HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Բնակարան գնելիս եկամտահարկի վերադարձի ծրագրից հրաժարվելը Կառավարության օրակարգում է

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած Հարկային օրենսգրքում և «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Գործող օրենքով` անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու պարագայում հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկը վերադարձվում է քաղաքացուն: Պատգամավորներն առաջարկում են արտոնությունը կիրառել նաև այն դեպքում, երբ ֆիզիկական անձինք բնակարանը կառուցապատողից ձեռք են բերում բնակարանի կառուցապատման իրավունքով:

Նախագծի համահեղինակ Բաբկեն Թունյանն իր խոսքում նշեց, որ համակարգի նկատմամբ բավական մեծ հետաքրքրություն կա, մասնակիցների թիվն էլ գնալով աճում է: Պատգամավորը հիշեցրեց, որ Կառավարությունը մի քանի առիթով նշել է, որ առաջիկայում հնարավոր է համակարգը փոփոխության ենթարկվի ու սահմանափակումներ լինեն, սակայն ներկայացված նախագիծը վերաբերում է ոչ թե քաղաքականության փոփոխությանը, այլ տեխնիկական խնդրի շտկմանը:

Թունյանի խոսքով` անմիջապես կառուցապատողից բնակարան գնելիս կնքվում է իրավունքի գնման պայմանագիր, սակայն եղել են դեպքեր, երբ պայմանագրի մեջ գնման իրավունքի փոխարեն գրված է եղել կառուցապատման իրավունք, ինչն էլ պատճառ է դարձել, որ ՊԵԿ-ը մերժի եկամտային հարկի փոխհատուցման համար:

Թունյանն ընդգծեց` փոփոխություններով ոչ թե շահառուների շրջանակն են ընդլայնում, այլ փորձում են այնպես անել, որ մարդիկ չտուժեն: Ըստ նրա` խնդիրը վերաբերում է շուրջ 1400 անձի:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նկատեց` ժամանակին երբ համակարգը ներդրվել է, ներկայացվել են հիմնավորումներ, թե ինչու է այն անհրաժեշտ, սակայն անցել է որոշակի ժամանակահատված և հետահայաց վերլուծությունը թույլ է տալիս պնդել, որ համակարգի վերաբաշխողական էֆեկտը չի գոհացնում:

«Այն իմաստով, որ այն առաջնային նպատակը, որը հետապնդվում էր այս օրենսդրական նախաձեռնությամբ, ամբողջությամբ չի իրագործվում, այն է` բնակարանային ապահովման խնդիր ունեցող անձանց պետական աջակցություն տրամադրել: Իհարկե, կար նաև երկրորդ նպատակը` շինարարության ոլորտի ակտիվացում և մուլտիպլիկատիվ էֆեկտով հարակից ոլորտների տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացում»,- ասաց փոխնախարարը:

Վերջինիս խոսքով` Կառավարությունը կարևորում է, որ այս համակարգը ընկալվի ոչ թե որպես հարկային արտոնություն, այլ որպես բյուջետային աջակցության գործիք, իսկ սահմանափակ բյուջետային հնարավորությունների պայմաններում պետությունը պետք է ձգտի օգտագործման առավելագույն արդյունավետության, և յուրաքանչյուր ծախս կատարելիս աչքի առաջ լինի դրա այլընտրանաքային ծախսը:

«Այս պարագայում մենք ոչ միայն համոզմունք չունենք, որ այս ծախսն իր բնույթով իրապես սոցիալական է և առաջնահերթություն, այլ ունենք ճիշտ հակառակ համոզմունքը, որ այն իր բնույթով սոցիալական չէ, և մենք այսօր հետպատերազմական վիճակում շատ ավելի այլ առաջնահերթություններ ունենք»,- ասաց նա:

Փոխնախարարը նաև հավելեց, որ համակարգի շահառուների թիվը սրընթաց աճում է, և դա ռիսկ է, որի հետ պետք է հաշվի նստել: Եթե համակարգի ներդրման առաջին տարում 253 միլիոն դրամ է վերադարձվել, ապա 2019-ին այդ գումարը դարձել է 7,9 միլիարդ դրամ, իսկ 2020 թվականը ամփոփվել է 13,3 միլիարդ դրամով: Ըստ Ֆինանսների նախարարության կանխատեսումների` առաջիկա երեք-չորս տարիներին սրընթաց աճի տեմպը պահպանվելու է, համակարգի մասնակիցների շրջանակը 2020-ի դեկտեմբերի դրությամբ եղել է ավելի քան 12 հազար 300 վարկառու և համավարկառու:

«Կառավարությունը չի թաքցրել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ, ու համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կամ դրա գործունեությունը դադարեցվի, իհարկե նրանք, ովքեր հասցրել են մաս կազմել համակարգին, կշարունակեն մնալ մինչև վարկային պայմանագրերի ավարտը, կամ էլ ձևավորել որոշակի սահմանափակումներ: Այդ պահը կարծես չի գտնվել` հայտնի իրողություններով պայմանավորված, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,- ասաց նա:

Պողոսյանը նաև նշեց, որ կառուցապատման իրավունքն իր բնույթով փոխանցելի իրավունք է, և ռիսկեր կան, որ այդ իրավունքը կարող է վերավաճառվել և մի գործարքի շրջանակում մեկից ավելի անձինք դառնան շահառու: Փոխնախարարը համաձայնեց, որ անարդարացի է այն երևույթը, որ անձն անմիջապես կառուցապատող բնակարան գնելուց հետո չի կարողանում եկամտահարկի վերադարձի ծրագրից օգտվել, սակայն հավելեց` այդ ծախսը բյուջեի համար արժենալու է 25-30 միլիոն դրամ: Խնդրի մասին խոսեց նաև ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը` ընդգծելով, որ կողմ են կարգավորմանը: Թունյանն էլ նկատեց, որ միևնույն է՝ այդ փոխհատուցումը դատական կարգով իրականացվում է, ուստի ավելի ճիշտ կլինի օրենքում փոփոխություն անել: Երկար քննարկումներից հետո նախագիծը երկու ամսով հետաձգվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter