HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Խաչիկ Նազարյան․ «Պետությունը խուսափում է գիտության ոլորտի զարգացման երկարաժամկետ պարտավորություն հանձն առնել»

Այս տարվա փետրվարին «Գիտուժ» նախաձեռնության անդամները հայտարարություն տարածեցին գիտության պետական հատկացումների ավելացման արշավի մեկնարկի մասին։ Այսօր նախաձեռնության արշավին միացել է ավելի քան 700 կազմակերպություն և ասոցիացիա։ «Գիտուժի» աշխատանքների, նպատակների մասին զրուցել ենք (օնլայն) նախաձեռնության համահիմնադիր Խաչիկ Նազարյանի հետ։

Պարոն Նազարյան, մարտի 11-ին «Գիտուժի» անդամները փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ  հանդիումից հետո «ցավալի արձանագրում» կատարեցին, որ կառավարության գործողությունները գիտության ոլորտում հիմնված չեն ռազմավարության վրա եւ հանգեցնելու են Հայաստանում գիտական ներուժի վերացմանը։ Մի փոքր մանրամասնեք, խնդրում եմ՝ ինչո՞ւ նման եզրակացության եկաք։

Մեր պահանջն էր՝ հստակ ընկալել, որ գիտության ֆինանսավորումն օրհասական է, որի արձանագրումը կլիներ անմիջապես գիտության ֆինանսավորման խոշոր բարձրացում․ 2021թ. առնվազն 50% տոկոսով ավելացնել գիտական և գիտատեխնիկական գործունեության համար պետական բյուջեով նախատեսված հատկացումները, որը կլիներ որպես փրկօղակ։

Երկրորդ՝ ունենալ երկարաժամկետ հանձնառություն։ Մեր առաջարկն էր այն ամրագրել օրենքով և պրոգրեսիվ աճ ամրագրել, որ տարիների ընթացքում ֆինանսավորումն աճի և որոշակի կապ դրվի բյուջեի ծախսային մասից՝ մեր հաշվարկով ֆինանսավորումը 2024 թվականից սկսած հասցնել բյուջեի առնվազն 4%-ի (մոտավորապես ՀՆԱ-ի 1%): Այս երկու պահանջն էր մեր կողմից, իսկ իրենց արածը փաստացի 2 մլրդ ավելացումն էր, թեև 2,7 մլրդ են ասում։ Միանշանակ, սա դրական է, այն պայմաններում, որ բյուջեն արդեն իսկ հաստատված է։ Սակայն ադեկվատ ռեակցիա չէ մեր պահանջին, և գիտությունը փրկելու համար ադեկվատ արձագանք չէ։ Դրա համար էլ արել ենք ցավալի արձանագրում։

Ապրիլի 8-ին Կառավարության նիստում ներկայացվեց գիտության հատկացումների վերաբերյալ նոր որոշումը։ Ինչպե՞ս այն կգնահատեք, բավարարու՞մ է «Գիտուժի» պահանջներին։

Այս տարի գիտությանը հատկացվեց լրացուցիչ երկու միլիարդ դրամից մի փոքր ավելի։ Սակայն, միևնույն ժամանակ, նոր օրենքով հանվեց գիտության ֆինանսավորման նվազագույն շեմը, որն ինքնին ստիպում է արձանագրել, որ պետությունը խուսափում է հանձն առնել գիտության ոլորտի զարգացման երկարաժամկետ պարտավորություն։ Դրան զուգահեռ, սակայն, հնչում են հրապարակային խոստումներ հաջորդ տարիների հատկացումների չափն է'լ ավելի բարձրացնելու մասին։ 

Այսինքն, կառավարությունը բանավոր խոստումներից դեռ չի անցել առարկայական ռազմավարական լուծմումների, միայն այս տարվա ավելացումն է դեռ հստակ արձանագրվել։ Տեղյակ ենք, որ աշխատանքներ արվում են, նոր ծրագրեր կազմվում են, նոր մեխանիզմներ երկարաժամկետ հանձնառություն ամրագրելու ուղղությամբ փորձում են մշակել, սակայն, ինչպես ասացի, դրանք դեռ իրական գործի չեն վերածվել։

Արդյոք այդ՝ մոտ 2,8 մլրդ դրամ գումարը բավարար կլինի՞ գիտության զարգացման ուղղությամբ շոշափելի քայլեր անելու համար։

Ուրախանում ենք, իհարկե, ցանկացած դրական քայլի վրա, բայց ցավալի է, որ այս կարգի ոչ համաչափ ռեակցիա է եղել մեր պահանջին։ Իսկ երկարաժամկետ հանձնառության մասին խոսք չենք նկատում։ Կարող ենք արձանագրել, որ 2,8 մլրդը գիտությունը փրկելու, շոշափելի բան անելու համար բավարար չէ։ Փրկել՝ նկատի ունեմ, որ բավարար քանակի ներհոսք ապահովվի դեպի գիտական հանրույթ, որ ծերացող գիտական հանրույթը չանհետանա։ Պարզ հաշվարկ անելով էլ երևում է, որ եթե նշված ֆինանսավորումը չապահովվի, ապա մի քանի տարում գիտությունը կվերանա Հայաստանում։ 

Ինձ ոգևորում է, որ գիտության թեման դարձել է հրապարակային ամենաքննարկվող թեմաներից, և դա էլ՝ բազմազան այլ աղմկոտ օրակարգերի ֆոնին։ Ձևավորվել է բավական ամուր կոնսոլիդացիոն ներուժ, որը գիտության հարցերը կպահի ուշադրության կենտրոնում՝ անկախ տվյալ պահի կառավարությունից և կստանձնի հասարակական անկախ վերահսկողական ֆունկցիա։ Դրականը շատ է, և ավելի դրականի նկատմամբ հույսի հիմքեր էլ կան։ Սակայն, իհարկե, ճգնաժամը գիտության ոլորտում դեռ լուրջ իներցիա ունի, այն ձևավորվել է տասնամյակներով և կանգնեցնել ու շեղել դեպի միայն դրականը, այն էլ՝ այն տեմպերով, որ մեզ է պետք, շատ բարդ է, դրանից դեռ հեռու ենք, շատ գործ կա անելու։ Մենք հաստատակամ ենք և միանշանակ միայն ուժեղացնելու ենք ճնշումը, ձնագնդիկը շարունակելու է գլորվել, թափ հավաքել ու մեծանալ, հուսով եմ՝ ընկալումը չի ուշանա։

Ինչի՞ց պետք է սկսել փոփոխությունները։

Որևէ խնդիր լուծելիս պետք է ռազմավարություն ունենալ։ Ռազմավարությունն էլ, ի վերջո, եղած ռեսուրսներով պետք է արվի։ Պետք է բարձրացնել գիտաշխատողների աշխատավարձը, ասպիրանտների թոշակները։ Պետք են հատուկ ծրագրեր, որոնցից մեկը նվիրված լինի հայ գիտնականների վերադարձին։ Պետք է ստեղծել լաբորատորիաներ Հայաստանում, որ այս մասնագետները կարողանան խմբեր ղեկավարել։ Մյուս հնարավորությունը պետք է լինի հեռավար ղեկավարների համար, որոնք, պարբերաբար Հայաստան գալով, կկարողանան ղեկավարել լաբորատորիաներ ու խմբեր։

Ինչպե՞ս երիտասարդ գիտնականներին պահել Հայաստանում, խրախուսել նրանց գիտական գործունեությունը և ներուժն օգտագործել պետության կարիքների համար։

Երիտասարդներին շահագրգռենք աշխատավարձով, կրթաթոշակով և ստեղծենք միջավայր՝ լավ ղեկավարներ, լավ զինված լաբորատորիաներ, որ հետագայում իր ստացած գիտելիքն էլ կարողանա հասցնել տնտեսություն։ Սա է պետք, որ ներհոսք սկսի, որ այն 100 ասպիրանտները, որոնք իրենց թեկնածուականները պաշտպանում են, մնան Հայաստանում և իրենց գործունեությունը ծավալեն այստեղ։ Նույնիսկ եթե մեր շարժումն ուշացումներով հասնի, այնպիսի ուժ է հավաքվել, որ կկարողանան հասնել արդյունքի։

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 33-րդ հոդվածում նշված է, որ կրթության և գիտության ոլորտում ֆինանսավորում կարող են ունենալ ինչպես պետբյուջեից, այնպես էլ այլ աղբյուրներից։ «Գիտուժին» միացած մասնավոր հատվածը  կարո՞ղ է ներդրումներ անել եւ դառնալ այլընտրանքային աղբյուր գիտության և կրթության ֆինանսավորման համար։

«Գիտուժը» միգուցե դիտմամբ, բայց շատ չի խոսում ներդրումների մասին։ Կան կազմակերպություններ, որոնք իրենց ներսում ունեն գիտնականների խումբ, որոնք հիմնականում հետազոտություններ են անում, ուղիղ կապ արտադրանքի հետ չեն ունենում։ Իհարկե, նրանց հոդվածների հիման վրա մենք երբեմն արտադրանք ենք ստեղծում, բայց մի ստվար զանգված մնում է թղթին, որպես գիտելիք, որն, իհարկե, դրական ազդեցություն է ունենում։ Ցանկացած խնդիր լուծելիս նրանց հետազոտություններն են օգնում։ Բացի ներսի թիմային աշխատանքից, իհարկե կան ներդրումներ անողներ, բայց բիզնեսին չես կարող ստիպել, նրանք բարեգործություն անողներ չեն, որ ստիպես գիտության մեջ ներդրում անել, նրանք լավ են հասկանում՝ երբ ներդրում անել։ Նրանք երբեմն գիտելիքը գնում են, իրենց պետք չէ համոզել, բայց կարևոր է հասկանալ, որ  ներդրումները կավելանան, եթե համապատասխան ենթակառուցվածք լինի, որի ստեղծամբ պետք է կառավարությունը զբաղվի։

Ինչպե՞ս պետք է ստեղծվի պետություն-մասնավոր հատված փոխհարաբերությունը գիտության ոլորտում։

Եթե պետությունն առաջին քայլն անի ու երկարաժամկետ հանձնառությունը ստանձնի, համոզված եղեք՝ «Գիտուժն», էդ մարդիկ ակամայից թասիբի կընկնեն, որովհետև շարժումը սկսել ենք։ Մենք հիմա տեղներս չենք գտնելու, որ այդ 2 մլրդ ֆինանսավորումը հնարավորինս էֆեկտիվ ծախսվի։ Եթե պետությունն առաջին քայլն անի, ապա ընկերությունը, որը որոշակի արտադրանք է ստեղծում, իր թիմի ներսում գիտնականների խումբ չի պահի, կգնա ենթակառուցվածքին կպատվիրի տվյալ հետազոտությունը։

Ես լսել եմ նման արտահայտություններ՝ ինչի հետևից եք ընկել, բոլորդ կարող եք այդ գումարը հավաքել ու վերջացնել, դրա մեջ կա ճշմարտություն, որովհետև գումարի չափն անգամ ծիծաղելի է, ես կրկնում եմ՝ մենք ուղտ չենք։ Բիզնեսը մնայուն չէ, այս ընկերություններին հիմնականում հետաքրքրում է գիտության այն ճյուղը, որը դրամայնացման է ենթակա, սակայն գիտության այլ ճյուղերը ևս շատ կարևոր են, օրինակ՝ բարձրագույն կրթության համար, պարզ է, որ բոլորը չեն դառնալու գիտնական, բայց բարձրացնելու են կրթության դերը։

Ենթակառուցվածքը սարքվում է պետության կողմից, առաջին քայլը պետությունն է անում, եթե միայն փողի հարց լիներ, մենք բազմիցս ցույց ենք տվել, որ դրանից ավելի գումար կարողանում ենք հավաքել ու հարց լուծել։

Այս պահին «Գիտուժ» շարժումն ի՞նչ փուլում է, ի՞նչ աշխատանքներ են ընթանում։

Շարժումն է'լ ավելի հանրային դարձնելու փուլում ենք, որ ամեն 2-րդն իր առաջնահերթությունների ցուցակում թվարկի գիտությունը, որ ցանկացած մարդու փողոցում կանգնեցնեք, հարցնեք՝ ի՞նչ կուզենայիք լավացվեր, մի քանի բան թվարկելուց հետո նշեին գիտությունը, ընկալումը դառնար հանրային։ «Գիտուժն», իհարկե, ապաքաղաքական է, բայց շատ եմ ուզում, որ այն դառնա քաղաքական օրակարգ, որ ցանկացած կուսակցություն, որը հայտ է ներկայացնում քաղաքականությամբ զբաղվելու համար, առանձնահատուկ վերաբերմունք ունենա գիտության նկատմամբ և մեծ ուշադրություն դարձնի, իմանա, որ մեջքի հետևում մեծ հանրություն կա, որն ամեն տառը նայելու է՝ ինչպես է վերաբերվում գիտությանը։ Պարտադիր զգա, որ գիտության մասին պետք է պլան ունենա, ռազմավարություն ունենա, սա պարտադիր կարգ պետք է դառնա, ինչպես Արցախի հարցը, անվտանգության հարցը, բանակի հարցը։ Ոնց պտտվում եմ, ամեն ինչ գնում է դեպի գիտություն, գիտելիք չկա, գիտություն բառը պետք է իջեցվի գիտունիկ, տիեզերք հասկացություններից և տարածվի ամենուր։

Մեկնաբանություններ (2)

Արսեն
Հարգելի Արսեն, Ի՞նչն է ձեզ թույլ տալիս դատել այլ մարդկանց, էլ չեմ ասում նրանց, ովքեր տարիներ շարունակ աշխատում ու ստեղծում են, գիտե՞ք սույն պարոնը Հայաստանում քանի աշխատատեղ է ստեղծել, գիտե՞ք ինչ չափի ներդրումներ է բերել Հայաստան։ Իսկ ի՞նչ եք դուք անում, առարկայական կասե՞ք։ Եթե դեմ չեք, կուզեի իմանալ ինչ ի նկատի ունեք, երբ ասում եք ձեր կողքին։
Արսեն
Ամեն ինչ շատ ուրախ, և միգուցե մի քիչ էլ երջանիկ կլիներ, եթե հոդվածի հյուր սույն պարոնը այս օրերին ակտիվորեն պատրաստվելիս չլիներ ընտանիքով ԱՄՆ բնակության արտագաղթելու։ Եվ ուրեմն, կեցցե երեսպաշտությունը, որ մի կողմից հայաստանյան գիտության մասին է իբր թե մտածում, իրականում իր որոշ ընկերներին գումարով ապահովելու համար, կամ հայրենադարձություն է քարոզում, իր՝ հայրենիքից փախնելու պահին։ Արդարացումները (ոչ թե բացատրությունները), թե դրսից ավելի շատ կօգնենք, գնում ենք, որովհետև այստեղ փոփոխություն չենք տեսնում, որոշ ժամանակից կվերադառնանք, ընտանիքի/երեխաների/առողջական պահեր կան, ոչ թե մեղմացուցիչ, այլ որպես ծանրացնող հանգամանքներ են դիտարկվելու։ Պարոնա՛յք պետեհապաշտներ, դատարկախոսներ, պոռոտախոսներ, ձեր սիրելի Կարեն Վարդանյանի խոսքերով ձեզ պատասխանեմ` "երեկ գնացած լինեիք, էսօր երկրորդ օրը կլիներ"։ Ուրեմն հեռացեք արագ, հեռացեք առանց պաթոսի, լուռ, գոնե կիմանանք ով կա մեր կողքին, ում վրա հույս դնենք, ու հետ կառուցենք երկիրը, առանց ավելորդ շաղակրատանքների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter