
Վլադիմիր Զելենսկի. ՆԱՏՕ-ին անդամակցությունը Դոնբասում պատերազմի ավարտի միակ ճանապարհն է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ՆԱՏՕ-ին այդ երկրի անդամակցությունը Դոնբասում ռազմական հակամարտության կարգավորման միակ հնարավորությունն է։ Այդ մասին Զելենսկին հայտարարել է երեքշաբթի օրը՝ ապրիլի 6-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Ուկրաինայի նախագահի խոսքերով՝ ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների պլանի ստացումն իր երկրի համար «ամենաարդիական հարցն է»։ «Մենք ձգտում ենք մեր բանակի և պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, սակայն միայն բարեփոխումներով Ռուսաստանին չես կանգնեցնի»,- հայտարարել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Վլադիմիր Զելենսկին Սթոլթենբերգին տեղեկացրել է, որ Ռուսաստանը շարունակում է զորքեր տեղակայել ուկրաինական սահմանագծի մոտ։ Ըստ նրա՝ վերջին օրերին ուկրաինական կողմը գրանցում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թվի աճ։ Նա կոչ է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մեծացնել ռազմական բլոկի ներկայությունը Սևծովյան տարածաշրջանում։ Իր հերթին Սթոլթենբերգը, հերթական անգամ, իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։
Այս տարվա ապրիլի սկզբին արտասահմանյան մի շարք փորձագետներ, այդ թվում ամերիկացի, գերմանացի, ֆրանսիացի և բրիտանացի դիվանագետներ, իրենց մտահոգությունն էին հայտնել Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զինված ուժերի ակտիվության ուժեղացման շուրջ։ Ապրիլի 4-ին արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ժամանակ, նշել էր, որ Եվրամիությունն ուշադրությամբ հետևում է ուկրաինական սահմանի մոտ ռուսական զինված ուժերի տեղաշարժին։ Ընդորում, ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել էր, որ Եվրամիությունն աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Լուսանկարը՝ news.liga.net-ից
Մեկնաբանել