HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անվճար բնակարանից մինչեւ արժանապատիվ ծերություն. ի՞նչ են խոստանում ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն

Մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցությունները ընտրողներին ներկայանում են տարբեր խոստումներով: Սովորական ընտրողի համար առաջնային է սոցիալական ոլորտը` կրթություն, առողջապահություն, նպաստ, կենսաթոշակ, աշխատատեղեր եւ այլն: Ստորեւ ներկայացնում ենք ըննդիմադիր Հայ յեղափոխական դաշնակցություն եւ իշխող Հանրապետական կուսակցությունների նախընտրական ծրագրերից ավելի ուշագրավ հատվածներ սոցիալական ոլորտից:

ՀՅԴ նախընտրական ծրագրում ավելի շեշտադրված է հենց սոցիալական ոլորտը: 2012-2017թթ. կուսակցությունն առաջնահերթություններից է դիտում չքավորության վերացումը, միջին խավի ձեւավորումն ու բարեկեցիկ կյանքի երաշխավորումը:

ՀՅԴ-ն ընտրողներին խոստանում է աղքատության շեմ համարել կենսապահովման նվազագույն  բյուջեի մեծությունը, իսկ միջին կենսաթոշակ սահմանել 63.000 դրամը՝ ներկայից 31.255 դրամի փոխարեն:

Կուսակցությունն առաջարկում է լուծել զբաղվածության խնդիրը` ստեղծելով շուրջ 200 հազար նոր աշխատատեղ: Դրա հետ մեկտեղ դաշնակները խոստանում են բարձրացնել ժամային աշխատավարձի չափը՝ ներկայիս 196 դրամի փոխարեն առաջարկելով 400 դրամ:

Խոստանում են առաջնահերթության կարգով բարձրացնել ազգային անվտանգության, պաշտպանության, ոստիկանության, առողջապահության համակարգերի աշխատակիցների աշխատավարձերը` միջին աշխատավարձ սահմանելով 500 հազար դրամը:

Կուսակցությունը խոստանում է ամբողջ երկրի տարածքով անվճար դարձնել նախադպրոցական ուսումնական հաստատությունները, իսկ այդ հաստատություններում աշխատողների աշխատավարձը սահմանել միջինը 110 հազար դրամ:

ՀՅԴ-ն լուրջ հայտ է ներկայացնում նաեւ առողջապահության ոլորտում: Իշխանության գալու դեպքում կուսակցությունը խոստանում է հասանելի դարձնել որակյալ առողջապահությունը` մեկ անձի համար նախատեսելով նվազագույնը 150.000 դրամ ծախս՝ ներկայիս մոտ 63.000 դրամի փոխարեն:

Տարեկան 5-6 հազար կարիքավոր ընտանիքի ՀՅԴ-ն խոստանում է ապահովել սոցիալական բնակարաններով, ինչպես նաեւ առաջիկա 5 տարիներին զսպել գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման եւ խմելու ջրի սակագները, իսկ անապահով խավի համար հետագա ցանկացած փոփոխություն կկապակցվի նրա եկամուտների հետ:

ՀՅԴ-ն նախընտրական ծրագրով անդրադարձել է նաեւ բազմազավակությանը: Ընտրողներին առաջարկում է, որ եթե գա իշխանության, ապա այդ դեպքում 20-60 հազար դրամ ամենամսյա տարբերակված նպաստ կտրամադրի մինչեւ 7 տարեկան յուրաքանչյուր երեխայի, իսկ 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին կտրամադրի նաեւ անվճար բնակարան:

Այժմյան ընդդիմադիր կուսակցությունը խոստանում է ժողովրդագրական ակտիվ քաղաքականության շնորհիվ Հայաստանի բնակչության տարեկան միջին աճը ավելացնել 50.000 բնակչով:     

Ի տարբերություն ՀՅԴ-ի՝ իշխող Հանրապետական կուսակցությունը սոցիալական ոլորտում թվային ոչ մի խոստում չի տալիս, սակայն հավաստում է, որ սոցիալական քաղաքականության մեջ փոփոխությունը միտված է լինելու անհավասարություն ծնող պատճառների վերացմանը: Ըստ ՀՀԿ-ի` առաջին հերթին դա նշանակում է աշխատունակ խոցելի խավերի համար հասանելի դարձնել կրթությունը եւ աշխատանքը, իսկ անաշխատունակ քաղաքացիների համար խոստանում են շեշտադրել թիրախային օգնության ավելացումը:

«Սկսելու ենք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման գործընթացը, որը երաշխավորելու է ապահով եւ արժանապատիվ ծերություն»,- գրված է ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում:

Հանրապետականները խոստանում են նաեւ շարունակել ԽՍՀՄ խնայբանկում մինչեւ 1993թ. ներդրված ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման  ծրագրերի իրականացումը` ըստ տարիքային հերթականության: Ըստ ՀՀԿ-ի` ոչ միայն ավելացվելու է «Մատչելի բնակարան» եւ «Բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրերի ծավալները, այլեւ երիտասարդների համար ներդրվելու է պետության կողմից սուբսիդավորվող վարկային նոր գործիքներ` կրթվելու եւ սոցիալական այլ խնդիրներ հոգալու նպատակով:

ՀՀԿ-ն նորից իշխանության գալու դեպքում խոստանում է ավելացնել երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդին պետական աջակցության ծրագրերի ծավալները, ինչպես նաեւ շարունակելու է կենսաթոշակների բարձրացման քաղաքականությունը: Իսկ թե որքանով է ավելանալու երեխայի համար տրվող եւ կենսաթոշակների գումարները` կուսակցությունը չի նշում:

Ինչ վերաբերում է առողջապահությանը, ապա այս ոլորտում ՀՀԿ-ի քաղաքականության փոփոխությունն ուղղված է լինելու հիվանդությունների կանխարգելմանը` առողջ կենսակերպի համար պայմաններ ստեղծելու միջոցով: Իսկ պետպատվերի շրջանակներում որոշ հիվանդությունների տեսակների եւ սոցիալապես անապահով խավերի համար խոստանում է ներդնել բժշկական ապահովագրության ինստիտուտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter