Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի շուրջ հումանիտար և տնտեսական հարցերը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը՝ ապրիլի 1-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Արցախում հումանիտար հարցերի, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացը։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։ Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում ընթացող ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպման շրջանակներում։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հետ կապված հարցերը, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի շուրջ, ներառյալ բարձր մակարդակով սպասվելիք շփումների, ինչպես նաև երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստության շուրջ, որը նշվելու է 2022 թվականին։
Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել