HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Աշխարհը փոքրացել է, բայց ապագան ձերն է, դուք եք հաղթել». Սյունիքում բացվեց «Արմաթ» լաբորատորիա

Ապրիլի 3-ին TCF ընկերության կազմակերպած Formula Goris կոնֆերանսի շրջանակներում Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որտեղ 10-18 տարեկան երեխաներն անվճար կսովորեն ռոբոտաշինիություն, ծրագրավորում և եռաչափ մոդելավորման հմտություններ։ Արդեն ձեռք են բերվել համակարգիչներ ու անհրաժեշտ սարքավորումներ, վերապատրաստվել են երեխաների հետ աշխատող մասնագետները։

 «Արմաթ» ինժեներական լաբորատորիան Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ծրագիրն է, որի նպատակն է Հայաստանում զարգացնել տեխնոլոգիական կրթությունը, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ու հետագա ընտրությանը։

Հայաստանում և Արցախում այսօր կա մոտ 570 նման լաբորատորիա (համապատասխանաբար՝ մոտ 550 / 20 բաշխվածությամբ)։

Քարահունջի միջնակարգ դպրոցի տնօրեն Արմեն Մկրտչյանը պատմում է, որ սկզբում իրենց դպրոցի անունը չկար այն դպրոցների ցանկում, որտեղ նախատեսվում էր «Արմաթ» լաբորատորիա կառուցել, սակայն իրեն զանգահարել է լաբորատորիաների ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ու ասել, որ երկու ընկերությունների՝ «Instigate Mobile»-ի ու «VMware Armenia»-ի ֆինանսական աջակցության շնորհիվ «Արմաթ» լաբորատորիա կբացվի նաև Քարահունջ գյուղում։

«Մենք գիտենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում, և մեր երիտասարդները պետք է անպայման տիրապետեն, որովհետև Նժդեհն ասում էր. «Եթե ուզում ես տեսնել ազգի ապագան, նայիր երիտասարդությանը». այն կարող է ևօրհնաբեր լինել, ևվնասակար, նայած՝ ինչպես եք առաջնորդում նրանց,-ասաց Արմեն Մկրտչյանը։- Ինձ թվում է, այսպես առաջնորդելով՝ մենք կունենանք իրոք զարգացած երիտասարդներ»։

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Կասարջյանն ընդգծեց՝ շատ կարևոր է, որ հերթական լաբորատորիան բացվել է հենց Գորիսում, որովհետև Հայաստանի համայնքներում ևս պետք է զարգանան առաջատար տեխնոլոգիաները։

«Մենք հասկացանք, որ Երևանում ենք կենտրոնացել, բայց մեզ համար սարսափելի կարևոր է, որ Հայաստանի յուրաքանչյուր համայնքում և Արցախում այսպիսի հնարավորություններ լինեն երեխաների համար, իրենք ևս այդ գիտելիքներն ու փորձը ձեռք բերեն, որ կարողանան հաջորդ սերունդներին կրթել թեմեր երկիրը, հողը պաշտպանելու, թեմեր տնտեսությունը զարգացնելու և թե' մեր առողջապահությունն ու այլ ոլորտները զարգացնելու համար։ Ամեն ոլորտ սկսվում է գիտելիքից, սկսվում է դպրոցից»,- ասաց Ր. Կասարջյանը։

Նա պատմեց, որ լաբորատորիաներում եղել են դեպքեր, երբ նախագծել են մի սարք, որով կորոնավիրուսով հիվանդ երկու հոգի միաժամանակ կարող են թթվածնի օդափոխման սարքից օգտվել։

«Շատ հասարակ, բայց շատ օգտակար բան էր, որը կյանքեր է փրկել»,-նշեց Ր. Կասարջյանը։

Նա հույսի ունի, որ ոչ միայն տղաները, այլև աղջիկները կհաճախեն այս խմբակ։ «Ես պլանավորում եմ մյուս տարի գամ, տեսնեմ՝ ինչ նվաճումներ եք ունեցել, և ով ինչ ուղղությամբ է շարունակելու»,- դիմելով դպրոցի աշակերտներին՝ ասաց ԱՏՁՄ տնօրենը եւ նշեց, որ, օրինակ, ծրագրավորումը մեծ հնարավորություններ է ստեղծում, քանի որ ձեռք բերված գիտելիքներով կարելի է աշխատել տնից ոչ միայն երևանյան, այլև՝ միջազգային կազմակերպությունների հետ, հատկապես՝ կորոնավիրուսի համավարակի պայմաններում։

«Աշխարհը փոքրացել է, բայց ապագան ձերն է, դուք եք հաղթել, մենք այս ենք տրամադրում ձեզ, խմբավարը ձեզ կօգնի, մնացածը դուք արդեն պետք է երազեք և իրականացնեք»,- ասաց Կասարջյանը։

Լավ առաջադիմություն ցուցաբերողները հնարավորություն կունենան հաճախել Գորիսում և Կապանում առաջիկայում բացվելիք անօդաչու թռչող սարքերի լաբորատորիա՝ սովորելու ԱԹՍ-ների գծագրում, արտադրություն, կառավարում օդում, դրանց տեխնիկական սպասարկումը և այլն։ Այս ծրագիրը նախատեսված է արդեն 15-18 տարեկան երեխաների համար։

Ր. Կասարջյանը «Հետք»-ին հայտնեց, որ նպատակ ունեն մոտ 50 նման լաբորատորիա ստեղծել, հիմնականում՝ մեծ քաղաքներում. այդ ծրագիրը կսկսվի ապրիլին կամ ամենաուշը՝ մայիսին, և այդ լաբորատորիաները հասանելի կլինեն ոչ միայն քաղաքի, այլև ողջ համայնքի բնակիչների համար։

Իսկ մինչև 2023թ. վերջը նախատեսում են Հայաստանի ամեն համայնքում, որտեղ կա գործող դպրոց և նվազագույնը 30 երեխա, «Արմաթ» լաբորատորիա բացել։ Մոտ ապագայում 4-ը կբացվեն Արցախում, ևս 6 հատի պայմանավորվածություն էլ արդեն կա։

ԱՏՁՄ մշակած զարգացման երկրորդ ծրագրով շրջկենտրոններում տեխնոպարկեր են ստեղծվելու, որոնք կլինեն ավելի «զարգացած աշխատանոցներ»՝ նախատեսված 18-ից բարձր տարիքի մարդկանց համար.

«Նպատակն այն է, որ երիտասարդներն ունենան մասնագիտական ձեռքբերումներ, և Երևանի բուհեր, համալսարաններ գնալու փոխարեն ռոբոտաշինություն և տաբեր տեսակի ծրագրավորման հմտություններ ձեռք բերեն հենց տեղում։ Նաև կլինի ինկուբատոր, որ ով որ ուզում է իր ձեռնարկությունը ստեղծի, իր գիտելիքների հիման վրա կարողանա դա անել, և կլինեն մասնաճյուղեր, որ իրենց գործի կընդունեն»,- նշեց Ր. Կասարջյանը՝ նշելով, որ կարևորվելու է ոչ միայն գիտելիք տալը, այլ նաև՝ աշխատանքի տեղավորելը։

Միջոցառման մասնակիցներից «Earlyone» և «Limetech» ընկերությունների հիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Սաֆարյանն ընդգծեց՝ լիահույս է, որ  գիտելիքը հզոր երկիր կառուցելու հնարավորություն կտա.

«Մենք լինելու ենք շատ հզոր ու չենք առանձնացնելու ոչ Սյունքիը ոչ Արցախը, ոչ Երևանը, ոչ Գյումրին, ոչ մի մարզ։ Այս կորուստերը, որ ունեցել ենք, պետք է վերականգնենք, ու ես հավատում եմ, որ Հայաստանն ավելի մեծ ու հզոր է լինելու՝ հիմնվելով գիտության վրա, ու մենք դրա համար կռիվ ենք տալու»։

Լաբորատորիայի բացմանը ներկա էին նաև ԱՏՁՄ գործընկեր մի քանի կազմակերպություններ, Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանն ու Սյունքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Վերջինս իր խոսքում կարևորեց կրթական ու այլ ոլորտներում ղեկավարի դերը, որովհետև, ըստ նրա, Սյունքում կան լավ վերանորոգված դպրոցներ, բայց կառավարիչները լավը չեն։ «Չենք ներելու վատ ղեկավարին»,- եզրափակեց նա։

Իսկ միջոցառման ավարտին միջանցքում հավաքված դպրոցի աշխատակիցները մեզ պատմում էին, որ նախորդ գիշեր կրակոցներ են եղել, ու մատով ցույց տալիս դպրոցի այն պատուհանը, որից երևում են ադրբեջանական վրանները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter