
Մևլյութ Չավուշօղլու. Թուրքիան կարող է քանդել իր և իր ժողովրդի դեմ կառուցվող ծրագրերը
Կովկասում դիվանագիտական կարգավորման հարցում Թուրքիայի դիրքորոշումը չկիսողներն այժմ այլ կերպ են խոսում։ Այդ մասին գրում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը՝ հղում անելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուի՝ Անթալիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում ունեցած ելույթին։ Չավուշօղլուն ընդգծել է, որ Թուրքիան, երբ դրա կարիքը եղել է, կոշտ է արձագանքել՝ հավելելով, որ իր երկիրը կարող է քանդել Թուրքիայի և թուրք ժողովրդի դեմ կառուցվող ծրագրերը։
«Վառ օրինակ են Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում և Ղարաբաղում առկա դեպքերը։ 30 տարի Լեռնային Ղարաբաղը բռնազավթված էր։ Բազմիցս մենք առաջարկել ենք դիվանագիտական կարգավորում, համաձայնագիր։ Եղբայրական Ադրբեջանը մարտական գործողություններն սկսել է հանուն արդար գործի, ազատագրել հողերը բռնազավթումից։ Հիմա խոսում են դիվանագիտության, քաղաքական կարգավորման մասին։ Մենք դրան աջակցում ենք»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։
Չավուշօղլուն նշել է, որ շարունակվում են երկկողմ, եռակողմ հանդիպումները 3+3 ֆորմատով՝ Հարավային Կովկասում խաղաղության ապահովման համար և վստահեցրել, որ թուրքական կողմը վերահսկում է Ղարաբաղում հրադադարի պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ «Եթե Հայաստանն այս ամենից դասեր քաղի, իրեն ճիշտ պահի, ապա դա նրան օգուտ կտա»,- ընդգծել է Չավուշօղլուն։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել