
Հայաստան ապօրինի թմրանյութ ներմուծվում է հիմնականում փոստային առաքանիներով. փոխոստիկանապետ
2020 թվականին Հայաստանում հայտնաբերվել է ապօրինի ներմուծված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հանցագործության 1226 դեպք։ 2019-ին 1088 նման դեպք է արձանագրվել:
Այս մասին խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը: Նիստում քննարկվում է «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ին կնքված համաձայնագրում փոփոխություններ կատարելու հարցը:
Անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե 2011 թվականից գործող այս համաձայնագիրն ի՞նչ արդյունավետ աազդեցություն է թողել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վրա:
Փոխոստիկանապետն ասաց, որ համագործակցություն կա Ռուսաստանի և Բելառուսի հետ, սակայն փոքր-ինչ առանձնացված լինելով բուն ԱՊՀ երկրներից՝ հիմնական խնդիրները ծագում են այլ երկրների հետ:
«Համագործակցությունը միանշանակ առկա է, հիմնականում օդով և փոստային առաքումներով իրականացվող փոխանցումներ են»,-ասաց նա:
Փոխոստիկանապետի խոսքով` վերջին տարիներին կատարելագործվել են թե' առաքումներով փոխանցումները, թե' համացանցով ապօրինի վաճառքը, և դրանց բացահայտումն օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունք է:
Բագրատյանի համոզմամբ` երիտասարդության շրջանում լայն տարածում ունի «Սփայս» տեսակի թմրանյութը, որը ներկրվող թմրանյութ է։ Նա հետաքրքրվեց, թե ինչ օպերատիվ աշխատանք պետք է իրականացվի դրա դեմ պայքարելու համար:
«Մեզ հայտնի են գրեթե բոլոր միջոցները, որոնք օգտագործվում են թմրամիջոցը Հայաստան տեղափոխելու համար: Խնդիրները, ցավոք, բազմաթիվ են, հիմնականում դրանք առաքվում են փոստային հաղորդումների միջոցով, ինչը բավական ծանր մեխանիզմ է վերահսկողության առումով: Կան երկրներ, որտեղից ուղակվում է, օրինակ՝ ԱՄՆ-ն, երբ հետադարձ հասցեն պարտադիր չէ, որ նշված լինի փոստի վրա կամ նշվում է մտացածին հասցե, հետևաբար համագործակցությունը մեր արտասահմանյան գործընկերների հետ բավական դժվար է»,-ասաց Արա Ֆիդանյանը:
Ըստ փոխոստիկանապետի` մեկ այլ օրինակ են թմրամիջոցներ պարունակող դեղահաբերը, որոնք տարբեր երկրներում, այդ թվում՝ մի շարք եվրոպական, թույլատրելի են օգտագործման համար, ուստի դրանք Հայաստան տեղափոխելն այդ երկրների համար խնդիր չէ:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նկատեց, որ այդ բիզնեսում ներգրավված հանցավոր աշխարհն, այնուամենայնիվ, աջակցություն ունի ուժային կառույցներում:
«Հասարակությունը նման դեպքերի մասին շատ է խոսում, բայց կոնկրետ էն մարդիկ, որոնք հովանավորել են նման գործընթացները, որևէ մի ազդեցիկ անձ չկա ձերբակալված: Էդ ուղղությամբ էլ մտածեք՝ թե' ԱԱԾ-ն և թե' ոստիկանությունը շատ լավ հասկացան` ինչի մասին եմ խոսում»,-ասաց նա:
Մեկնաբանել