HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վլադիմիր Զելենսկին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա. կքննարկվեն ռազմական ոլորտում համագործակցության հարցեր

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 10-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։

«Թուրքիայի և Ուկրաինայի միջև բարձր մակարդակով ռազմավարական խորհրդի իններորդ նիստը կկայանա 2021 թվականի ապրիլի 10-ին Ստամբուլում՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Զելենսկու նախագահությամբ։ Նիստը կանցնի նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվեն թուրք-ուկրաինական հարաբերությունները, բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության մակարդակը։ Բացի այդ կարող են միջոցներ ձեռնարկվել երկկողմ համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ բանակցությունների օրակարգում կարող են ներառվել նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր։ «Հանդիպման ընթացքում մտքեր կփոխանակվեն մեր համատեղ նախագծերի վերաբերյալ, որոնք ուղղված են Ղրիմի մեր բարեկամ թաթարների կենսապայմանների բարելավմանը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Թուրքական TRT Haber հեռուստաընկերությունը նշում է, որ Թուրքիա Զելենսկու այցի հիմնական թեմաները կլինեն պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, ազատ առևտրի գոտու ստեղծման հարցերն ու զբոսաշրջությունը։ 2020 թվականի դեկտեմբերին կողմերը ստորագրել էին պայմանագիր՝ ուկրաինական բանակի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ։ Նույն տարվա հոկտեմբերին, Զելենսկու Թուրքիա կատարած այցի ժամանակ, ստորագրվել էր շրջանակային միջկառավարական ռազմական համաձայնագիր, ինչպես նաև ստորագրվել հուշագիր Ուկրաինայի պաշտպանության նախարարության և Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության հարցերի պետական գործակալության միջև։

Դեռ 2019 թվականին Կիևը ձեռք էր բերել Bayraktar TB2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնք նախատեսվում է զինել թուրքական Rokestan ընկերության բարձր ճշգրտության MAM-L ավիառումբերով։ «Укрспецэкспорт»-ի գլխավոր տնօրեն Վադիմ Նոզդրյան 2020 թվականի հոկտեմբերին հայտարարել էր, որ Կիևը հետաքրքրված է Ուկրաինայում Bayraktar TB2 անօդաչուների արտադրությամբ։ Բացի այդ, նա հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են ձեռք բերել համատեղ արտադրության 48 միավոր անօդաչու։ Բացի այդ, երկու երկրները նախատեսում են նաև զբաղվել Ан-178 տեսակի ինքնաթիռների արտադրությամբ։

2019 թվականին Ուկրաինայի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է 5 միլիարդ դոլար, իսկ 2020 թվականին այն նվազել էր 4,7 միլիարդ դոլարի, սակայն 2021 թվականի առաջին եռամսյակում առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 1,5 միլիարդ դոլար, ինչը 18 %-ով ավելին է, քան նախորդ տարի։ TRT Haber-ը նշում է, որ Զելենսկին և Էրդողանը նպատակադրել են այս տարի առևտրաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի։ Բացի այդ, 2021 թվականին նախատեսվում է ավարտել նաև 2012 թվականից ընթացող ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter