HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել Դավթաշենում

Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում: Հերթականը Դավթաշեն վարչական շրջանն էր, որտեղ Տարոն Մարգարյանը ծանոթացել է իրականացվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:

Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել հանգստի գոտիներում, այգիներում, պուրակներում և բակային տարածքներում  ընթացող բարեկարգման համալիր աշխատանքներն ու նախատեսվող ծրագրերը:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը նախ ծանոթացել է վարչական շրջանում վերջերս ձևավորված փոքր շուկաների պայմաններին և զրուցելով առևտուր իրականացնողների հետ՝ հավաստիացել է, որ քաղաքակիրթ առևտրի կազմակերպմանն ուղղված քաղաքապետարանի քայլերը գոհունակությամբ են ընդունվել թե առևտրականների և թե քաղաքացիների կողմից:

Այնուհետ քաղաքապետը ծանոթացել է բակային տարածքներում իրականացվող բարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես զեկուցվել է, որ բարեկարգվող բոլոր բակերը կհամալրվեն նստարաններով ու զրուցարաններով, ինչը, ըստ էության, իրականացվում էր նաև շրջայցի պահին:

«Դավթաշեն վարչական շրջանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ բավականին տարածքներ կան, որտեղ կարող ենք կանաչ գոտիներ ստեղծել մեր քաղաքացիների հանգստի համար: Վարչական շրջանի կողմից աշխատանքներն արդեն մեկնարկել են: 2012թ. ծրագրերով Դավթաշենում մի շարք այգիներ են կառուցվում: Ողջունելի է նաև բնակիչների` զբաղեցրաց  բոստանային տարածքները կամովին ազատելու նախաձեռնությունը, որոնք ևս բարեկարգվում և կահավորվում են խաղահրապարակներով»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Դավթաշենի առաջին թաղամասում մարզասեր փոքրիկների համար շուտով ֆուտբոլի փոքր խաղադաշտ կկառուցվի: Բակերի բարեկարգման մասով իրենց գոհունակությունը հայտնելով Տարոն Մարգարյանին՝ դավթաշենցիները հույս են հայտնել, որ այդ աշխատանքները կլինեն շարունակական, և բոլոր բակերը կբարեկարգվեն, ինչին ի պատասխան քաղաքապետը հավաստիացրել է, որ ծրագիրը կլինի շարունակական և հորդորել է բնակիչներին լինել ավելի ակտիվ ու մասնակցել մայրաքաղաքի բարեկարգմանն ու կանաչապատմանն ուղղված քաղաքապետարանի բոլոր նախաձեռնություններին:

Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը այցելել է նաև Երևանի թիվ 200 դպրոցի բակ, որտեղ լսելով բնակիչների կողմից առաջադրվող խնդիրները՝ տեղում հանձնարարել է ապահովել աշակերտների անվտանգությունը և արգելել ավտոմեքենաների մուտքը դպրոցի բակային տարածք: 

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ բնակիչների ժամանցի կազմակերպման համար վարչական շրջաններից յուրաքանչյուրում պետք է ստեղծվեն հանգստի հարմարավետ կենտրոններ: Դավթաշեն վարչական շրջանում նախագծի մեկնարկն արդեն տրվել է:

«Քաղաքապետարանի քաղաքականությունը հետևյալն է` բոլոր վարչական շրջաններում պետք է լինեն կենտրոններ, որտեղ մեր համաքաղաքացիները կանցկացնեն իրենց հանգիստն ու ազատ ժամանակը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Կենտրոնական այգում քաղաքապետին է ներկայացվել այս ուղղությամբ նախատեսվող ծրագիրը:

Շրջայցից հետո քաղաքապետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի աշխատակազմի հետ, որի ընթացքում մեկ անգամ ևս շեշտել է, որ բնակչության հետ շփման առաջին օղակը վարչական շրջաններն են, և նրանց աշխատանքով է պայմանավորված բնակիչների վերաբերմունքը քաղաքային իշխանությունների նկատմամբ: Ըստ այդմ՝ հանձնարարվել է առավել հետևողական լինել բնակիչների կողմից բարձրացվող հարցերի հնարավորին շուտ լուծումներ տալու հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter