Պուտինն ու Ալիևը քննարկել են Արցախում առկա իրավիճակը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի՝ ապրիլի 1-ին, հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմերն ընդգծել են, որ Արցախում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Այդ մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։
«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը։ Գոհունակությամբ նշվել է, որ իրավիճակն, ընդհանուր առմամբ, կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը անշեղորեն պահպանվում է»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները դրական են գնահատել նաև եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ «Հաշվի առնելով Բաքվում ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների կարգավորման աշխատանքների ընթացքը, որն իրականացվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համապատասխան։ Այդ համատեքստում դրական գնահատական է տրվել երեք երկրների փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին է հանձնել Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել