HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովհաննես Սանամյան. «Դվինի վերականգնումը կօժանդակի հուշարձանի պահպանմանը»

Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկում՝ Դվինում, 2020 թվականի դեկտեմբեր ամսից սկսվել են հնագիտական հուշարձանների մասնակի ամրակայման և վերականգնման աշխատանքները, որոնք իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ։ Նախագծում արդեն ներդրվել է ավելի քան 120 միլիոն դրամ։
Կառավարությունը պլանավորում է Դվին մայրաքաղաք-հուշարձանը դարձնել Հայաստանի գլխավոր տուրիստական վայրերից մեկը։

«Հետքը» զրուցել է Դվինի վերականգնողական աշխատանքների գլխավոր ճարտարապետ Հովհաննես Սանամյանի հետ։ 

-Արդեն մի քանի ամիս է, ինչ Դվինում սկսվել են Սուրբ Գրիգոր Կաթողիկե եկեղեցու, 5-րդ և 7-րդ դարի կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների ամրակայման և մասնակի վերականգնման աշխատանքները։ Ինչո՞ւ է ընտրվել հուշարձանի վերականգնման հենց այս երկու մեթոդները։

-Վերականգնման երեք հիմնական մեթոդ կա՝ ամրակայում, մասնակի կամ հատվածաբար վերականգնում և ամբողջական վերականգնում։ Ընդհանրապես, հուշարձանների վերականգնումը հիմնավորվում է նրանով, թե որքան հավաստի ձևով մենք կարող ենք հուշարձանները վերականգնել: Այս սկզբունքը վերջնականապես ձևավորվել է Երկրորդ աշխարհամարտից հետո ընդունված Վենետիկյան խարտիայի ժամանակ։ էսպիսի մի հասկացություն կա՝ վերականգնումը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ենթադրությունը։ Ինչո՞ւ հենց ամրակայում և մասնակի վերականգնում․ այս տարբերակները ընտրվել են ուսումնասիրություններից հետո։ Հուշարձանները շատ վատ էին պահպանված, դրանք ի հայտ էին եկել պեղումների արդյունքում, հիմնականում պահպանվել էին կառույցների պատերի ստորին հատվածները։ Ավելի շատ, ավելի մեծ և ամբողջական վերականգնումը հիմնավորված չէր, քանի որ ամբողջական վերականգնման համար բավականաչափ տվյալներ չունենք։ Ցանկացած վերականգնման աշխատանքի հիմքում ընկած է հուշարձանների ֆիզիկական պահպանվածության խնդիրը, ինչից ելնելով էլ՝ վերականգնման մեթոդը սովորաբար  քննարկվում է համապատասխան գիտամեթոդական խորհրդում։

-Մի խումբ քաղաքացիներ դիմել են մեզ և իրենց մտահոգությունն են հայտնում, որ նման կերպ վերականգնելով՝ ջնջվում է Դվինի հնագիտական արժեքը։ Ի՞նչ կասեք այդ մասին։ 

-Ի՞նչ ասել է նման կերպ ջնջվում է հնագիտական արժեքը, նրանք վստա՞հ են, որ ջնջվում է։ Ուրեմն եթե մենք այդ հուշարձանը թողնենք այդպես անխնամ, այն իսկապես կքայքայվի, կգնա ու ևս մի քանի տասնամյակ անց այդ հուշարձանից բան չի մնա։ Ընդհակառակը, ներկայիս աշխատանքները կօժանդակեն հուշարձանի հետագա պահպանմանը։ Ցավոք, այսօր այդ միտումը կա, որ բոլորը ամեն ինչի գիտակ են։ ԿԳՄՍ նախարարությունում կա գիտամեթոդական խորհուրդ, որի անդամները փորձառու մասնագետներ են տարբեր բնագավառներից և ցանկացած նախագիծ քննարկումների մի քանի փուլ է անցնում։ Նախագծի քննարկման հիմնական խնդիրը հուշարձանի վերականգնման սկզբունքների և մեթոդի հաստատումն է։ Ներկայում աշխատանքները այս գիտամեթոդական խորհրդի հավանությանն են արժանացել։ Նախագիծը անցել է նաև միջազգային փորձաքննություն, միջազգային հեղինակություն ունեցող մասնագետները հավանություն են տվել այս նախագծին։

-Նման մեթոդով այլ հուշարձանների վերականգնման օրինակներ կա՞ն Հայաստանում։ 

-Դրանք բազմաթիվ են, օրինակ՝ Էրեբունի միջնամբերդը նույնպես մասնակի վերականգնվել և ամրակայվել է։
Հուշարձանի ուսումնասիրության արդյունքում ունեցած նյութական մնացորդներից, հուշարձանի բեկորներից ելնելով փորձում ենք վերականգնել այնքան, ինչքան որ հավաստի տվյալներ ունենք։ Ժողովրդի կողմից միշտ հարց է բարձրացվում, թե ինչու Զվարթնոցի տաճարը ամբողջական չենք վերականգնում։ Որովհետև մենք չունենք հավաստի տվյալներ, թե վերևի մասում ինչ է եղել։ Ուրիշ բան է տեսական վերակազմությունը։ Մի շարք հետազոտողներ արտաքին տեսքի մասին տարբեր տվյալներ են տալիս։ Այսինքն՝ երբ կան տեսականորեն տարբեր տվյալներ և տարբերակներ, իսկ նյութական մնացորդը հիմք չի տալիս հուշարձանը ամբողջական վերականգնելու համար, ուրեմն մենք աշխատանքները կանգնեցնում ենք՝ սահմանափակվելով հուշարձանի այն հատվածներով, որոնք կարող ենք հավաստի ձևով վերականգնել և ամրակայել։ Սա միջազգային ընդունված պրակտիկա է, հորինել չի կարելի։ Կա ոճական վերականգնում։ Դրա լավագույն օրինակը, իհարկե, բացասական իմաստով, Փարիզի Աստվածամոր տաճարն է։ Քանի որ այն գոթական հուշարձան է, այդ նույն ոճով էլ վերականգնվեց։ Բայց դա հետագայում մերժվեց և քննադատվեց։ 19-րդ դարի առաջին տասնամյակներում հիմնական մեթոդը հուշարձանի ամրակայման մեթոդն է՝ հուշարձանը պահպանելու համար։ Սա հուշարձանների վերականգնման միջազգային չափանիշ է։

-Ի՞նչ նյութեր են օգտագործում վերականգնման ընթացքում։

-Վերականգնում են այն նյութերով և այն տեխնոլոգիաներով, որով հուշարձանը ժամանակին կառուցվել է՝ նույն ֆիզիկամեխանիկական հատկություն ունեցող քարով, կրաշաղախով և այլն։ Որոշ չափով աշխատել ենք էնպիսի սիլուետներ ստանալ, որ հուշարձանը պահպանվի և որոշակի պատկերացում կազմվի հուշարձանի մասին։ Այնպես ենք անում, որ այցելուների համար ընկալելի լինի հին տեսքը, և հետագա հնագիտական աշխատանքների համար որևէ խոչընդոտներ չառաջանան։

-Ե՞րբ եք պլանավորում ավարտել աշխատանքները։

-Կարծում եմ, որ Ձեր կողմից թվարկված երեք հուշարձանների վրա աշխատանքները պետք է ավարտվեն այս տարի։

Սքրինշոթերը՝ կառավարության մամուլի ծառայության տեսանյութից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter