HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի վարչապետն անձամբ պատասխանատու է պատերազմում հայկական կողմի պարտության համար. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի եթերում հարցազրույց է տվել ռուս լրագրող Վլադիմիր Պոզներին։ «Հետքը» ներկայացնում է հարցազրույցում հնչած հիմնական մտքերը։

Նախ պատասխանելով այն հարցին, թե որոնք են այս պահին Հայաստանում առկա ամենալուրջ խնդիրները, Քոչարյանը նշել է հետպատերազմական իրավիճակը, պատերազմում ծանր պարտությունը, հասարակության հոգեբանական ծանր վիճակը, տնտեսության և կառավարման մեջ առկա խնդիրները։ Ըստ Քոչարյանի՝ Հայաստանում չկա այնպիսի ոլորտ, որտեղ լուրջ խնդիրներ չլինեն։ Նա Հայաստանում առկա իրավիճակը նա գնահատել է անբավարար` Պոզների առաջարկած ֆրանսիական գնահատման 20-բալանոց համակարգով գնահատելով 3: «Ես կգնահատեի 3: Ահա այդքան վատ է»,-ասել է Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանի պնդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ պատասխանատու է արցախյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտության համար։ Ըստ նրա՝ վերջին տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացում ստեղծվել էր փակուղի, որն առաջացել էր հայկական կողմի պատճառով։ Նրա խոսքով՝ հայկական կողմն առաջ է քաշել նոր պահանջներ, այդ թվում՝ արցախյան կողմի ներգրավումը բանակցություններին, որոնք բոլորի մոտ (խմբ. բանակցության մյուս կողմի և համանախագահների) ստեղծել են տպավորություն, թե հայկական կողմը հեռանում է առարկայական բանակցություններից։

Ըստ երկրորդ նախագահի՝ եղել է պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն, բայց Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չի վերցրել նման որոշում ընդունելու համար: Արդյունքում Հայաստանը կորցրել է շատ ավելին, քան կկորցներ հոկտեմբերի 19-ի դրությամբ, երբ Պուտինն առաջարկել էր ադրբեջանական բնակչությանը Շուշի վերադարձնելու պայմանով ռազմական գործողությունները դադարեցնել:

Պատասխանելով Պոզների այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի ակտիվ միջամտության բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ կհայտնվեր Ադրբեջանի կազմում, Քոչարյանը նշել է, որ, եթե ՌԴ նախագահն անձամբ չմիջամտեր, նման արդյունքը միանգամայն հնարավոր էր։ Նրա կարծիքով՝ բանակցային գործընթացի շրջանակներում հնարավոր է բանակցել այն տարածքների շուրջ, որոնք ժամանակին մտել են ԼՂԻՄ կազմի մեջ։ «Բոլոր տարածքների մասին ես հաստատապես չէի խոսի։ Ես կարծում եմ, որ դա շատ բարդ գործընթաց է՝ ինչ կարգավիճակով և այլն: Բայց կարծում եմ, որ, այնուամենայնիվ, որոշակի հեռանկար կա»,- նշել է Քոչարյանը: 

Խոսելով իշխանության գալու պարագայում հնարավոր ռևանշի մասին՝ ՀՀ երկրորդ նախագահը նշել է, որ հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած սթափ մտածող մարդու մտքով չի կարող անցնել ռևանշի գաղափարը: «Բայց շատ անարդար աշխարհը չի կարող երկար և հավերժ լինել: Այդ պատճառով իրավիճակը պետք է դիտարկել այն տեսակետից, թե որքանով ենք մենք ուզում վերջ դնել հակամարտությանը և գտնել այնպիսի լուծում, որը կլինի արդար»,- նշել է նա:

«Արդյոք Ռուսաստանը դավաճանել է Հայաստանին»,-հարցրել է Պոզները։ Քոչարյանը նշել է, որ կան ուժեր, որոնք փորձում են հակառուսական հիստերիա առաջացնել Հայաստանում։ «Այս թեման բարձրաձայնվում էր տևական ժամանակ, նույնիսկ դեռ պատերազմից առաջ: Հիմնականում դրանք այն ուժերն են, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և այդ նույն ուժերը նորից անում են հնարավոր առավելագույնը հակառուսական տրամադրություններ ստեղծելու համար: Բայց պատերազմը Ռուսաստանը չի հրահրել: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար», - նշել է Քոչարյանը: 

Մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ Քոչարյանը հայտարարել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունը, մարտի 29-ին Սահմանադրական դատարանի կողմից Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (խմբ. սահմանադրական կարգի տապալում) հակասահմանադրական ճանաչելուց հետո, փորձում է վերաորակել իրեն ներկայացված մեղադրանքը։ «Բայց չեմ կարծում, որ դա նրանց կհաջողվի»,- հայտարարել է Քոչարյանը։ 

Առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին Քոչարյանը մասնակցելու է կուսակցությունների դաշինքով։ «Ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի 2 կուսակցություն»,- նշել է նա՝ առանց հստակեցնելու, թե որ կուսակցությունները։ 

Քոչարյանը խոսել է նաև Հայաստանի համար առկա սպառնալիքների մասին՝ նշելով, որ գլխավոր սպառնալիքը Թուրքիան է։ «Իհարկե, Թուրքիան: Սպառնալիքը մեզ համար պատմական է, այն ընկալվում է ինչպես և՛ հայերի կողմից, այնպես էլ թուրքերն են մեզ ընկալում որպես սպառնալիք: Դրանով է բացատրվում փակ սահմանը, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը: Սպառնալիքն այն է, որ Թուրքիան սահմանի բացման պարագայում կանի ամեն ինչ, որպեսզի Հայաստանը վերածի Աջարիայի նման վայրի՝ իր բիզնեսի տեսանկյունից, իր տնտեսության տեսանկյունից: Ես այստեղ որոշակի վտանգ եմ տեսնում»,- նշել է երկրորդ նախագահը։

Լուսանկարը՝ Познер հաղորդաշարից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter