
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն Արցախում առկա իրավիճակը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 7-ին Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված քայլերն ու եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները։ Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ապրիլի 7-ին Մոսկվայում կկայանան ՌԴ նախագահի բանակցությունները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։ Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տնտեսական և հաղորդակցային կապերի վերականգնման համատեքստում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցության զարգացման հարցերը, ինչպես նաև՝ եվրասիական տարածաշրջանի ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հեռանկարները։
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվել են։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնել է Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։
Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:
Զորախմբի հիմնական մասը կազմում են ՌԴ զինված ուժերի Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի զինծառայողները։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության
Մեկնաբանել