Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ. կոչ հասարակական համերաշխության
Հետամուտ հաշմանդամություն ունեցող անձանց արվեստի դաշտ ներգրավելու, նրանց ազատ ստեղծագործելու և ինքնադրսևորվելու համար հավասար պայմաններ ու միջավայր ապահովելու, նրանց տաղանդն ու հնարավորությունները հասարակությանը բացահայտելու իր վաղուց ի վեր ամրագրած առաքելությանը՝ ապրիլի 20-ին «Նարեկացի» արվեստի միությունը նախաձեռնել է «Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» բարեգործական մեծ միջոցառումը:
Դրա շրջանակներում նախատեսված է հաշմանդամություն ունեցող երաժիշտ կատարողների ելույթներից կազմված հոգևոր, դասական և ժողովրդական երաժշտության համերգ, ինչպես նաև տեսողական արվետներում ստեղծագործող արվեստագետների աշխատանքներից կազմված քանդակի և գեղանկարի ցուցահանդես:
Ի նշան համակրանքի՝ միջոցառմանը մասնակցության ցանկություն է հայտնել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա. Հեֆերնը:
Յուրօրինակ այս միջոցառմամբ միությունը նպատակ է հետապնդում հավաստել հանրությանը, որ միայն պարտ ու պատշաճ փոխըմբռնմամբ մեր հասարակությունը կարող է հասնել այնպիսի համակեցության, որտեղ անձնական հանգամանքների բերումով ստեղծված սահմանափակումները չեն խոչընդոտի և ոչ մեկի հանրային ներգրավվածությանը, ուր պաշտպանված կլինի բազմազանության արժեքն ու բացառված՝ անձնական տարբերությունների վրա խարսխված խտրականությունը:
Այսպես, միջոցառման օրը «Նարեկացի» արվեստի միությունը մեկ անվասայլակ և մեկ քայլակ է նվիրելու ողնաշարային վնասվածքով տառապող հաշմանդամ երկու արվեստագետի, իսկ գործարար Անդրանիկ Պողոսյանը նվիրաբերել է էլեկտրական անվասայլակ, որը կտրամադրվի տաղանդավոր, բայց, ցավոք, ողնաշարային լուրջ հիվանդությամբ տառապող երիտասարդ նկարչուհի Մոնիկա Սահակյանին, ում առօրյա և ստեղծագործական կյանքում առկա լրջագույն սահմանափակումները զգալիորեն կմեղմվեն նորօրինակ այս սարքի ընձեռած տեխնիկական հնարավորությունների շնորհիվ:
Միջոցառման ժամանակ հաճելի անակնկալ է սպասվում նաև հաշմանդամություն ունեցող երգիչ-կատարողներից կազմված «Փարոս» երգչախմբին և կուրություն ունեցող դաշնակահար Լևոն Կարապետյանին:
«Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» ձեռնարկը բաց հարթակ է, որին կարող է միանալ հաշմանդամություն ունեցող անձանց բարօրությանն ու լիարժեք կյանքին սրտցավ, նրանց թևակցելու պատրաստակամ ցանկացած ոք` նվիրաբերելով անվասայլակ, քայլակ կամ անհրաժեշտ այլ պարագա, որն այդ օրը նախատեսված համերգ-ցուցահանդեսի ժամանակ հանրորեն կնվիրվի բոլորիս նյութական և բարոյական աջակցությանը կարոտ հաշմանդամություն ունեցող որևէ մի արվեստագետի:
Համերգային բաժնում ելույթներով հանդես կգան Նարեկացի ժողնվագարանների համույթը, հաշմանդամություն ունեցող կատարողների «Փարոս» երգչախումբը, դաշնակահար Լևոն Կարապետյանը, վոկալիստներ Ծովինար Պողոսեանը և Ալեքսանդր Ժուկովը՝ դաշնակահար Արթուր Հարությունյանի նվագակցությամբ:
Քանդակի և գեղանկարի ցուցադրության առանցքը կկազմեն գործարար Անդրանիկ Պողոսեանի գեղարվեստական քանդակները, ով, ինչպես վերը նշվեց, միջոցառման կապակցությամբ էլեկտրական անվասայլակ է նվիրաբերել նկարչուհի Մոնիկա Սահակյանին: Ցուցահանդեսին նաև ներկայացվելու են հաշմանդամության խնդրով զբաղվող «Հույսի կամուրջ», «Փրկություն», «Ծիլ բուսաց», «Շող» կազմակերպություններում, ինչպես նաև Լեդի Քոկսի անվան վերականգնողական կենտրոնում ներգրավված հաշմանդամություն ունեցող երիտասարդ և տարեց նկարիչների գեղարվեստական աշխատանքներ:
Լինելով հաշմանդամությամբ անձանց ազատ տեղաշարժման համար անհրաժեշտ պայմաններով (վերելակ, թեքահարթակ, սանհանգույց) հագեցած արվեստի միակ հաստատությունը Երևանում՝«Նարեկացի» արվեստի միությունը մշակել է հաշմանդամության խնդրին առնչվող հատուկ ռազմավարություն և ծրագրային փաթեթ, որի շրջանակներում արդեն քանի տարի է անխոնջ ջանքեր է գործադրում արմատախիլ անելու հաշմանդամության խտրականությունը մեզանում, գոնե արվեստի ոլորտում:
Կազմակերպելով տարեկան առնվազն 20 համերգ և ցուցահանդես հաշմանդամ արվեստագետների մասնակցությամբ, աշխատանք տրամադրելով հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև սերտ համագործակցելով «Սկարպ», «Փիլատելփիա», «Փարոս», «Հույսի կամուրջ», «ՈՒՆԻՍՈՆ» և հաշմանդամության խնդրով զբաղվող հասարակական այլ կազմակերպությունների և կենտրոնների հետ, Նարեկացի արվեստի միությունը նպատակ ունի նպաստել հասարակական այս խոցելի խմբի հանրային ինտեգրմանը, նրանց արժանապատիվ ու լիարքեք կյանքի կայացմանը, հավասարության նրանց անօտարելի իրավունքի ամրապնդմանը:
Միության այս ջանքերը բարձր է գնահատել նաև ՀՀ կառավարությունը՝ 2010թ. Միությանը շնորհելով «Վարչապետի հուշամեդալ»՝ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական ներգրավման գործում ունեցած ավանդի համար: Իսկ Բարոնուհի Քարոլայն Քոկսը, բարձր գնահատելով Միության ջանքերը, մի առիթով նշել է. «Հայաստանը դեռ անելիքներ ունի հաշմանդամություն ունեցող անձանց թևակցելու հարցում: Իսկ դուք օրինակ եք ծառայում` ընձեռնելով հնարավորություն հաշմանդամությամբ անձանց, որ նրանք էլ ներզգան սեփական ներուժն ու նրանք էլ վայելեն արվեստով զբաղվելու ստեղծագործական բերկրանքը: … Միայն հիացած եմ, միայն գնահատում եմ»:
«Ձեռք ձեռքի՝ հաշմանդամների հետ» գալահանդեսի համերգային բաժնի մուտքը հրավիրատոմսերով է, իսկ ցուցահանդեսինը` ազատ: Այն բաց կլինի մինչև ապրիլի 30-ը:
ՆԱՄ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել