Զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական գործերի մոնիթորինգ
Մոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրվել են 44 գործով քաղաքացիական դատավարություններ, որոնց շրջանակներում ֆիզիկական կամ իրավաբանական անձինք զրպարտության և վիրավորանքի հիմքերով դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ լրատվամիջոցների:
Ուսումնասիրության նպատակն է պարզել, թե ինչպես է զարգանում դատական պրակտիկան վիրավորանքի և զրպարտության նորմերի ապաքրեականացումից հետո՝ 2010 թվականի մայիսի 18-ից ի վեր, երբ ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում ներմուծվեց 1087.1-րդ հոդվածը, իսկ քրեական օրենսգրքից դուրս հանվեցին զրպարտության և վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող 135 և 136-րդ հոդվածները:
Հայցվորները
Դիտարկված 44 գործերում հայցվորներին կարելի է բաժանել հետևյալ խմբերի
|
Սովորական քաղաքացիներ |
18 անձինք, ովքեր ներկայացնում են 11 դատական հայց (8 անձ ներգրավված են Եհովայի վկաներ եկեղեցական միության խմբակային հայցում), |
|
Պաշտոնյաներ և պետական կազմակերպություններ |
9 պետական պաշտոնյաներ և 1 պետական կազմակերպություն |
|
Քաղաքական գործիչներ |
10 քաղաքական գործիչներ, որից երեքը մեկ հայցապահանջով (ազգային ժողովի երեք պատգամավորներ), իսկ երկուսը միևնույն քաղաքական գործչի կողմից |
|
Ոչ պետական կազմակերպություններ |
8 առևտրային ձեռնարկություն, 2 կրոնական կազմակերպություն, 1 լրատվական գործակալություն |
|
Փաստաբաններ |
4 դատական գործ` երկու փաստաբանների կողմից – յուրաքանչյուրը ներկայացրել է երկուական դիմում |
|
Հանրային դեմքեր |
2 հանրային դեմք (ՀՀ նախկին նախագահի ընտանիքի անդամներ), ովքեր միասին հարուցել են երկու դատական գործ |
|
Շոու բիզնեսի ներկայացուցիչներ |
1 անձ |
|
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ |
1 անձ |
|
Լրատվական կազմակերպություն |
1 լրատվական կազմակերպություն |
Պատասխանողները
75%-ի դեպքում հայցապահանջները (33 հայցապահանջ) բերվել են տպագիր մամուլում հրապարակված տեղեկատվության համար, 28%-ի դեպքում հայցապահանջները (12 հայցապահանջ) բերվել են էլեկտրոնային կայքում հրապարակված տեղեկատվության համար և 12%-ի դեպքում (5 հայցապահանջ) հայցապահանջները բերվել են հեռուստատեսությամբ տարածված տեղեկատվության համար: Ակնհայտ է, որ առավել խոցելի լրատվամիջոցը տպագիր մամուլն է:
39 հայցապահանջ է բերվել իրավաբանական անձ հանդիսացող լրատվական ընկերությունների դեմ (89%), իսկ 11 հայցապահանջ՝ ֆիզիկական անձ հանդիսացող 15 լրագրողների դեմ (29.5%): Լրատվական ընկերությունների դեմ բերված հայցապահանջներից մոտ 21 տոկոսում (44 հայցապահանջից 9-ում) զուգահեռ հայցապահանջ է ներկայացվել նաև լրագրողի դեմ, իսկ բացառապես լրագրողի դեմ ներկայացվել է միայն 5 հայցապահանջ (ընդհանուր հայցապահանջների 12 %):
Դատական գործերի շարժը
2010 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ժամանակահատվածից սկսած յուրաքանչյուր ամսվա կտրվածքով ներկայացված նոր դատական գործերի քանակը տատանվում էր 3-ից 6-ի միջև, որը մնում էր որպես կայուն ցուցանիշ մեկ տարի շարունակ՝ մինչև 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ժամանակահատվածը, որից հետո և մինչև 2012 հունվար-փետրվար ամիսը դատական գործերի քանակը կտրուկ նվազել է և հասել մինչև այն իրավիճակը, որը գոյություն ուներ 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների դրությամբ:
Դատական գործերի քանակի կտրուկ նվազումը 2011 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում համընկնում է Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրականության դատական վարույթի ընթացքի հետ, որոնց ամսաթվերը համընկնում են վերը նշված ժամանակահատվածի հետ. դատական վարույթը սկսվել է 13/10/2011թ.-ին, երբ Օմբուդսմենը դիմեց Սահմանադրական դատարան, և ավարտվեց 15/11/2011թ.-ին Սահմանադրական դատարանի ՍԴՈ - 997 որոշումով: Հետևաբար` կարծում ենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը զսպող ազդեցություն է ունեցել զրպարտության և վիրավորանքի հիմքերով լրատվամիջոցների դեմ ներկայացվող գործերի քանակի վրա:
Հայցապահանջները
Ամենաշատ հայցվող իրավական պաշտպանության միջոցը հանդիսացել է զրպարտության կամ վիրավորանքի դիմաց դրամական փոխհատուցման պահանջը, որը հայցվել է 44 գործերից 38-ում (86.3%), այնուհետև հերքումը, որը հայցվել է 32 գործով (72.7%), դրան հաջորդում է դատական ծախսերի փոխհատուցման պահանջը, որը հայցվել է 25 գործով (56.8%), այնուհետև վիրավորանքի դիմաց ներողություն խնդրելու պահանջը՝ հայցվել է 10 գործով (22.7%), պատասխանի հնարավորություն տրամադրելը՝ հայցվել է 7 գործով (15.9%) և վճռի հրապարակման պահանջը, որը հայցվել է 4 գործով (9%):
Հայցվող դրամական փոխհատուցման չափերը
Հիմնական դրամական պահանջները տատանվել են 2-4 միլիոն դրամի շրջանակներում: Ամենաբարձր փոխհատուցման պահանջը հանդիսացել է փաստաբան Արթուր Գրիգորյանի կողմից ներկայացված 18 մլն դրամի պահանջը, իսկ ամենացածրը՝ Լոռվա մարզի Լեռնապատ գյուղի գյուղապետ Վանո Եղիազարյանի կողմից 1 լումա փոխհատուցելու պահանջը՝ ընդդեմ «Հետք» շաբաթաթերթի լրագրող Ադրինե Թորոսյանի (թիվ ԼԴ/0628/02/11 դատական գործ): Դրամական բոլոր փոխհատուցումների հանրագումարի միջինը կազմել է 2’952’495,00 ՀՀ դրամ, որը, ըստ մեզ, բավականին բարձր թիվ է, իսկ բոլոր ներկայացված դրամական պահանջների հանրագումարը կազմել է 126’957’301,00 ՀՀ դրամ:
Այս գումարից 21’780’000,00 ՀՀ դրամը ներկայացվել է փաստաբանների վարձավճարի դիմաց: Փաստաբանների ներկայացված վարձավճարի դիմաց փոխհատուցման չափերը տատանվել են նվազագույնը 200’000,00-ից մինչև առավելագույնը՝ 4 մլն ՀՀ դրամ: Փաստաբանի վարձատրության դիմաց ամենահաճախ պահանջվող գումարի չափը հանդիսացել է 500’000,00 ՀՀ դրամը:
Դատական որոշումները
Դատական վարույթների ընթացքը դիտարկման ժամանակահատվածի ավարտի դրությամբ
Դիտարկման ժամանակահատվածի վերջում (2012 թվականի մարտի 1-ի դրությամբ) բոլոր դատական գործընթացները գտնվում էին հետևյալ վիճակում. 44 դատական գործերից ավարտվել էին 22-ը (50%), իսկ մնացած 22 գործերով դատաքննությունը դեռ ընթացքի մեջ է, որոնցից 6-ով կայացվել է առնվազն մեկ ըստ էության դատական ակտ, իսկ մնացած 16 գործերով դատաքննությունը դեռևս ընթացքի մեջ է առաջին ատյանի դատարանում՝ գտնվելով բուն դատաքննության կամ նախապատրաստական փուլում:
Ավարտված 22 դատական գործերից 10 գործով դատաքննությունն ավարտվել է ըստ էության կայացված դատական ակտով, 7 գործով՝ հաշտության համաձայնությամբ, իսկ մնացած 2 գործով հայցապահանջը վերադարձվել է անճշտության հիմքով և 3 գործով հայցվորները հրաժարվել են հայցապահանջից:
Դրամական փոխհատուցման պահանջների վերաբերյալ դատական որոշումները
Նշված 28 գործերով (որոնք կազմում են բոլոր դատական գործերի 63.6%) դատարանները նկատելիորեն նվազեցրել կամ ամբողջությամբ մերժել են դրամական փոխհատուցման պահանջները:
Նման դատական ակտերով ակտերով, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 102’266’300,00 ՀՀ դրամի պահանջ (ներառելով ոչ գույքային և գույքային վնասների դիմաց փոխհատուցման պահանջները), որից բավարարվել է 11’466’560,00 ՀՀ դրամը՝ 11.2%-ը: Այսինքն` դատական վարույթների արդյունքում մերժվել է փոխհատուցման պահանջների համընդհանուր գումարի 88.8%-ը:
Եթե ուսումնասիրենք ըստ էության կայացրած այն որոշումները, որտեղ դատարանները ոչ թե ամբողջությամբ մերժել, այլ նվազեցրել են գումարային պահանջը և որոշենք, թե քանի անգամ են յուրաքանչյուր գործով նվազեցրել գումարային պահանջը, ապա կունենանք հետևյալ պատկերը.
|
Գործի համարը |
Գումարային պահանջը |
Բավարարված չափը |
Քանի անգամ է նվազեցվել |
|
ԵՔԴ/0665/02/08 |
956300 |
450000 |
2 անգամ |
|
ԵԿԴ/1765/02/09 |
7040000 |
376560 |
18.6 անգամ |
|
ԵԿԴ/1963/02/10 |
2500000 |
510000 |
5 անգամ |
|
ԵԿԴ/2293/02/10 |
2544000 |
510000 |
5 անգամ |
|
ԵԿԴ/2347/02/10 |
6632000 |
6132000 |
1.08 անգամ |
|
ԵԿԴ/2479/02/10 |
6000000 |
3000000 |
2 անգամ |
|
ԵԿԴ/0261/02/11 |
3568000 |
288000 |
12 անգամ |
|
ԳԴ/0241/02/11 |
2200000 |
200000 |
11 անգամ |
Վերը շարադրվածի հիման վրա եզրահանգում ենք, որ դատարաններն, ըստ էության կայացրած որոշումներով նկատելիորեն՝ 86%-ով նվազեցրել են լրատվամիջոցների դեմ բերված դրամական փոխհատուցման պահանջների չափերը, իսկ եթե ըստ էության կայացված որոշումներին ավելացնենք նաև հաշտության, հայցապահանջները վերադարձնելու և հայցապահանջներից հրաժարվելու դեպքերը, ապա նշված ցուցանիշը կկազմի 88.8%:
Թեև վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատարանները հետևողականորեն և էապես նվազեցրել են դրամական փոխհատուցման համար բերված պահանջները, դիտարկումները ցույց են տալիս, որ փոխհատուցման չափը որոշելու համար պատասխանողի գույքային վիճակը հաշվի առնելու առումով դատական պրակտիկան համահունչ չի զարգացել: Նկատվել են միմյանցից էապես տարբերվող դատական ակտեր: Թեև 1087.1-րդ հոդվածի 11-րդ մասի 2-րդ կետը հետևողականորեն վկայակոչվել է դատարանների կողմից, սակայն ոչ բոլոր դեպքերում է, որ այս հարցը մանրամասնորեն՝ փաստերի հիման վրա քննության է ենթարկվել դատարանների կողմից:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո այս առումով կայացվել է երեք դատական ակտ (Լոռու մարզպետ Նվեր Պողոսյանն ընդդեմ Ժողովուրդ թերթի, («Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ) և Բելա և Սեդրակ Քոչարյանների հայցը ընդդեմ Ժամանակ օրաթերթի՝ վճռաբեկ դատարանի որոշման մասով): Հետևաբար, այս առումով ներկա պահին հնարավոր չէ փաստարկված գնահատական տալ, թե արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը էական ազդեցություն ունեցել է դատական պրակտիկայի վրա: Հարկավոր է հաշվի առնել, որ դիտարկված ժամանակահատվածում այս խնդրի վերաբերյալ դատական ակտերը նույնպես շատ չեն եղել:
Փաստեր և գնահատող դատողություն
Ինչպես զրպարտության, այնպես էլ վիրավորանքի հանգամանքը պարզելու նպատակով դատարանները հակված են եղել կիրառել օբյեկտիվ իրականությունից բխող չափանիշներ: Դրա լավագույն օրինակն է հանրության շրջանում մեծ հնչեղություն ստացած դատարանի կողմից «ստիլյագ» արտահայտության ստուգաբանումը՝ բառի սովորական իմաստով և այն համատեքստում, որի ներքո կիրառվել էր այդ բառը: Բառի սովորական իմաստը պարզելու համար դատարանը օգտվել է բացատրական բառարանից և որոշել, որ նշված բառը հանրության կողմից ներկայումս որպես հայհոյանք կամ այլ կերպ որևէ վիրավորական իմաստ այլևս չի պարունակում: Իսկ ինչ վերաբերում է համատեքստին, ապա դատարանը հետևյալ կերպ է մեկնաբանել դա. Այսինքն` դատարանը հաշվի է առնել այնպիսի օբյեկտիվ պահանջներ, ինչպիսին են քաղաքական գործիչների նկատմամբ թույլատրելի քննադատության ավելի լայն շրջանակները, լրատվական նյութի հանրային հետաքրքրության առարկա հանդիսանալը, քաղաքական գործիչների կողմից լայն հանդուրժողականություն դրսևորելու պահանջը և այլն:
Համատեքստի նման մեկնաբանություն կատարելով դատարանը միաժամանակ հաշվի է առել, ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, որ գնահատող դատողությունների համար հիմք են հանդիսացել որոշ փաստական հիմքեր, որոնցից էլ լրատվամիջոցը օգտվել է: Նման մոտեցում է ցուցաբերվել նաև Հայկ Բաբուխանյանն ընդդեմ Խմբագիր ՍՊԸ գործով կայացված վճռում հետևյալ ձևակերպման մեջ:
Վերը նշված օրինակներից տրամաբանորեն հակառակ մոտեցում է ցուցաբերվել թիվ ԵԿԴ/2479/02/10 գործով՝ «Արյունը՝ Քոչարյաններից, կայֆը՝ Ծառուկյանից, իսկ Հակացնցումը՝ Լֆիկից» վիճահարույց հոդվածում օգտագործված «արյուն» բառը գնահատելիս: Թեև դատարանը այս դեպքում կրկին բառը մեկնաբանել է իր համատեքստում, սակայն համատեքստը սահմանափակել է հայցվորների սուբյեկտիվ շահերի շրջանակներով՝ անտեսելով այն հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրները, որոնք բարձրացվում էին այդ բառի փոխաբերական իմաստով:
Իր հետագա հիմնավորումներում դատարանը շարունակել է ընդգծել արտահայտության՝ հայցվորների վրա հնարավոր բացասական ազդեցության մասին, սակայն վիճահարույց արտահայտության «հանրային» համատեքստի մասին որևէ գնահատական չի տվել:
Եզրահանգում
Դիտարկումը ցույց է տալիս, որ նախնական գնահատմամբ դատական պրակտիկան զարգանում է դրական ուղղությամբ: Զգալիորեն նվազել է դատարան ներկայացվող և ներկայացված դատական գործերի քանակը, մեկ ամսվա կտրվածքով դատարան ներկայացվող գործերի քանակը վերադարձել է այն մակարդակին, որը գոյություն ուներ 2010 թվականի հունիս ամսին՝ զրպարտության և վիրավորանքի համար պատասխանատվություն սահմանող նորմերի ապաքրեականացումը: 2012 թվականի մարտի 1-ի դրությամբ դատարան ներկայացվող նոր գործերի քանակը` 0 էր: Կայուն դատական պրակտիկա է դարձել դատարանների կողմից փոխհատուցման գումարների չափերի զգալի կրճատումը:
Անցյալում է մնացել դատարանների կողմից յոթանիշ դրամական փոխհատուցման չափերի սահմանումը: Ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ հայցվորները դրամական փոխհատուցում չեն պահանջում: Մեծանում է այն դատական գործերի քանակը, որոնցում կողմերը դատական վեճը ավարտում են հաշտությամբ: Ավելի է շատանում վեճերը արտադատական կարգավորման եղանակներով լուծելու ձգտումը: Ավելանում է այն գործերի քանակը, որոնցում խնդրի լուծումը կողմերը տեսնում են ավելի շատ լրագրողական էթիկայի, քան օրենքի դաշտում: Այս ամենը նշանակում է, որ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածը սկսել է ծառայելիր բուն նպատակին:
Ինչպես նշվեց, սա միայն նախնական եզրահանգում է, քանի որ դատական գործերի կեսը դեռ անավարտ է: Կարծում ենք, որ բոլոր էմպիրիկ տվյալները կարելի է ամփոփել 2012 տարվա վերջին և դրանց հիման վրա կատարել վերջնական եզրահանգումներ:
Մոնիթորինգն իրականացրել են՝
Ա. Ղազարյան, Ա. Զեյնալյան
«Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել