
«Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների համար»․ Ռ. Բադասյանը` «Մարտի 1-ի գործի» կարճման մասին
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը չի ցանկանում անդրադառնալ «Մարտի 1-ի գործով» մեղադրյալներ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման դատարանի որոշմանը:
«Նախարարը չի կարող պատասխանել կոնկրետ քրեական գործերով կոնկրետ գործընթացների մասին հարցին, դա բացառապես իմ լիազորություննեերի մեջ չի մտնում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Ռուստամ Բադասյանը:
Հարցին` Մարտի 1-ի էջը փակված է արդյոք, նախարարը արձագանքեց.
«Ես կարող եմ ասել, որ մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների համար… «Մարտի 1-ի գործի» նախաքննության փուլում, եթե չեմ սխալվում, կա գործ, որի քննությունը շարունակվում է, բայց պետք է դիմել պատասխանատուներին և ստանալ համապատասխան մեկնաբանություններ: Ես ոչ թե չեմ ուզում որևէ կարծիք արտահայտել, այլ ուղղակի չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը»:
Թե ինչ է լինելու «Մարտի 1-ի գործի» ապագան, նախարարն ասաց, որ կա դատական որոշում, և գլխավոր դատախազությունն ինքն է որոշելու՝ այդ ակտը ենթակա՞ է բողոքարկման, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ վարչապետի կողմից մի քանի անգամ ասվել է, որ «Մարտի 1-ի գործը» բացահայտված է, այս պարագայում այն բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ, նախարարն արձագանքեց, որ գործի բացահայտում ասելով՝ նկատի են ունեցել այն, որ բացահայտված են այն դերակատարները, որոնք որոշումեր են կայացրել:
Նախարարը համաձայնեց` կա հանրային ընկալում, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցում իշխանությունը դանդաղկոտություն է ցուցաբերել:
«Հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և ընդունել, որ որոշ հարցերում ունենք ձախողումներ: Անկախ դատական իշխանություն ստեղծելու մեր պայքարը չի ավարտվել, անձնապես իմ պայքարը չի ավարտվել` ինչ կարգավիճակով էլ դա կլինի»,- ասաց Բադասյանը:
Մեկնաբանել