HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանում 17 մլն 636 հազ. քմ ականապատ տարածք կա. քննարկում ականազերծման աշխատանքների վերաբերյալ

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչը մարտի 29-ին ականի պայթյունից վնասվածքներ էր ստացել: Նա դեմքի շրջանի և զույգ դաստակների հրազենային, բեկորային վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։

Այսօր՝ ապրիլի 5-ին, ականազերծման աշխատանքների քննարկման ժամանակ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը հայտնեց, որ դեպքը տեղի է ունեցել սահմանին, երբ կովը գնացել է առաջ՝ դեպի ականը, հովիվը նկատել է ականը, զինվորականները փորձել են կանգ առնելու հրահանգ տալ, բայց հովիվը առաջ է գնացել՝ կովին փրկելու նպատակով:

«2019 թվականին Դավիթ Բեկում կատարվել էին ականազերծման աշխատանքներ, տարածքն ամբողջությամբ մաքրված էր, և արդեն հանձվել էր շահագործման, բայց վերջին պատերազմական գործողություններից հետո, այն այս պահին աղտոտված է»,- նշեց Կարինե Հախնազարյանը:

Հիշեցնենք, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 2-ին, ադրբեջանական կողմը հրետակոծել էր Դավիթ Բեկ բնակավայրը։

Ըստ Հախնազարյանի՝ դեկտեմբերից սկսված 3000 քմ տարածքով ոչ տեխնիկական հետազոտություններ են իրականացվել: Կլինեն լայնամասշտաբ հետազոտական, նշագրման աշխատանքներ, որից հետո՝ ականազերծում: Այս պահին վերջնական քարտեզներ չկան: Փետրվարի վերջին Դավիթ Բեկում հայտնաբերվել է կասետային ենթազինամթերք, որը ոչնչացվել է:

«Հայաստանում ունենք 17 մլն 636 հազ. քմ ականապատ տարածք չորս մարզերում: Սա բավականին երկար գործընթաց է»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամը, համագործակցելով «Հայկական Կարմիր խաչ»-ի հետ, իրականացնում է պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականներրի վտանգի իրազեկման ծրագիր, որի շրջանակում գրեթե ամեն օր Տավուշում, Վայոց ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում իրազեկման դասընթացներ են իրականացվում:

«Հայկական Կարմիր խաչի» ընկերության լրատվական բաժնի վարիչ Նունե Գրիգորյանն էլ ասաց, որ նշված ծրագիրն իրականացվում է դեռևս 2020 թվականի հունիսից և տևելու է մինչև 2022 թվականի մայիսը:

«Ականազերծումը երկարաժամկետ և թանկ աշխատանք է, դրա հետևանքներրը լիովին վերացնել առաջին պատերազմից հետո էլ դեռևս չի հաջողվել»:

Կարինե Հախնազարյանն էլ հավելեց, որ մեկ օրում մեկ ականազերծողը լավ եղանակային պայմանների ընթացքում կարող է 15-20 քմ ականազերծել:

«Ծրագրի թիրախային խմբերից են դպրոցականները, ուսուցիչները, համայնքների անդամները: Երեխաներին իրազեկում են տարբեր խաղերի, գունավոր պաստառների միջոցով: Երեխան ինչ-որ բան սովորելիս գնում, տունն էլ է պատմում, մենք համարում են, որ այդ գիտելիքով իր ընտանիք էլ ենք մտել»,- հայտնեց Նունե Գրիգորյանը:

Ծրագրի հաջորդ փուլում լինելու են համայնքների բնակիչները, գյուղատնտեսական աշխատանքներ կատարողները: Իրազեկման աշխատանքներ իրականացվում են նաև Երևանի դպրոցներում:

Կարինե Հախնազարյանը նաև տեղեկացրեց, որ Ճապոնիայի դեսպանատան հետ կնքված պայմանագրով 40 000 շահառու կիրազեկվի ականային վտանգի մասին, ձեռք կբերվի շտապօգնության մեքենա, որը հնարավորություն կտա առաջին օգնության դասընթացներ կազմակերպել նաև սահմանային գոտում ապրող մարդկանց շրջանում:

Քննարկմանը պետք է մասնակցեր նաև Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը, սակայն վերջինս գործնական հանդիպումների պատճառով չի կարողացել միանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter