HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի կենտրոնի բնակելի շենքը նորացվում է փայտե պատշգամբներով եւ արհեստական ծաղիկներով

Էջմիածնի հրապարակի հարևանությամբ, Մայր Աթոռի դիմաց գտնվող բնակելի շենքը քաղաքային իշխանությունները որոշել են հարդարել: Տեղադրվում են փայտե պատշգամբներ, ծաղկամաններ՝ արհեստական ծաղիկներով: Քաղաքապետարանի այս նախաձեռնությունը բուռն քննարկման առարկա է դարձել սոցիալական ցանցերում: Ոչ բոլորին է գոհացնում շենքի՝ նման արտաքին տեսքը:

Էջմիածնի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ նման լուծում գտնվել է քաղաքապետարանի և ավագանու համագործակցության արդյունքում: Փայտե դեկորներն ընտրվել են այն պատճառով, որ դրան հարող Մաշտոցի փողոցի շենքերի պատշգամբները ևս փայտյա են:

Մարիամ Պողոսյանը հավաստիացնում է, որ փայտե դեկորները մշակված են հատուկ նյութերով, որպեսզի ապահովեն «երկարակեցությունը»: Եթե այս շենքի արտաքին տեսքի փոփոխության հարցում հաջողությամբ ավարտեն, նախատեսվում է ևս երկու շենք բերել նույն տեսքի:

«Պլաններում կա, սակայն դեռ հաստատված չէ»,-հավելեց Մ. Պողոսյանը:

Քաղաքապետարանը չգիտի, թե ընդհանուր որքան գումար արժե շենքի արտաքին հարդարումը: Մ. Պողոսյանը նշեց, որ համայնքային բյուջեից միայն ծաղկե կոմպոզիցիաների համար է ֆինանսավորում հատկացվել՝ 660,000 դրամ, գումարային մնացած հարցերը կարգավորում են նախաձեռնությամբ հանդես եկած ավագանու անդամները՝ սեփական միջոցներով:

Թե ինչու է ընտրությունը կանգ առել արհեստական ծաղիկների վրա, Մարիամ Պողոսյանն ասաց, որ բնակարաններ կան, որտեղ մարդ չի ապրում, հետևաբար դժվար կլիներ այդ հատվածների ծաղիկները մշակելը, խնամելը, այդ իսկ պատճառով որոշել են արհեստական ծաղիկներ տեղադրել:

Նախաձեռնության հեղինակ, ավագանու անդամ Ներսես Մելիքյանը, ով արվեստագետ է և քաղաքապետարանի գեղարվեստական խորհրդի անդամ, ևս հաստատեց, որ խնամքի հետ կապված դժվարություն էր առաջանալու: Անշուշտ, լավ կլիներ, եթե բնական ծաղիկներ տեղադրվեին, սակայն քննարկելով բնակիչների հետ՝ որոշել են, որ ծաղիկները լինեն արհեստական:

«Հաստատ չէին ջրելու, չէին խնամելու, ու ծաղիկները փչանալու էին, մեր փորձից ենք ասում»,-ասում է Ն. Մելիքյանը:

Էջմիածին քաղաքի շենքերի արտաքին հարդարման ծրագիրը քննարկվել է դեռևս նախկին քաղաքապետի պաշտոնավարման ժամանակ, սակայն չի իրագործվել:

«Փորձեցի ինքս, մեր ավագանու անդամների օգնությամբ նմանատիպ մի բան անել: Եթե ամեն ինչ հաջողվի, կենտրոնական փողոցի անմխիթար վիճակը կկարողանանք կարգի բերել, փոփոխություններ մտցնել»,-նշում է ավագանի Ն. Մելիքյանը:

Այս պահին հստակ չէ, թե որքան գումար է ծախսվել շենքի արտաքին տեսքի հարդարման համար, սակայն Մելիքյանը հավաստիացրեց, որ 2 մլն դրամը չի գերազանցելու: Ֆինանսական հարցերը լուծում են ավագանու 7 անդամներով:

Ն. Մելիքյանն ասում է, որ չի հետևում սոցիալական ցանցերում իրենց նախաձեռնությանը վերաբերող քննարկումներին, քանի որ, քաղաքական իրավիճակով պայմանավորված, ամեն ինչ վերածվում է շոուի:

«Գիտեմ, որ բացասական բաներ էլ են խոսում: Թող խոսեն նաև այդ շենքի կողքին գտնվող նախկին «Կռունկ» սրճարանի մասին, որ 30 տարի է ավերակ վիճակում է և ոչինչ չի արվում: Հիմա նպատակ ունեմ այդ սրճարանի արտաքին տեսքը դեկորատիվ եղանակով փակել, որովհետև տուրիստ է գալիս, կեղտոտ է, փնթի է, քաղաքային զուգարան են դարձրել: Տուրիստական քաղաք է, ի վերջո, ամոթ է: Որպես արվեստագետ ես ինձ վատ եմ զգում»,-ասաց Ն. Մելիքյանը:

Մեկնաբանություններ (1)

Վահրամ Մխիթարյան
Գոնե քաղաքի անունը ճիշտ գրեք՝ Վաղարշապատ։ :\

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter