HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Պատգամավորներն առաջարկում են ընդլայնել Արցախյան պատերազմի մասնակիցների սոցիալական երաշխիքները

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Լիլիթ Մակունցը և Հրաչյա Հակոբյանն առաջարկում են փոփոխություններ մտցնել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և Հարկային օրենսգրքում՝ ցանկանալով ընդլայնել արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքները:

Ըստ նախագծի՝ զինծառայողները, ինչպես նաև հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած կամ զոհված անձանց ընտանիքի անդամները, Հայաստանի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Պետական կառավարման համակարգի մարմինների ենթակայությամբ հանգստյան տներ գործելու դեպքում օրենքի շահառու անձինք օգտվում են այդ հանգստյան տներում հանգիստն անցկացնելու իրավունքից:

Մյուս սոցիալական երաշխիքի համաձայն՝

  • Նշված անձինք դպրոցական դասագրքերն ստանում են անվճար:
  • Երեխաները անվճար հաճախում են համայնքային նախակրթարաններ (մանկապարտեզներ), Երևան քաղաքում ընդունելության հերթացանկում օգտվում են առաջնահերթությունից:
  • Անվճար հաճախում են համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատություններ (երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ և այլն):
  • Անվճար այցելում են պետական կամ համայնքային թանգարաններ, թատրոններ և մշակութային այլ հաստատություններ :

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած անձանց սեփականության իրավունքով պատկանող, հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքն ազատվում է հարկից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած վարորդական վկայական ունեցող անձանց սեփականության իրավունքով պատկանող, հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցն ազատվում է գույքահարկից:

Նախագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախյան վերջին պատերազմից հետո խնդիր է առաջացել հստակեցնել օրենսդրական կարգավորումները և ընդլայնել պատերազմի մասնակիցների սոցիալական երաշխիքները:

Գաբրիելյանի խոսքով՝ այս օրենքի շահառու են համարվելու ոչ միայն զինծառայողները, ալև կամավորներն ու պահեստազորայինները, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր մասնակցել են մարտական գործողություններին: Ընդ որում, տարաթվային որևէ սահմանափակում չկա. օրենքի շահառու կարող են դառնալ թե՛ Արցախյան առաջին, թե՛ երկրորդ, թե՛ ապրիլյան պատերազմի մասնակիցները: Նախագծի հեղինակներն այս հարցը քննարկել են անհետ կորած, զոհված զինծառայողների ծնողների, ինչպես նաև հաշմանդամության խնդիր ստացած անձանց հետ:

Պատգամավորի ներկայացմամբ՝ արտոնությունների ընդլայնումը ցանկանում են երկու փուլով իրականացնել: Պատգամավորները դեռևս ֆինանսական հաշվարկնե չեն իրականացրել և չգիտեն, թե որքան ծախս է ենթադրում պետական բյուջեի համար այս արտոնությունները, սակայն Սիսակ Գաբրիելյանը պնդում է՝ անկախ գումարի չափից նման արտոնություններ պետք է տրամադրվեն պատերազմի մասնակցիներին և նրանց ընտանիքներին:

Մեր դիտարկմանը, որ նախագիծը շրջանառության մեջ է  դրվել այն ժամանակ, երբ արդեն արտահերթ ընտրությունների օրը հայտնի էր, արդյոք այս առաջարկը նախընտրական քարոզարշավի շրջանակներում են դիտարկում, պատգամավորը հայտնեց, որ նախագիծը սկսել են քննարկել դեռ դեկտբերից, երբ պարզ չէր՝ արտահերթ ընտրություն լինելու է, թե ոչ:

Նախագծերի փաթեթը շրջանառության մեջ է դրվել մարտի 30-ին, լիագումար նիստերի օրակարգ ներառվելու համար այն պետք  է նախ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter