննադատության փոխարեն, մեղքը բարդել մեր բազմաչարչար ժողովրդի վրա, որի հիմնական մասը հավատացել է ինքն իրեն, իր ուժերին, իր ընկերներին, ընտանիքին... Հավատացել է, որ մնացել է այստեղ, չի գնացել երկրից: Հայաստանից նրանց չհեռանալը գրեթե հերոսության պես մի բան է, որը ՀՀԿ-ն, այդ կուսակցության և երկրի նախագահը պետք է գնահատեին և ոչ թե ժողովրդին կոչ անեին հավատալու` այդպիսով անուղղակիորեն մեղադրելով նրան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter