HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սա թիմ է բառի բուն իմաստով, որով հպարտանալու իրավունք ունենք բոլորս

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բոլորիս աչքի առաջ գրում է իր պատմության, թերեւս, լավագույն էջերը:

Այն, ինչ անում է մեր ընտրանին իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորությամբ, կարելի է համեմատել Եվրոպայի 2012 թ. եւ աշխարհի 2014 թ. առաջնությունների ընտրական փուլերում Վարդան Մինասյանի թիմի ելույթների հետ: Չնայած կարելի է եւ ասել, որ այսօր տեղի ունեցողը ավելին է, քան եղել է Մինասյանի օրոք՝ հաշվի առնելով թեկուզ միայն այն փաստը, որ Ազգերի լիգայի 2020-2021 թթ. խաղարկությունում մեր հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ կարողացավ էական արդյունք գրանցել՝ խմբում գրավելով առաջին տեղն ու տեղափոխվելով ավելի բարձր կարգ:

Մյուս կողմից՝ աշխարհի 2022 թ. առաջնության ընթացիկ ընտրական փուլում մեր թիմը առաջին 3 տուրից հետո 9 միավորով միանձնյա գլխավորում է 10-րդ խմբի մրցաշարային աղյուսակը՝ իրենից հետ թողնելով Գերմանիայի, Ռումինիայի ու Իսլանդիայի նման մրցակիցների: Նման մեկնարկ մերոնք երբեւէ չեն ունեցել:

Հայաստանի ընտրանին շարունակում է նաեւ թարմացնել անձնական ռեկորդները. մերոնք անպարտելի են 8 խաղ անընդմեջ եւ հաղթել են վերջին 5 խաղում: Ամենաչարակամներն էլ չեն կարող ասել, որ դրանք եղել են հեշտ հանդիպումներ. Կապառոսի թիմն իրար հետեւից հաղթել է Վրաստանին (1-0), Հս. Մակեդոնիային (2-1), Լիխտենշտայնին (1-0), Իսլանդիային (2-0) եւ Ռումինիային (3-2), ընդ որում՝ բացի գաճաճ երկրի ներկայացուցիչներից՝ մյուսները ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում մերոնցից բարձր տեղերում են:   

Չնայած Ազգերի լիգայի վերջին խաղարկությունում Վրաստանի եւ Հս. Մակեդոնիայի հետ մրցավեճերում տեսել էինք, թե ինչ կամային որակներ կարող է ցույց տալ մեր ընտրանին, այդուհանդերձ, այդ մրցակիցներին չենք կարող համեմատել ռումինների հետ, որոնք կարգով շատ ավելի բարձր են: Չմոռանանք նաեւ, որ Ռումինիայի դեմ մերոնք հայտնվել էին պարտվողի կարգավիճակում, բայց կարողացան խաղավարտին հաղթանակ կորզել: Սա առաջին հերթին խոսում է նրա մասին, որ թիմը խաղում է հաղթողի հոգեբանությամբ եւ չի առաջնորդվում ուժեղ մրցակցի հետ գոնե ոչ-ոքի խաղալու տարբերակով:

Հոգեբանական, բարոյակամային հատկանիշների նկատելի փոփոխություններից զատ՝ պետք է նշել նաեւ Կապառոսի մարտավարական փոփոխությունները. թիմը դուրս է եկել իր ավանդական 4-2-3-1 սխեմայից ու աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական այս փուլում խաղացել է 4-4-2 տարբերակով, եւ թվում է, թե ընտրանու համար ամենեւին էլ նորություն չէ այդ սխեման: Այն, որ թիմը հաջող է գործել այդ սխեմայով Իսլանդիայի եւ Ռումինիայի նման մրցակիցների դեմ, խոսում է թե՛ խաղացողների, թե՛ մարզչական շտաբի աշխատանքի որակի մասին: Կապառոսի նորամուծություններից կարելի է համարել կազմի ռոտացիան. ակնհայտ է, որ նա այն մարզիչներից է, ովքեր չեն առաջնորդվում «հաղթող կազմը չեն փոխում» կարգախոսով: Ավելին՝ իսպանացին խաղաժամանակ է տալիս երիտասարդ ու հեռանկարային ֆուտբոլիստների, բայց դա անում է ոչ թե ընկերական կամ թույլ մրցակիցների դեմ մարզական արժեք չունեցող խաղերում կամ էլ, ասենք, խաղավարտին մի քանի րոպե դաշտ դուրս բերելով, այլ այդ երիտասարդներին խաղի ընթացք փոխելու առաջադրանք է տալիս: Որքան էլ սա ռիսկային թվա, Կապառոսն ապացուցում է, որ ռիսկը, եթե այն իսկապես կա, արդարացված է:

Երեկվա հանդիպման մեկնարկային կազմում գլխավոր մարզիչը 4 փոփոխություն էր կատարել Իսլանդիայի դեմ մրցավեճի համեմատ, եւ կազմն ավելի նման էր Լիխտենշտայնի դեմ դաշտ դուրս եկած կոլեկտիվին: Պաշտպանության կենտրոնում Հարոյանի զույգը մեկ խաղ ընդմիջումից հետո նորից Չալըշըրն էր, Ոսկանյանն այս անգամ պահեստային էր: Եզրային կիսապաշտպանները նորից, ինչպես Վադուցում, Բայրամյանն ու Բարսեղյանն էին (իսլանդացիների հետ խաղում Բայրամյանի փոխարեն Հակոբյանն էր): Հենակետային գոտում Արտակ Գրիգորյանի զույգը առաջին երկու խաղերում 170 րոպե անցկացրած Սոլոմոն Ուդոյի փոխարեն Կարեն Մուրադյանն էր: Փոխվել էր նաեւ հարձակման գծում Բալեկյանի զույգը. առաջին երկու խաղերում նույնպես 170 րոպե անցկացրած Ադամյանը հանգստանալու հնարավորություն էր ստացել, եւ նրա փոխարեն մեկնարկային կազմում Կարապետյանն էր:

Ռումինները, լավ հասկանալով, որ սա ամենեւին այն հավաքականը չէ, որին իրենք 2016 թ. հոկտեմբերին նույն «Հանրապետականում» հաղթել էին խայտառակ 5-0 հաշվով, փորձում էին հենց առաջին կեսում խաղի նժարը թեքել իրենց կողմը: Դրա համար նրանք շեշտը դրել էին հեռահար հարվածների վրա, քանի որ մերոնց պաշտպանությունը սեփական տուգանայինում եւ դրա մատույցներում բավականին կուռ էր: Հատկապես վտանգավոր էին Ստանչուի հարվածները, որը 2016-ին գոլ խփել էր Երեւանում: Մեր թիմն իր հերթին 2 հրաշալի պահ կորցրեց. մի դեպքում Կարապետյանի հարվածից հետո գնդակը պաշտպանից անդրադարձով գրեթե հայտնվել էր ցանցում, եթե չլիներ դարպասապահ Նիցեի փայլուն ռեակցիան, մյուս դեպքում Բարսեղյանի հարվածը կրկին շեղեց Նիցեն: Վերջինս դեռ գերմանացիների հետ Բուխարեստում կայացած խաղում էր ցույց տվել, որ իր թիմի կեսն է, չնայած ռումինները պարտվել էին 0-1:

Քանի որ բալկանցիների ճնշումը մեր դարպասին առաջին կեսում շոշափելի էր, ու նրանց հարվածների տարափի տակ Յուրչենկոն ու պաշտպաններն անընդհատ գործի մեջ էին, երկրորդ կեսի մեկնարկում Կապառոսը Բալեկյան-Կարապետյան հարձակողական զույգի ու հենակետային Մուրադյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Ադամյան-Շաղոյան դուետն ու հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, որն իր նորամուտը նշեց մեր ազգայինում:

Եվ նորամուտը փայլուն ստացվեց. Սպերցյանը 56-րդ րոպեին Բայրամյանի փոխանցումից հետո կենտրոնից հարվածեց Նիցեի դարպասին, ու, բարեբախտաբար, գնդակը պաշտպանից անդրադարձով դժվարացրեց դարպասապահի գործը, որը չնայած դիպավ դրան, չկարողացավ փրկել դրվագը. դարպասաձողից անդրադառնալով՝ գնդակը հայտնվեց ցանցում՝ 1-0:

Սակայն ռումինները քիչ անց օգտվեցին մեր պաշտպանների թողտվությունից, եւ 62-րդ րոպեին Ալեքսանդրու Չիկիլդեուն, հայտնվելով մերոնց թիկունքում՝ Յուրչենկոյի դեմ-դիմաց, կարողացավ ցատկելով ոտքով շեղել Բանկուի հարվածից հետո դեպի դարպասն ընթացող գնդակը, որը Յուրչենկոն գուցե բռներ կամ շեղեր՝ 1-1:

10 րոպե անց՝ 72-րդ րոպեին, նույն Բանկուն օդային փոխանցում կատարեց Չիկիլդեուին, որի գլխով հարվածը, ընթացքում թեթեւ հպվելով Կամո Հովհաննիսյանի գլխին, հայտնվեց մեր ցանցում: Անկախ ամեն ինչից՝ Յուրչենկոն չէր հասնի գնդակին, բայց Կամոն ցատկելու դեպքում կարող էր փակել գնդակի ճանապարհը՝ 1-2: Այստեղ էլ թերացավ ամբողջ պաշտպանական գիծը:

Վճռական եղավ 78-րդ րոպեին Պուշկաշի կոպիտ խաղը Չալըշըրի նկատմամբ, ինչի հետեւանքով լատվիացի մրցավարը արդարացիորեն անմիջապես կարմիր ցույց տվեց ռումինների հարձակվողին, չնայած նույնիսկ եթե դեղին տար, Պուշկաշն էլի հեռացվելու էր, քանի որ մեկն արդեն ուներ:

Քանակական առավելություն ստանալով՝ խաղը փրկելու մերոնց հնարավորություններն ավելի մեծացան: Երկրորդ կեսում առնվազն երկուական հրաշալի պահ կորցրին Ադամյանն ու Շաղոյանը: Յուրաքանչյուրից մեկական հարվածից հետո գնդակը դեպի անկյունային դուրս բերեց Նիցեն, Ադամյանի մի հարվածը փակեց պաշտպանը, Շաղոյանի մի հարվածն էլ շեղ ստացվեց: Վերջինս, ինչպես արդեն գրել ենք, հասուն ֆուտբոլիստին հատուկ խաղ է ցուցադրում ու չնայած ֆիզիկական տվյալներով զիջում է, սառնասրտությամբ, խաբքերով, հարվածների որակով ու գրոհային ֆուտբոլիստի հոտառությամբ աչքի ընկնող խաղացող է: Հայաստանի առաջին խմբի առաջնությունը ներկայացնող Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) ֆուտբոլիստի հանդեպ այսպիսի խաղերից հետո հետաքրքրությունը կտրուկ աճելու է: Եվ սա 20-ամյակը չբոլորած Ժիրոյի ընդամենը երկրորդ խաղն էր հավաքականում:

87-րդ րոպեին մերոնց ճնշումն, այդուհանդերձ, արդյունք տվեց, Բարսեղյանի փոխանցումից հետո հարձակվողին հատուկ ցատկով գնդակին առաջինը հասավ եւ ընթացքից անկասելի հարվածով Նիցեի դարպասը գրավեց մեր ավագը՝ կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը: Ճիշտ է՝ եթե գործեր տեսակրկնության համակարգը, Հարոյանի գոլը չէր գրանցվի, քանի որ նա փոխանցման պահին մի փոքր առաջ էր մրցակցի վերջին պաշտպանից, սակայն ԱԱ-2022-ի ընտրական փուլում շատ ավելի ակնառու սխալներ են թույլ տվել մրցավարները, ինչպես, օրինակ, սերբերի դարպասը Ռոնալդուի խփած գոլը չհաշվելը: Անկախ ամեն ինչից՝ Հարոյանի գոլը միանգամայն տեղավորվում էր խաղի ընթացքի տրամաբանության մեջ՝ 2-2: Սա մեր պաշտպանության առանցքային խաղացողի 3-րդ գոլն էր հավաքականում: Պաշտպաններից ավելի շատ՝ 4 գոլ, խփել է Հովհաննես Համբարձումյանը:

Հայաստանի հավաքականը, չբավարարվելով ձեռք բերածով, այդ գոլից 1 րոպե անց 11-մ հարվածի իրավունք ստացավ: Մրցակցի տուգանայինում գցեցին Սպերցյանին, եւ մրցավարը ցույց տվեց նշակետը: Գնդակին մոտեցած Բարսեղյանը սառնասիրտ գործեց ու ապակողմնորոշեց Նիցեին՝ գնդակն ուղարկելով հակադարձ անկյունը՝ 3-2: Տիգրանը խփեց հավաքականում իր 8-րդ գոլն ու ընթացիկ ընտրական փուլում դարձավ մեր թիմի լավագույն ռմբարկուն 2 գոլով:

Մեր թիմն արժանի կամային հաղթանակ տարավ՝ յուրօրինակ ռեւանշ վերցնելով 2016 թ. աշնանը Երեւանում ռումիններից կրած 0-5 հաշվով պարտության դիմաց: Նկատենք, որ ԱԱ-2006-ի ընտրական փուլում էլ՝ 2004-ի նոյեմբերին, մերոնք «Հանրապետականում» 1-1 էին խաղացել Ռումինիայի հետ, ինչից հետո նրանց գլխավոր մարզիչ Անգել Յորդանեսկուն հրաժարական էր տվել:

Կապառոսի գլխավորած թիմը նոր մակարդակի է բարձրացել, բայց երկնքում հայտնվելու իրավունք չունենք, քանի որ առաջիկա աշնանը ծանր հանդիպումներ են սպասվում թե՛ աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի, թե՛ նույն Ռումինիայի ու Իսլանդիայի դեմ նրանց իսկ հարկի տակ: Չենք կարող մոռանալ նաեւ Հս. Մակեդոնիայի մասին, որը երեկ մեծ նվեր արեց թե՛ իրեն, թե՛ մեզ: Բալկանցիներն արտագնա խաղում 2-1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարան գերմանացիների նկատմամբ: Ու 3 տուրից հետո 10-րդ ընտրական խմբի մրցաշարային աղյուսակը 100-տոկոսանոց արդյունքով գլխավորում է Հայաստանի հավաքականը:

ԱԱ-2022-ի ընտրական փուլը կընդմիջվի «Եվրո-2020»-ի եզրափակիչ մրցաշարով, որը կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանա այս ամռանը: Հիշեցնենք, որ դրան մասնակցելու իրավունք են նվաճել նաեւ Գերմանիան ու Հս. Մակեդոնիան, վերջինս՝ իր պատմության մեջ առաջին անգամ:

Աշխարհի առաջնության ընտրական փուլում գալիք սեպտեմբերին հենց այս թիմերին էլ կհանդիպի մեր ընտրանին. սեպտեմբերի 2-ին կկայանա Հս. Մակեդոնիա-Հայաստան, ամսի 5-ին՝ Գերմանիա-Հայաստան խաղը, իսկ ամսի 8-ին մերոնք կընդունեն Լիխտենշտայնին:

Վատն այն է, որ Հս. Մակեդոնիայի դեմ մրցավեճին դեղին քարտերի պատճառով չեն կարող մասնակցել Վարազդատ Հարոյանը, Տիգրան Բարսեղյանն ու Խորեն Բայրամյանը: Հուսանք, որ այդ ժամանակ թիմում կլինեն Հենրիխ Մխիթարյանն ու Գեւորգ Ղազարյանը: Բայց բալկանցիների կազմում էլ հանդիպումը նույն պատճառով բաց կթողնի նրանց առաջատարը՝ Գորան Պանդեւը:

Ըստ նախատեսվածի՝ հունիսի 1-ին եւ 5-ին Հայաստանի ընտրանին ընկերական խաղեր է անցկացնելու Խորվաթիայի եւ Շվեդիայի հավաքականների դեմ, որոնք այդ ժամանակ նախապատրաստվելու են «Եվրո-2020»-ի եզրափակիչ փուլին: Այս երկու ուժեղ թիմերին մերոնք կհանդիպեն առաջին անգամ: 

Հանդիպման լուսանկարները՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter