
Կայացել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը
Այսօր, ապրիլի 10-ին տեղի է ունեցել «Միացյալ Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ է ընտրվել Երվանդ Թարվերդյանը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
««Միացյալ Հայաստան» կուսակցության նպատակը ստեղծված բարդ իրավիճակում ազգը համախմբելն է՝ ստեղծելով հզոր հայրենիք՝ ազատ քաղաքացիներով ու ամուր բանակով: «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադրումը հերթական մոդայիկ երևույթը չէ, այլ ինքնաբուխ անհրաժեշտություն», -կուսակցության համագումարում ունեցած ծրագրային ելույթում հայտարարեց Երվանդ Թարվերդյանը:
Թարվերդյանն իր ծրագրային ելույթում ընդգծեց տնտեսական ոլորտում իրականացվելիք փոփոխությունների անհրաժեշտությունը, ինչի արդյունքում հնարավոր է ունենալ՝ «կայուն տնտեսություն, հզոր պետություն»։
««Միացյալ Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ որոշակի ճյուղեր անհրաժեշտ է պետականացնել, որոշ ճյուղերում ապահովել պետական զգալի մասնակցություն: Բացի այդ, ստեղծել ազատ մրցակցության համար անհրաժեշտ պայմաններ: Անհապաղ պետք է քայլ կատարել տնտեսվարող արժեքի ու արժանապատվության վերականգման ուղղությամբ», -հայտարարել է Թարվերդյանը:
Կուսակցության համագումարում ընտրվել է 6 անդամից կազմված Կառավարման խորհուրդ և վերահսկիչ հանձնաժողով:
«Միացյալ Հայաստան» կուսակցությունը հավակնում է մասնակցել հայտարարված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, եթե դրանք կայանան: «Ավելին, «Միացյալ Հայաստան» կուսակցությունը մասնակցելու է Հայաստանում այսուհետև կայանալիք բոլոր համապետական ընտրություններին: Մենք երկրի կառավարման մեջ ունենալու ենք լայն մասնակցություն», -հայտարարել է նա:
Բացի այդ, ըստ նորաստեղծ կուսակցության նախագահի, կուսակցությունը ներկայացված է լինելու Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում և եվրոպական շատ երկրներում:
Մեկնաբանել