HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Ո՜չ. սոված ու մերկ չեն հայ գրողները»

Տատիկիս՝ գրականագետ Արփիկ Ավետիսյանի արխիվը թերթելը  վերադարձրեց ժամանակներ, երբ պատերազմ չէր եղել, կարող էինք մեզ թույլ տալ անհոգ լինել:

Երկար տարիներ աշխատելով Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանում (ԳԱԹ)՝ տատիկիս հատկապես  վստահում  էին անընթեռնելի ձեռագրերի վերծանման աշխատանքները:  

Այդպես, ժամանակին, նա վերծանել է ցեղասպանության որբերի սերնդից Զարեհ Որբունու (1902-1980) «Կենսագրական շաղակրատութիւն Գ. Մահարիի հետ» ընդարձակ նամակ-ինքնակենսագրությունը: Որբունին, Մահարու խնդրանքով, կազմել էր իր ինքնակենսագրությունն ու ուղարկել նրան՝  զգուշացնելով, որ վերջինս չպիտի կարողանա կարդալ իր ձեռագիրը: Որբունին չէր սխալվել. Մահարուն չէր հաջողվել վերծանել նամակը, որին այդքան երկար սպասել էր: Երկար տարիներ ձեռագիրը պահելուց հետո` Մահարին այն  հանձնել է ԳԱԹ: Խճճված, նյարդային, անընթեռնելի ձեռագիրն այդպես էլ կմնար արխիվում, եթե Որբունու գրականությունը գնահատող տատիկս այն չվերծաներ :

Թղթապանակերից մեկում Արշակ Չոպանյանի, Համաստեղի, Հակոբ Օշականի, Գիսակի (Գաբրիել Հովհաննիսյան), Հարություն Թումանյանի ձեռագիր նամակների բնօրինակներ կային: Դրանք ևս վերծանելու նպատակով՝ նամակները տատիկիս էին հանձնվել: Նրա հիվանդությունից, ապա մահից հետո նամակները մնացին նրա թղթապանակներում:
Դրանք խնամքով հավաքել եմ՝ ԳԱԹ արխիվ վերադարձնելու նպատակով:

Տատիկս այս թղթապանակից հասցրել էր վերծանել երկու նամակ: Մյուս նամակները վերծանելու իմ փորձերը ձախողվեցին, քանի որ դրանք գրեթե անընթեռնելի են, իսկ ձեռագրեր վերծանելը հատուկ գիտելիք, մեթոդաբանություն, համբերություն պահանջող երկարատև աշխատանք է:

Վերծանված երկու նամակներն էլ կապված են գրող Պերճ Պռոշյանի հետ: Առաջին նամակի հեղինակը գրող, թատերագիր, մանկավարժ Հարություն Թումանյանն է (1869-1943): Նամակը Պռոշյանին է ուղարկվել նրա մահից ամիսներ առաջ:

Երկրորդն արդեն Արշակ Չոպանյանի ցավակցական նամակն է՝ հասցեագրված Պռոշյանի դստերը՝ հոր մահվան կապակցությամբ:

harutyun_tumanyan.jpg (107 KB) arshak_chopanhyan (1).jpg (282 KB)

26 հուլիսի, 1906, Թիֆլիս

Սիրելի բարեկամն,
Մեծարգո պարոն Պերճ Պռոշյան,
Լսեցի, որ գնացել եք Շվեյցարիա: Նախանձում եմ Ձեզ, երանի Ձեր աչքերին, թող այդ վեհ լեռները, չքնաղ տեսարանները, պայծառ լույսը փարատեն Ձեր բեկված սրտի վիշտը: Լիահույս եմ, որ այժմ բավականին կազդուրված կլինեք և շուտով կգաք հայրենիք և կշարունակեք Ձեր գործունեությունը մեր փշոտ գրական ասպարեզում: Լսեցի, որ անցյալներին մի քանի օրով եկել եք Թիֆլիս, շատ հարց ու փորձ արի, ոչ ոք չգիտեր Ձեր հասցեն: Դեռ Ձեր մեկնելուց հետո իմացա, որ պ. Արծրունու տանն եք եղել: Շատ ափսոսեցի, որ չկարողացա տեսնել, բայց արդեն ուշ էր: Ի՞նչ եք անում, արդյո՞ք չեք գալիս Թիֆլիս: Եկեք, եկեք, այստեղ էլ ուրախ կանցնի: Եթե այդտեղ են Ձեր զավակները  , ողջունեք իմ կողմից:

                                            Ձեզ կարոտ՝ Հարություն Թումանյան

Ի դեպ, Պռոշյանի կինը՝ Աննա Դոլգյանը, մայրական կողմից Սայաթ-Նովայի ծոռնուհին էր: Ունեցել են վեց զավակ՝ երեք որդի, երեք դուստր՝  Պերճանույշ Պռոշյան (1870-1935),  Աշխեն Պռոշյան (1877-1964), Շուշանիկ Պռոշյան (1881-1943): Երեք դուստրերն էլ մանկավարժներ էին: Որդիներից՝  Պռոշ Պռոշյանը  (1883 - 1918), քաղաքական գործիչ էր,  Էաչի Պռոշյանը  (1886-1958)՝ գեղանկարիչ, Պապաք Պռոշյանը (1890-1957)՝  իրավաբան: Ի դեպ, Պերճանույշ Պռոշյանը երկար տարիներ ղեկավարել է Ադրբեջանի Լուսավորության նախարարության նախադպրոցական բաժինը:  

17 դեկտեմբերի,  1907, Փարիզ

Հարգելի տիկին Տիգրանյան ,
Ստացա Ձեր հեռագիրը, որ կը գուժեր Ձեր հոր հոգեվարքի մեջ գտնվելը, և Տիրայր վարդապետին միջոցով իմացուցի այդ տխուր լուրը օրիորդ Աշխենեն, մինչ որ յետոյ Թիֆլիսեն հեռագիր մը ինձ իմացուց, որ մեր ալեզարդ ու պատուական Պռոշյանցը վախճաներ էր : Հաղորդեցի իսկույն մեր գաղութի հոգևոր հովիվին, ինչպես և բարեկամներու: Կիրակի առաւօտ հոգեհանիստ կատարուեցաւ մեր եկեղեցույն մեջ:
Մեծ է Ձեր կրած կորուստը, տիկին. հանգուցյալը տաղանդավոր գրագետ և միանգամայն ազնիւ մարդ էր, կարող ե միայն մասամբ մխիթարուիլ ՝ մտածելով, որ ամբողջ հայ ազգը Ձեզ հետ ողբակից է ու սգակից:
Ընդունեցեք, տիկին, սրտագին ցաւակցութիւններս և հարգանքիս հաւաստիքը:
                                                                Ա. Չոպանյան

Պերճ Պռոշյանը մահացավ Բաքվումում: Նրա  մարմինը տեղափոխում են Թիֆլիս և դեկտեմբերի 2-ին ամփոփում  Խոջիվանքի գերեզմանատանը: Պռոշյանի թաղմանը մասնակցած Հովհաննես Թումանյանին չափազանց դառնացրել էր գրողին վերջին հրաժեշտի արարողակարգը:  Այդ մասին է նրա «Վիրավորական հարգանք» հոդվածը, որը հրապարակվեց Թիֆլիսում լույս տեսնող  «Վտակ» թերթի  1907 թ.-ի  դեկտեմբերի 9-ի համարում:   

ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ

Ասպետական զգացմունքը պակասում է մեր մեջ: Մեր մարդը սիրում է խեղճությունն ու լացը և զարդարվում է նրանցով: Եթե ուզում է մեկին էլ հարգանք ցույց տա, նրան էլ ճգնում է ցույց տալ խեղճ ու ողորմելի: Այս տգեղ հատկությունը մեծ չափով հանդես եկավ հանգ<ուցյալ> Պռոշյանցի թաղման օրը:

Բաց գերեզմանի եզերքին աշխատում էին վեր հանել վիպասանի փառքն ու տաղանդը և... մինը գոռում էր, թե նա ածուխ էր վաճառում, մյուսը աղաղակում էր, թե նա դռնե դուռն էր ընկած, երրորդը նրա ընտանիքը նմանեցնում էր «ցիգանի ընտանիքի», չորրորդը հավատացնում էր, թե նա մերկ էր, հինգերորդը ողբում էր, թե սոված էր, իհարկե, վեցերորդին էլ մնում էր եզրակացնել, որ այդ բոլորից նա մեռավ...

Ապա լալկանության ու հառաչանքի ողորմուկ ձայնը, սովամահի ու մերկության ողբը տարածեցին ամբողջ գրականության վրա. էլ ապրողների «թշվառ վիճակը», էլ մեռածների «դողդողացող ուրվականները»... այնտեղից էլ մամուլի մեջ. «երկու կոպեկը» ձեռքին Րաֆֆին, անկոպեկ Արծրունին...

Ընչի նման է այս. այս խեղճ ու անճարակ աղմուկը, որ ամեն անգամ բարձրանում է այս կամ այն գրական մարդու դագաղի վրա- այսքան սուտ և այսքան տգեղ ու վիրավորական միայնգամայն:

Ես ճանաչում եմ գրեթե բոլոր հայ գրողներին: Նրանք ընդհանրապես, ոչ թե մերկ ու սոված չեն լինում, այլ մինչև անգամ վատ չեն ապրում: Այո՛, նեղություններ են քաշում:

Բայց ո՞վ չի նեղություն քաշում իր մասնավոր կյանքում: Զարմանալի կամ զարհուրելի ի՞նչ կա այստեղ:

Ահա և Պռոշյանցը: Մեռավ: Ո՞վ է ասում, թե նա քաղցած էր կամ մերկ: Ով որ էլ լինի- սուտ է ասում: Իսկ թե եղել է այս կամ այն պաշտոնին - ինչ կա արտասվելի: Եղել է թեմական տեսուչ, ուսուցիչ, լուսանկարիչ, վերջապես ամենասոսկալին, մի քանի օրով, ի միջի այլոց, ածուխի առուտուր է սկսել և տեսել է օգուտ չի անում, թողել է: Այդ հո չի նշանակիլ, թե նա սոված էր կամ տկլոր: Ուրեմն դուք ինչ կարծիք ունեք էն մարդկանց վրա, որոնք մի որևէ պաշտոն ունեն կամ մի առուտուր են անում: Ամենավատ դեպքում Պռոշյանցն էլ կամեցել է առուտուր անի: Ի՞նչ անենք: Նույնիսկ էն ժամանակ էլ, երբ և՛ Ներսիսյան դպրոցում ուսուցիչ էր, և՛ թոշակ ուներ, և՛ հոբելյանից ստացած հազարներն էին ձեռքին, նա մի երկու առուտուր փորձեց ու վնասվեց, թողեց: Այդ մի՞թե կնշանակի, թե նա թշվառ էր, մերկ ու քաղցած: Ո՛չ, միայն մի ձեռնարկություն սխալ ու ձախորդ:

Ոչ, սոված ու մերկ չեն հայ գրողները: Եթե այդպես եք կարծում, կարող եք հանգիստ լինել: Դժբախտությունն այդ չի, այլ այն, որ գրականությունը ապրուստ չի տալիս գրողին, ինչպես մի երկուսն էլ, ի միջի այլոց, նկատեցին իրենց ճառերում, և գրողը իր եռանդն ու ժամանակը կորցնում է ապրուստի վրա, ճիշտ այնպես, ինչպես առհասարակ մարդիկ, ու չի կարողանում պարապել գրականությամբ, եթե պարապում էլ է- ի միջի այլոց:

Այս արդեն ուրիշ խնդիր է: Եվ, այո՛, մեծ դժբախտություն է մի գրականության համար: Եթե սրանից եք խոսում -խոսեցեք: Գրողի ու նրա ընտանիքի համար էլ այստեղ վիրավորական բան չկա: Ընդհակառակը, մենք գնահատում ենք գրողի տաղանդն ու չենք ուզում, որ այդ տաղանդը նա տանի ծախսի ու մաշի ապրուստի վրա, այլ կարողանա տալ մեզ այն, ինչ որ բարձր է ու գեղեցիկ և ինչ որ մենք չունենք: Մենք ուզում ենք քեզանից ստեղծել մի լավ գրող մեզ համար, մեր Ժողովրդի համար: Թեկուզ այնպես, ինչպես այսընչին ղրկում ենք համալսարան, որ գա մեր մեջ մեզ համար լավ թժիշկ լինի, լավ ինժեներ, լավ ուսուցիչ

Սրանից եք խոսում-խոսեցեք: Չեք արել ցավում եք- ցավեցեք: Չե՞ք ցավում -այդ էլ ձեր բանն է:

Բայց վեր կենալ մարդու դագաղի վրա -  էլ սոված, էլ տկլոր, էլ ցիգան...

 Ամո՛թ է վերջապես:
 Չեք կարողանամ գրականություն ու գրող պահել այդ, հերիք չէ, այժմ էլ պետք է խնդրել, որ ճառեր չասեք նրանց վրա, երբ որ մեռնում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter