HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը:

«Վարչապետը ողջունել է ՌԴ գլխավոր դատախազի այցը Երևան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է երկու իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությունը հանցավորության դեմ պայքարում և առկա մարտահրավերներին դիմակայելու գործում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել Իգոր Կրասնովի ջանքերը պատերազմի հետևանքով Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների, պատանդների և պահվող անձանց հետ վերադարձի ապահովման ուղղությամբ: Այս գործում ներդրվող ավանդի, իրականացվող քայլերի, ինչպես նաև իրավապահ բնագավառում արդյունավետ համագործակցության համար Նիկոլ Փաշինյանն Իգոր Կրասնովին հանձնել է շնորհակալագիր:

ՌԴ գլխավոր դատախազը շնորակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և նշել, որ հայ գործընկերների հետ համագործակցությունը կրում է վստահելի բնույթ: Իգոր Կրասնովի խոսքով՝ երկու երկրների գլխավոր դատախազությունները գտնվում են մշտական կապի մեջ, ինչը նպաստում է հանցավորության դեմ պայքարում արդյունավետ համագործակցությանը: ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: ՌԴ գլխավոր դատախազն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը առանձնակի կարևորում է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական համագործակցության շարունակական զարգացումը երկարատև համատեքստում ու այդ առումով արդյունավետ գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 7-ին ունեցած բանակցությունների արդյունքները»,-նշված է կայքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter