Թուրքիայում կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածների թիվը գերազանցել է 180 հազարը
Թուրքիայում հայտնաբերվել է COVID-19-ի բրիտանական շտամով վարակման ավելի քան 180 հազար դեպք, ինչը կազմում է այդ երկրում կորոնավիրուսի նոր դեպքերի մոտ 75 %-ը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։
«Թուրքական 81 նահանգներում գրանցվել է COVID-19-ի բրիտանական շտամի 180 448 դեպք, իսկ 11 նահանգներում հարավաֆրիկյան շտամի 169 դեպք։ Կորոնավիրուսի բրիտանական տարբերակին բաժին է հասնում երկրում վարակման բոլոր դեպքերի (խմբ. վերջին օրերին) մոտ 75 %-ը»,- լրագրողներին ասել է Քոջան։
Նրա խոսքերով՝ առաջիկայում Թուրքիան ձեռք կբերի մեծ քանակությամբ պատվաստանյութ՝ շնորհիվ տարբեր արտադրողների հետ բանակցությունների։ «Sinovac, Pfizer/BioNTech պատվաստանյութերի հետ համատեղ, ի հայտ են եկել մատակարարման նոր աղբյուրներ, որոնց շնորհիվ հնարավոր է արագացնել իմունացման գործընթացը»,- հավելել է նախարարը։
Ինչպես երկուշաբթի օրը՝ մարտի 29-ին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թուրքական նահանգների մեծ մասում հանգստյան օրերին դարձյալ կմտցվի պարետային ժամ։
2021 թվականի հունվար ամսին Թուրքիան սկսել էր պատվաստումները՝ չինական Sinovac Biotech ընկերության CoronaVac պատվաստանյութով, իսկ արդեն մարտից այդ երկրում կիրառվում է նաև Pfizer/BioNTech պատվաստանյութը։ Առաջին փուլով պատվաստանյութ են ստացել բժիշկները, ուսուցիչները և տարեց մարդիկ։ Պատվաստված քաղաքացիների թիվը Թուրքիայում գերազանցել է 16 միլիոնը, ընդ որում շուրջ 7 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութի երկու դեղաչափ։
Լուսանկարը՝ DHA photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել