HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը մերժել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Պետրոսյանի, մերժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանի միջնորդությունը, որով վերջինս խնդրում էր վերացնել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցի շրջանակներում հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վիճարկելով իրեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը:

Հայցվորը նաև խնդրել է հայցի ապահովման միջոց կիրառել և ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա, հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը, և դատարանն այս մասով միջնորդությունը բավարարել է:

Փաշինյանի ներկայացուցիչը հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը հիմնավորելիս դատարանում, ի թիվս այլ հանգամանքների, նշել է, որ սահմանադիրը չի նախատեսել իրավունքի ուժով ընդունված ակտերի բեկանման հնարավորությունը, որ թեև հետագայում կայացվելիք դատական ակտով չի բացառվում աշխատանքային իրավունքների վերականգնում, սակայն դա չի ենթադրում պաշտոնում վերականգնում, հետևաբար հայցի ապահովման միջոցը վերացնելը չի հանգեցնելու հետագայում կայացվելիք դատական ակտի կատարման անհնարինություն կամ դժվարություն:

Օնիկ Գասպարյանի պաշտպան Արամ Օրբելյանը Տաթևիկ Սարուխանյանի միջնորդությունը լսելով՝ եզրահանգել է, որ, փաստացի պատասխանողը հայտարարում է, որ դատարանի կողմից կայացվելիք դատական ակտը չի կատարվելու։ Օրբելյանը նաև նշել է, որ հայցի ապահովման վերացման միջնորդության հիմքում որևէ նոր հանգամանք, նոր փաստ կամ տեղեկություն չի դրվել, որը հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումը կայացնելիս դատարանին հայտնի չի եղել, ինչպես նաև դիտարկել, որ, փաստացի, պատասխանող կողմը առաջին ատյանի դատարան ներկայացված  միջնորդությամբ վիճարկում է նույն դատարանի կողմից կայացված որոշում:

Ապրիլի 2-ին կողմերի դիրքորոշումները լսելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարել էր ավարտված և նշել, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կողմերին կտրամադրվի գրավոր:

Դատարանը ևս, ըստ էության նույն հիմնավորումներն է դրել հայցի ապահովման միջոցը վերացնելու միջնորդությունը մերժելու հիմքում՝ փաստելով, որ պատասխանողը չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ այն մասին, որ հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված` վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը։ Դատարանը նաև արձանագրել է, որ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։

Լուսանկարում՝ Օնիկ Գասպարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter