HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարճևանցին` ընդդեմ խոշոր հանքարդյունահանողի. դատարանը չի պաշտպանել գյուղացու շահերը

Սյունիքի մարզի Կարճևան գյուղի բնակիչ Սիմոն Խաչիկյանն իր երկու հողամասում այլևս չի կարողանում նուռ, թուզ և սերկևիլ աճեցնել: Արդեն 9 տարի է` նա զրկվել է իր եկամտի աղբյուրից, որովհետև Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքի հետևանքով թունաքիմիկատներով հարուստ թափոնաջրերը լցվել են Խաչիկյանների այգիներ, ու գյուղատնտեսական նշանակության հողամասերը դարձրել են գյուղատնտեսական կուլտուրաների մշակման համար ոչ պիտանի:

Մեկ տարի առաջ Սիմոն և Մելսինա Խաչիկյանները որոշել են դատարան դիմել ընդդեմ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, քանի որ կոմբինատի տնօրինությանն ուղղված դիմումներն այդպես էլ որևէ արդյունք չեն տվել:

Նրանք կոմբինատից պահանջում են շուրջ 5 մլն դրամ պատճառված վնասի հատուցում և 21 մլն դրամ բաց թողնված օգուտի գումարը: Խաչիկյանները նաև Քաղաքացիական օրենսգրքով սահմանված տոկոսների բռնագանձում են պահանջում: Բացի դրանից, դատարանից խնդրել են նաև պարտավորեցնել կոմբինատին հողամասն օգտագործման համար պիտանի դարձնել:

Կարճևան համայնքի տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության երկու հողամասը` միասին շուրջ 1800 քմ, սեփականության իրավունքով պատկանում է Սուրենին և մորը` Մելսինա Խաչիկյաններին:

Խաչիկյանները մի քանի անգամ` 2012թ. հոկտեմբերի 1-ին, 2016թ. մարտի 16-ին, 2018թ. հունիսի 4-ին դիմել են կոմբինատի տնօրենին վնաս հասցնող գործունեությունն անհապաղ դադարեցնելու համար, սակայն խնդիրը լուծում չի ստացել:

Դիմել են նաև պատկան մարմիններին, և միայն 2019թ.-ին մարտին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված գրությամբ տեղեկացել են, որ ընկերությունից պահանջվել է վնաս պատճառող գործունեության անհապաղ դադարեցում, որից հետո, սակայն, թունաքիմիկատներով հագեցած ջրերը կրկին ողողել են Խաչիկյանների հողամասերը:

Հետազոտությունների և դատական փորձաքննությունների կենտրոն «Անիկոմ» ՍՊԸ-ի տրամադրած փորձագիտական եզրակացության համաձայն` հողամասերը ոչ պիտանի են գյուղատնտեսական կուլտուրաների մշակման համար, որի արդյունքում պատճառված վնասը կազմել է 4.918.750 դրամ, իսկ հողամասերի շուկայական արժեքը, 27.06.2019թ. դրությամբ, 450.000 և 400.000 դրամ:

«Պատասխանող ընկերության հակաօրինական վարքագծի արդյունքում հայցվորներին սեփականության իրավունքով պատկանող գյուղատնտեսական նշանակության հողամասերը դարձել են իրենց նպատակային նշանակության համար ոչ պիտանի, և 2012 թվականից մինչ օրս նրանք զրկվել են եկամտի ստացումից»,- նշել է դատարանում Խաչիկյանների ներկայացուցիչ Մարիամ Աբրահամյանը:

Հիմք ընդունելով վերոնշյալը` հայցվորների ներկայացուցիչը խնդրել է կոմբինատից բռնագանձել`
- 4.918.750 դրամ, որպես փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ զուտ ապրանքագիտական տեսանկյունից պատճառված ընդհանուր վնասի գումար,
- 21.020.900 դրամ բաց թողնված օգուտ, որից 18.460.900 դրամը` բերքատու ծառերից և 2.560.000 դրամը` բանջարեղենից,
- վնասի գումարի վրա մինչև վնասի փաստացի հատուցման պահը բռնագանձել Քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները,

-պարտավորեցնել պատասխանողին օգտագործման համար ոչ պիտանի վիճակի հասցված հողամասերը բերել օգտագործման համար պիտանի վիճակի:

Կոմբինատի ներկայացուցիչը այս փաստերին հակափաստարկներ չի ներկայացրել, ոչ էլ ժխտել է դրանք: Ավելին, հաստատել է, որ Խաչիկյանն իսկապես դիմել է ընկերությանը, սակայն այդ ամենից 8 տարի է անցել: Նա միջնորդել է հայցային վաղեմության հիմքով մերժել հայցը:

2021թ. փետրվարի 11-ին կայացած դատական նիստում Խաչիկյանների ներկայացուցիչն առարկել է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության դեմ` մի շարք օրենքներ վկայակոչելով և նշելով, որ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում: Դրա շրջանակներում նախաքննությամբ ձեռք են բերվել ապացույցներ, որոնք հիմնավորում են պատասխանող ընկերության կողմից արգելված վտանգավոր քիմիական և կենսաբանական նյութեր կամ թափոններ արտադրելու, դրանք օգտագործելու, պահպանելու, տեղափոխելու, ոչնչացնելու կամ դրանց գործածության անվտանգության կամ այլ կանոնները խախտելու, ինչպես նաև ընդերքօգտագործման կանոնները խախտելու հանգամանքները, որով բնակչությանը հասցվել է վնաս:

Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ քրեական գործով քննության առարկա են «Ագարակի ՊՄԿ» ՓԲԸ-ում 2019թ. նոյեմբերին տեղի ունեցած գրունտային ջրի արտահոսքի առաջացման հանգամանքները: Քրեական գործը մոտ 1 տարի է, ինչ գտնվում է նախաքննության փուլում, և դրանով որևէ հակաօրինական արարք դեռևս ապացուցված չէ, բնությանը կամ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու մեղադրանք որևէ անձի առաջադրված չէ: Ավելին, որևէ կապ չկա այս քաղաքացիական գործի և նշված քրեական գործի միջև:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Սամվել Գրիգորյանի, այնուամենայնիվ, մարտի 3-ին վճռել է, որ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով Խաչիկյանների հայցի առաջին երեք պահանջները ենթակա են մերժման: Իսկ հողամասն օգտագործման համար պիտանի վիճակի բերելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի քննությունը շարունակել առանձնացված վարույթով, և Խաչիկյաններից բռնագանձել 558 հազար դրամ պետտուրք:

Սիմոն Խաչիկյանը մեզ հետ զրույցում նշում է, որ վերջին պահանջն առանձնացնելով` դրական վճիռ իրենց օգտին դատարանը չի կայացրել, և վճռում, որպես հիմնավորում, տառացի գրի է առել կոմբինատի առարկությունները: Սիմոն Խաչիկյանը հիասթափված է: Ասում է` հայաստանյան դատական համակարգում փոփոխություններ չեն եղել, և դատարանը պաշտպանել է խոշոր հանքարդյունահանողի շահերը` անտեսելով սովորական գյուղացուն: Սակայն իրենք բողոքարկելու են այդ վճիռը վերադաս ատյաններում, դրանից հետո, եթե այն նույնպես չբավարարվի, պատրաստ են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այն, որ դատարանը հայցային վաղեմություն է կիրառել այն դեպքում, երբ այսօր էլ այդ հողերը պիտանի չեն գյուղատնտեսության համար, առնվազն տարօրինակ է Սիմոն Խաչիկյանի համար, առավել ևս, որ պատասխանողի ներկայացուցիչը նշել է` իբր դրա վերևի շերտն է անպիտան: Մինչդեռ հողատարածքը, թափոնաջրերի հոսքի հետևանքով, ձորի է վերածվել:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ հայց են ներկայացրել նաև Կարճևանի այլ բնակիչներ` Էմին Թումանյանն ու Շուշիկ Մկրտչյանը: Նրանց հողամասը նույնպես տուժել է պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեությունից: Նրանց գործի քննությունը դեռ նոր է սկսվել: Այդ պատմությանը կանդրադառնանք առաջիկայում:

Հիշեցնենք, որ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը «Գեոպրոմայնինգ»-ի խմբի ակտիվն է, որի խոշոր բաժնետերը ռուս գործարար Ռոման Տրոցենկոն է: «Գեոպրոմայնինգ»-ի խմբի երկրորդ ակտիվը Հայաստանում Սոթքի ոսկու հանքավայրն է:

Լուսանկարներն ու տեսանյութը` Սիմոն Խաչիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter