
Պատերազմի առաջին ժամերից Էրդողանի տված աջակցությունն ապահովեց, որ որոշ արտաքին ուժեր հեռու մնան այս պատերազմից. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը՝ ապրիլի 10-ին ընդունել է այդ երկրում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էրքան Օզորալին։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպումը տեղի է ունեցել Օզորալի՝ Ադրբեջանում Թուրքիայի դեսպանի լիազորություններն ավարտելու կապակցությամբ։
«Թուրք-ադրբեջանական բարեկամությունը, եղբայրությունը և միասնականությունը հաստատել են բոլոր ոլորտներում և Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Թուրքիայի աջակցությունը, որը տևել է 44 օր, իհարկե, հավերժ կմնա մեր հիշողության մեջ, կապրի մեր սրտերում։ Այն աջակցությունը, որը պատերազմի առաջին ժամերից մեզ տրվել է իմ թանկագին եղբայր, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից, ոգեշնչեց մեզ և ապահովեց այն, որ որոշ արտաքին ուժեր հեռու մնան այս պատերազմից»,- հայտարարել է Ալիևը։
Հանդիպման վերջում Ալիևը Օզորալին պարգևատրել է «Բարեկամության» մեդալով։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել