HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Աշոտը գնաց՝ կնոջն ու աղջիկներին խոստանալով վերադառնալ 2 օրից

Վերջին հրաժեշտ, գրկախառնություն, ջերմ համբույրներ չեղան: Բաժանվեցին սովորականի նման: Աշոտն ասաց՝ չմտածես, երկու օրից հետ կգամ: Սեպտեմբերի 27-ի լուսաբացը չարագուշակ չէր երիտասարդ ամուսինների համար, թեպետ օդում արդեն թեւածում էր պատերազմի լուրը: Քրիստինեի հիշողության մեջ դաջվել է ամուսնուն ճանապարհելու օրվա յուրաքանչյուր պահը: Սովոր շարժումներով հավաքեց զինվորական պայուսակը, դրեց առաջին անհրաժեշտության իրերը: Աշոտին զանգահարած զինակից ընկերն ասել էր՝ տագնապ է, պիտի 40 րոպեում հասնենք Վանաձոր, ամուսինը շտապում էր, դուրս գալիս ժպտաց. «Չմտածես, երեւի մե էրկու օր կմնանք չաստն ու հետ գուկանք»:

«Երկու օրից զանգեց, թե՝ տանում են Ղարաբաղ,-հիշում է Քրիստինեն,-իրանց սկզբում տարել էին Աղդամ, հետո՝ Ջաբրայիլ: Հոկտեմբերի 1-ին զանգեց, թե էլի տեղափոխում են ու էդ եղավ իրա վերջին զանգը: Սպասեցինք մի 4-5 օր, հետո մի կերպ կապվեցինք ընկերների հետ, իմացանք, որ մնացել է ադրբեջանցիների գրաված դիրքում: Մեզ ասին, որ զոհվել է, բայց որ մարմինը չէինք տեսել, մեկ ամսվա ընթացքում մեզ դին չտվեցին, սկսեցինք կասկածել»:

Պատերազմից 15-20 օր անց, Քրիստինեի ասելով, Կարմիր խաչից մտել են այդ տարածք, նայել, խրամատը դատարկ էր եղել, միայն զրահաբաճկոններ են եղել գցած: «Թաղած մարմիններ էլ չէին գտել, ու մենք մտածեցինք, որ գուցե վիրավորվել է ու ադրբեջանցիք գերի են տարել: Չեք պատկերացնե՝ ինչ օրեր ենք քաշել, բախտ նայողների դռներն էինք ընկած, սաղ կսեին, որ Աշոտը կենդանի է, անպայման գուկա»,- շարունակում է Քրիստինեն:

Աշոտի դուստրերից մեծը՝ 6-ամյա Աննան, անուշադիր է օտարներիս: Փոքրը՝ 3-ամյա Նարեն, տեղավորվում է մոր ծնկներին: Քրիստինեի դեմքը խաղաղ է, ձայնը հանգիստ, ներսում փոթորկվող հույզերը խնամքով թաքցրած օտարի աչքից: Հարցնում եմ. «Երեխաներն ինչպե՞ս են վերաբերվում հոր բացակայությանը»: Պատասխանում է. «Մեծս ամեն ինչ կհասկնա, կպատկերացնե, բայց չի համակերպվի: Ես կբացատրեմ, որ պապան Աստված պապիկի մոտ է՝ ամպերի մեջ, էլ չի գա, իբր կհասկընա, բայց կանցնի որոշ ժամանակ, ընձի կըսե՝ պապաս Ռուսաստան է, տուն բդի գա: Փոքրն էլ ինչ մեծը կսե, ավտոմատ կկրկնե: Երկուսն էլ հոր հետ շատ կապված էին: Հենց հացը կդնեմ, մեծս կըսե՝ պապաս ըսիգ կսիրեր, ըսիգ կուդեր, պապաս ընձի տեղ կտաներ, օր պապաս լիներ, ընձի ստեղ կտաներ, շատ կնեղվի, երբ մեկ-մեկ կմերժեմ ինչ-որ ցանկություններ»:

31-ամյա Աշոտ Հակոբյանն ու 26-ամյա Քրիստինե Հարությունյանը Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղից են: Ամուսնացել են 7 տարի առաջ: Ընտանիքը պահելու նպատակով Աշոտը հիմնականում մեկնում էր արտագնա աշխատանքի ՌԴ: 2019թ.-ին որոշում է անցնել զինվորական պայմանագրային ծառայության: Քրիստինեն ասում է, որ գյուղից շատերն էին ծառայում ու ամիսը 130-180 հազար դրամ աշխատավարձը բավարար էր, որ Աշոտը տարվա մեջ ամիսներով չկտրվեր ընտանիքից:

«Բայց որոշել էր, որ տարին լրանա, պիտի դուրս գա ծառայությունից: Անցած տարի 3 հազար մետր կարտոֆիլ էինք ցանել, ուզում էր հոկտեմբերից թողնել ծառայությունն ու գյուղատնտեսությամբ զբաղվել, էն էլ չհասցրեց,-Քրիստինեն հոգոց է հանում,-էնքան ծրագրեր ունեինք, էնքան երազանքներ: Ուզում էր Գյումրիում բնակարան առներ, որ տեղափոխվեինք, երեխաները կարողանային խմբակներ հաճախեին: Հոկտեմբերին կարտոֆիլը սկսեցինք քանդել, ասինք` թող Աշոտի աշխատանքը ջուրը չլցվի, հետ գա, տեսնի ամեն ինչ արել ենք, բայց էդ էլ կիսատ մնաց, որովհետեւ իրա զոհվելու լուրը ստացանք, մնացած գործերը համագյուղացիներն արեցին: Բայց ես երդվել եմ, որ ինչ կիսատ է մնացել ամուսնուս երազանքներից՝ իրականացնեմ»:

Աշոտի մարմինը գտել են փետրվարի 13-ին, Մեծամորի դիարանից: Ճանաչել են թեւի դաջվածքից: Քրիստինեն ասում է, որ այդ ընթացքում Աշոտի հարազատները երկու անգամ ԴՆԹ անալիզ են հանձնել, մտածել են՝ գուցե ոչ թե ամբողջական մարմինը գտնեն, այլ՝ որեւէ մասունք: «Հունվարին արդեն հույսներս կտրել էինք, թե գերիների մեջ կլինի: Մեծամոր՝ մարմնի ճանաչման համար, եղբայրս էր գնացել: Մարմինն ամբողջական էր եղել, կրծքի վրա՝ սրտի մոտ, խոռոչ է եղել ու դրանից ենթադրում ենք, որ դիպուկահարի կրակոցից է զոհվել: Փաստորեն, հենց էդ ժամանակ՝ հոկտեմբերի 2-ին, իրանց հանել են դիրքերից ու էդքան ամիսներ մեզ պահել անորոշության մեջ: Աշոտին հուղարկավորել ենք փետրվարի 14-ին»,-պատմում է Քրիստինեն:

Աշոտի ծնողները Վլադիվոստոկում էին, երբ սկսվեց պատերազմը: 58-ամյա Աննա Հակոբյանն ամուսնու հետ մեկնել էր արտագնա աշխատանքի: Վլադիվոստոկում է ապրում Աշոտի քրոջ ընտանիքը: Վերադարձել են տղայի զոհվելու լուրն առնելուն պես: Տիկին Աննան դժվարությամբ է խոսում: Ապագան բավական մշուշոտ է նրա համար, սակայն մի բան գիտի հստակ՝ պիտի մեծացնեն թոռներին: Աշոտից բացի եւս մեկ տղա ունի՝ Դավիթը, որ 2018թ.-ին «Ես եմ» ծրագրով էր անցել ծառայության: Մտածել է` բավական գումար են տալիս, խոպան գնալու փոխարեն թե’ կծառայի, թե’ գումար կստանա ու եղբոր հետ որեւէ բիզնեսով կզբաղվեն: Տիկին Աննան փառք է տալիս Աստծուն, որ գոնե  փոքր տղան չանցավ պատերազմ կոչված դժոխքով:

Պետությունից Հակոբյանները ստացել են 700 հազար դրամ՝ որպես հուղարկավորության ծախսերի փոխհատուցում:

«Աշոտի կորելու լուրը հաստատվելուն պես իրան հանել են աշխատանքից, գցել են պաշտպանության նախարարության ներքո, ու էդ օրվանից ո’չ աշխատավարձ, ո’չ որեւէ աջակցող գումար,-ասում է Քրիստինեն,-ու մենակ Աշոտի պահով չէ, սաղ կորած տղեքին իրանց զորամասից հանեցին, կրճատեցին ու թողեցին ընտանիքներին անգումար: Ինձ բացատրեցին, որ եթե զորամասը իրա զինվորից երեք օր տեղեկություն չի ունենա, ուրեմն ավտոմատ դուրս գուկա զորամասի հովանու տակից, կանցնի պաշտպանության նախարարության հովանու տակ, բայց ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա: Ասին, որ իրանց երկու ամիս սովորական աշխատավարձ կհասնի, ըդքան գնացինք եկանք, բայց էդ էլ չտվեցին: Ասին՝ իբր էդ օրենքը փոխվել է, իրանք ոչինչ չեն կարող անել»:

Մարտի 20-ին Քրիստինեն դիմում է գրել, որ ստանան հասանելիք 10 մլն դրամը: Ասել են՝ երեք ամիս կտեւի, մինչեւ գումարը հատկացնեն: Քրիստինեն հույս ունի, որ մինչ այդ էլի օրենք չի փոխվի: Իհարկե, աշխարհի ոսկին անգամ հետ չի բերի ամուսնուն, սակայն կյանքը շարունակվում է եւ աղջնակներին մեծացնելու հոգսը ծանրացել է ի՛ր ուսերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter