
Սեպտեմբերից հեռավար դասեր կանցկացվեն սահմանամերձ այն գյուղերում, որտեղ կա ուսուցիչների պակաս
Այսօր Ազգային ժողովի` «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի» մշտական հանձնաժողովը հրավիրել էր քննարկում «COVID-19-ի հեռավար կրթության հոգեբանական ազդեցությունը կրտսեր դպրոցականների, նրանց ծնողների և ուսուցիչների վրա» թեմայով։
Քննարկման մեկնարկին հանձաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը նշեց, որ ուսուցիչները, ծնողները մի շարք հարցեր են հնչեցրել կապված հեռավար կրթության հոգեբանական ազդեցության մասով։
Ըստ պատգամավորի՝ քանի որ հեռավար ուսուցման ընթացքում հարցի քննարկումը արդյունավետ չէր լինի, ուստի քննարկումը սկսել են այն ժամանակ, երբ դասերը շարունակվում են բնականոն հունով. «Սակայն հեռավար կրթության թողած ազդեցությունը շարունակվում է ակտուալ մնալ, քանի որ կա համաճարակային իրավիճակ, որն ամեն պահի կարող է պետությանը ստիպել անցնել հեռավար կրթության։ Այն դառնալու է նաեւ կրթության համակարգի անբաժանելի մասնիկը. ապագայի հարց է», - քննարկման ժամանակ նշեց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահի տեղակալի ելույթից հետո «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրեց «Քաղաքացիական հասարակության աջակցությունը պետությանը հեռավար կրթության գործընթացներում» իրականացված ծրագիրը, որի ընթացքում համագործակցել են ԿԳՄՍՆ-ի հետ, կատարվել է հետազոտություն՝ հեռավար կրթության ազդեցությունը 2020թ.-ի մարտ-մայիս ամիսների ընթացքում, որտեղ բաձրաձայնվել են այն ազդեցություններն ու հետեւանքները, որոնք թողել է հեռավար կրթությունը ուսուցիչների ու ծնողների վրա։
Ծրագրի թիրախային խումբը եղել են տարրական դասարանների աշակերտները, ուսուցիչները, ծնողները, դպրոցի տնօրենները։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թիրախային խմբի անդամները, հեռավար կրթության մասին խոսելով, նշել են, որ այն բացասական ազդեցություն է թողել առողջության և կյանքի որակի վրա։
Ուսուցիչներն ավելի շատ ժամանակ են ծախսել աշակերտների հետ հաղորդակցության վրա, այս եզրահանգմանն է եկել ուսուցիչների 66%-ը, իսկ 28%-ը նշել է, որ աշակերտներն ավելի պասիվ են դարձել, ավելացել է բացակայությունների թիվը։ Ուսուցիչներն ունեցել են թվային տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներ, 32 %-ը չի ունեցել համապատասխան բջջային սարքավորում, 15%-ը բացակայություն են ունեցել, 23%-ը նշել է թվային սարքավորումների բացակայության մասին։
Ըստ ծրագրի արդյունքների՝ ուսուցիչները նշել են, որ լարվածության պատճառ է դարձել թվային տեխնոլոգիաներին չտիրապետելը, դասերը հեռավար եղանակով անցկացնելու փորձի պակասը, երեխաների ներգրավվածությունն ապահովելը։ Մեծ խմբի հետ աշխատելու դժվարություն է եղել, երբ ուսուցիչները մի դասարանը բաժանել են երեք-չորս խմբի ու նույն դասը ներկայացրել երեք-չորս անգամ, ինչպես նաեւ՝ ծնողների ոչ տեղին ներգրավվածությունը դասերին։ Ուսուցիչների ⅓- ը նշել են, որ մեթոդաբանության պակաս են նկատել՝ չիմանալով՝ ինչպես դասը ներկայացնել առցանց, աշակերտների գնահատելը եւս դժվարացել է։
Ուսուցիչների 27 %-ը նշել է, որ մասնակցել է մեթոդական սեմինարների, որից միայն 2%-ն է եղել գյուղական համայնքներից։ Իսկ այն հարցին՝ հոգեբանական աջակցության կարիք ունեցել են, թե ոչ, ուսուցիչների կեսը տվել է բացասական պատասխան, 16%-ը պատասխանել է, որ ստացել է հոգեբանական աջակցություն։
Ծրագրի ամփոփոման մեջ նշված է, որ բոլոր ծնողները դժվարություն են ունեցել երեխային դասապատրաստելիս, ամենից շատ տուժել են կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաները, որովհետեւ ծնողները չեն կարողացել բավարարել նրանց կրթական պահանջները։
ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Հայկ Դավեյանը քննարկմանը ներկայացրեց նախարարության կողմից իրականացված աշխատանքները։
Հեռավար աշխատանքների մասին խոսելով՝ նա նշեց, որ 2020-ի մարտին չի եղել նախարարության հեռավար կրթության բաժին, եւ սկսել են տեսադասերի ձայնագրումից, որից ուսուցիչները պետք է օգտվեին, մինչեւ ամառ 347 տեսադաս են նկարել մի քանի առարկայից, իսկ հետագայում նկարահանվել են տեսադասեր ուսուցիչների համար։
Սեպտեմբերից սկսվել են կենտրոնացված հեռավար կրթություն, իսկ այս պահին փորձում են ստեղծել էլեկտրոնային ուսուցում, որտեղ կազմակերպվում են վեբինարներ, տեղադրվում են տեսադասեր։ Դավեյանի խոսքով՝ նախարարության կողմից մրցույթ է անցկացվելու, որտեղ քսան դպրոց կկարողանա զարգացնել հմտություններն առցանց տիրույթում, եւ արդեն իսկ պատրաստված երեսուն ուսուցիչների հետ կկարողանան աշխատել։ Նպատակն այն է, որ սեպտեմբերից այս դպրոցների ուսուցիչները կարողանան ծառայություններ մատուցել սահմանամերձ այն դպրոցների աշակերտներին, որտեղ ուսուցիչ չկա։ Թիրախավորվել է այդպիսի 101 դպրոց, որտեղ չկա 695 ուսուցիչ։
Ըստ Հայկ Դավեյանի՝ սեպտեմբերից կգործեն արդեն հեռավար դասապրոցես իրականացնող դպրոցները։
Մեկնաբանել