HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում է գյուղատնտեսության նախարարի այցը Շիրակի մարզ

Շարունակվում են  ՀՀ  գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանի  աշխատանքային  այցերը  մարզեր: Այսօր նախարարը Շիրակի մարզում էր: Մարզի քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարների, գյուղատնտեսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցում էր  նաև  մարզի փոխմարզպետներ Սեյրան Պետրոսյանը և Հարություն Արշակյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում նախորդ տարի ձեռք բերված դրական ցուցանիշներին, նախարարը մատնանշել է նաև առաջիկա գերակայությունները, առանձնացնելով հատկապես գյուղական կոոպերատիվների ստեղծումը, գյուղատնտեսական  տեխնիկայի թարմացումը, ցածր տոկոսադրույքով  վարկերի և մատչելի գներով սերմերի, պարարտանյութի, դիզվառելիքի  տրամադրումը գյուղացիներին:

Նշվեց, որ ընթացքի մեջ են անասնապահության  ոլորտի զարգացմանն աջակցող ծրագրերը: Կարևորվեցին հատկապես արոտավայրերի և կերահանդակների  բարելավմանն ուղղված, ինչպես նաև  արհեստական սերմնավորման ծրագրերը, որոնց  նպատակը անասնապահական  մթերքների արտադրության ծավալների  ավելացումն է:

Նախարարն այս անգամ նույնպես խոսեց գյուղատնտեսական  արտադրանքի մթերման գործընթացի  մասին, հավաստիացնելով, որ այս ոլորտում նախորդ տարի  ձեռք բերված զգալի  առաջընթացը շարունակական է լինելու, և բոլոր  նախադրյալները կան գյուղացու աճեցրած ողջ բերքը այս տարի նույնպես խելամիտ  գնով և ժամանակին  իրացնելու համար:

Հանդիպման ավարտին նախարարը առանձնակի ուշադրություն  հրավիրեց խորհրդատվական կառույցների` գյուղատնտեսության աջակցության մարզային  կենտրոնների դերի բարձրացման վրա և նշեց, որ դրանք կարևոր և կապող օղակներ են ֆերմերների ու գյուղատնտեսության նախարարության միջև:

Օրվա երկրորդ կեսին նախարարը հանդիպեց նաև «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲ, «Շիրակի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոն» ՊՓԲ ընկերությունների և անասնաբուժական մարզային ծառայության աշխատակիցների հետ, ծանոթացավ նրանց հիմնախնդիրներին, սպառիչ պատասխաններ տվեց բարձրացված բազմաթիվ հարցերին: Այս մասին հայտնում է գյուղնախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter