HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայում 22 զինվորական ցմահ ազատազրկման է դատապարտվել 2016 թվականի հեղաշրջման փորձի համար

2016 թվականին Թուրքիայում տապալված հեղաշրջման փորձից գրեթե հինգ տարի անց թուրքական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել նախկին զինվորականների հերթական մեծ խմբին։ Ավելի վաղ, իշխանությունները, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին քննադատելու համար, ձերբակալել էին պաշտոնաթող 10 ծովակալների։ Այդ մասին գրում է BBC-ն։ 

Թուրքական Anadolu գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, հայտնել է մի քանի դատապարտվածների մասին և հայտնել նրանցից երեքի անունները։ AFP-ի և Anadolu գործակալության տվյալներով՝ չորեքշաբթի օրը՝ ապրիլի 7-ին ցմահ ազատազրկման դատապարտված սպաները ղեկավարել են թուրքական մի քանի հեռուստաընկերություններ ներխուժման գործընթացը, որտեղ նրանք աշխատակիցներին ստիպել են դուրս գալ եթեր՝ ժողովրդին հասցնելու ապստամբների ուղերձը։ Վերջիններս եղել են նաև գլխավոր շտաբի ուղղությամբ հարձակման կազմակերպիչները։ 

Ապրիլի 7-ին հրապարակված դատավճիռը դատական մեծ գործընթացի մի մասն է, որտեղ մեղադրյալի կարգավիճակում հայտնվել են 497 նախկին զինվորականներ, ներառյալ նախագահական գվարդիայի սպաներ և զինծառայողներ։ Նրանց մեծ մասի նկատմամբ արդեն իսկ կա դատավճիռ։

2020 թվականի նոյեմբերին, այս գործի շրջանակներում, ցմահ ազատազրկման էր դատապարտվել միանգամից 337 մարդ, հիմնականում զինվորականներ։ Հեղաշրջման փորձից հետո բռնաճնշումների են ենթարկվել տասնյակ հազարավոր թուրքեր։ Ավելի քան 2500 մարդ դատապարտվել է ցմահ ազատազրկման, ավելի քան 100 հազար պետական ծառայող հեռացվել կամ էլ ազատվել է աշխատանքից։ Հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենին, որը հերքում է իր կապը դրա հետ։ 

Էրդողանը և իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակում են իրենց պայքարը զինվորականների դեմ։ Երկուշաբթի օրը՝ ապրիլի 5-ին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են պաշտոնաթող 10 ծովակալների։ Նրանք եղել են 104 նախկին ծովային սպաների մեջ, որոնք բաց նամակով դիմել էին Էրդողանին՝ Սև և Մարմարա ծովերի միջև նոր արհեստական ջրանցքի կառուցման կապակցությամբ։ 

Ջրանցքի գաղափարի քննադատները մտահոգված են, որ այն չի ընկնի Մոնտրյոյի կոնվենցիայի գործողության տակ, որը սահմանափակում է ռազմական նավերի մուտքը Սև ծով։ Թուրքիայի իշխանություններն էլ պնդում են, որ ավելի քան 9 միլիարդ դոլար արժողությամբ 45 կիլոմետրանոց ջրանցքը կբեռնաթափի Բոսֆորը և կնվազեցնի այդ նեղուցում բախումների հավականությունը։ Ապրիլի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան արդեն շուտով կհայտարարի մրցույթ՝ ջրանքի կառուցման համար, իսկ արդեն ամռանը կսկսվեն նախապատրաստական աշխատանքները։

Լուսանկարը՝ Adem Altan/Agence France-Presse — Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter