«Արցախի կյանքում երևանյան գործոնի դերը բավականին մեծ է, բայց այն չի կարելի գերագնահատել»
Մեր զրուցակիցն է Արցախի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի դասախոս, վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը:
Մարտի 29-ին Ղարաբաղի խորհրդարանում որոշվել է ԼՂՀ նախագահի ընտրությունների անցկացման օրը` հուլիսի 19: Պարոն Կարաբեկյան, չնայած ընտրություններին համարյա երեք ամիս է մնացել, բայց առաջվա պես Արցախում քաղաքական կյանի ոչ մի ակտիվացում չի նկատվում: Ինչո՞վ եք սա պայմանավորում:
Մի շարք գործոններով. քաղաքական դաշտում չկա ներկայիս իշխանությանը իրական այլընտրանք (քաղաքական ալտերնատիվա): Քաղաքական դաշտում գործող կուսակցությունները և մյուս ուժերը, ըստ էության, ապացուցել են իրենց անհետևողական և ինչ-որ չափով շինծու լինելը: Այդ պայմաններում ընտրությունը լինելու է ոչ թե գաղափարախոսությունների և ընտրական ծրագրերի, այլ անհատների միջև:
Բացի այդ՝ Արցախում քաղաքացիական հասարակությունը և նրա ինստիտուտները կայացած չեն: Իսկ դա նշանակում է, որ հասարակությունը չի կարող և պատրաստ չէ իր ճակատագիրը վերցնել իր ձեռքը:
Իսկ ինչո՞ւ Արցախում չկա քաղաքացիական հասարակություն:
Նախ ժողովրդական բարեփոխումները, որոնք ավելի վաղ և լայն թափով իրականացվել են հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում, Արցախում իրականացվել են ավելի ուշ: Այդ խոչընդոտերը, ԼՂՀ-ի չճանաչված լինելը, շրջափակումը, պատերազմը, պահպանվող ռազմական դրությունը, ինչպես նաև պաշտոնական Երևանի ու ներքի ուժերի կողմից ձեռնարկված որոշ քայլերը ևս նպաստել են դրան: Այսպես օրինակ, տարիներ շարունակ լուրջ խոչընդոտներ են ստեղծվել մամուլի ազատության զարգացման համար: Մի քանի անգամ արգելակվել է իշխանությունը խորհդարանական և հասարակական հսկողության տակ դնելու փորձը:
«Առաջին լրատվականին» տված հարցազրույցում «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ-ի նախագահ Հայկ Խանումյանը պնդել է, որ վերջին տարիներին Ղարաբաղը, մասնավորապես ազատությունների ու ժողովրդավարության ոլորտներում բացառիկ հետընթաց է առձանագրել: Ըստ Հայկ Խանումյանի` դրա գլխավոր մեղավորը Հայաստանի իշխանություններն են: Դո՞ւք էլ եք այդպես կարծում:
Օրինակ՝ 90-ականների և 2000-ականների սկզբին եղել են քաղաքական ընդդիմության` հիմնականում ՀՅԴ ներկայացուցիչների ձեռբակալություններ, լրագրողների ծեծի ենթարկելու , պաշտոնազրկելու և գրեթե հրապարակայնորեն սպառնալու դեպքեր: Եվ այդ ամենի նկատմամբ կան կոնկրետ և փաստացի վկայություններ:
2000-ականների սկզբին պաշտոնական մամուլն ավելի ազատ էր, ինչը սակայն Հայկազն Ղահրիյանի շնորհիվ էր: Իսկ «Karabakh-open» կայքի փակման պատճառը ցայսօր անհայտ է:
Իհարկե, ցանկալի է, որ Արցախի հեռուստատեսության հանրային խորհուրդը կազմված չլինի միայն նախկին պաշտոնյաներից, այլ նրանում ներկայացված լինեն տարբեր հասարակական ուժեր ներկայացնող և ընդդիմադիր կեցվածք ունեցող մարդիկ: Ինչպես նաև, Արցախում գործեն ավելի արդիական, արհեստավարժ կազմով ու անկախ ԶԼՄ-ներ: Իսկ պաշտոնաթերթերի ղեկավարները հանդես գան ոչ թե որպես պաշտոնյաներ, այլ նախ և առաջ որպես լրագրողներ: Բայց այդ գործում մեծ են նաև հասարակական կամ քաղաքական սպեկտորի անելիքները:
Իհարկե, Արցախի կյանքում երևանյան գործոնի դերը բավականին մեծ է, բայց այն չի կարելի գերագնահատել: Նախ՝ ահագին հարցերի վերաբերյալ դեռ պետք է փորձել ստանալ հենց Ստեփանակերտում գործող պաշտոնական մարմինների և քաղաքական ուժերի պատասխանները և այնուհետև փորձել պարզել, թե որքանով է այս կամ այն դեպքում Երևանյան գործոնը շահարկվում տեղական կազմակերպությունների և ուժերի կողմից` պատասխանատվությունից խուսափելու ու անգործունեությունը արդարացնելու նպատակով:
Պարոն Կարաբեկյան, ԼՂ «Շարժում 88» կուսակցության նախագահ, Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանը այս տարվա սկզբին հայտարարեց, որ «Շարժում 88»-ը կդառնա ընդդիմություն: Սակայն կա կարծիք, որ Հայաստանի իշխանությունները Ղարաբաղին հուշելով փորձում են արհեստական ընդդիմություն ստեղծել:
Առհասարակ «Շարժում-88»-ի քաղաքական վարվելակերպին հատուկ է անհետևողական լինելը: 2004 թվականի Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններից հետո, որի ժամանակ հաղթեց Էդուարդ Աղաբեկյանը, կուսակցությունը գրեթե դադարեցրեց ակտիվ քաղաքական գործունեությունը: Դեռևս առեղծված է մնում այն, թե ում մեղքի բաժինն է ավելի շատ` Էդուարդ Աղաբեկյանի պաշտոնավարման տարիներին բացթողումների ու թեևությունների համար: Հանրապետական իշխանություննե՞րը, որոնք իբր չեն հաշտվել ընդդիմադիր գործիչի պաշտոնում հայտնվելու հետ, թե՞ նախկին քաղաքապետը, ով այդ տարիներին որևէ կերպ (ոչ հրապարակային դիմումի ձևով, ոչ հրաժարականի, և ոչ էլ բողոքի ակցիա կազմկակերպելով) չի արտահայտել իր դիրքորոշումը: Մի շարք քաղաքական գործիչներ նշում էին, որ Ստեփանակերտի մոտակայքում ցույց կամ ակցիա կազմկակերպելու համար անհրաժեշտ է նախ և առաջ քաղաքապետի թուլատվությունը, այսինքն` Էդուարդ Աղաբեկյանի:
ԼՂՀ-ն փոքր հանրապետություն է, խոշոր համայնքի չափ, իսկ ամբողջ Ստեփանակերտը` Երևանի միջին թաղամասի: Եվ բնակչությունը շատ լավ է իրազեկված կատարվող օրինախախտումների մասին և այն մասին, թե ով է կանգնած դրա հետևում:
Ի դեպ, նշված բացթողումների գլխավոր մեղավորին համարում են Երևանին, որն իբր թե վերահսկում է մի շարք ուժային և վարչատնտեսական մարմինների գործունեությունը: Սակայն տեղին կլինի հարցնել, թե ի՞նչ է ձեռնարկվել տեղական ուժերի կողմից բացասական երևույթների բացահայտման և վերացման գործում և մի՞թե առկա լիազորությունները դրա համար բավարար չէին:
Հարցազրույցը՝ Հայկ Ղազարյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել