
Էրդողան. Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան իրենց խնդիրները լուծեն խաղաղ ճանապարհով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան, որքան հնարավոր է արագ, խաղաղ ճանապարհով լուծեն իրենց խնդիրները։ Այդ մասին գրում է TACC պարբերականը։
«Նախօրեին մենք հանդիպել ենք Ուկրաինայի նախագահի հետ։ Մենք ցանկանում ենք, որ նրանք, որքան հնարավոր է արագ, խաղաղ ճանապարհով լուծեն իրենց խնդիրները, և մենք ջանքեր ենք ներդնում այդ ուղղությամբ»,- հայտարարել է Էրդողանը՝ չմանրամասնելով, թե ինչ ջանքերի մասին է խոսքը։
Մինչդեռ նախօրերին Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների հանդիպումից հետո, Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է անհրաժեշտ աջակցություն տրամադրել՝ Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման համար, որը պետք է հիմնված լինի Մինսկի համաձայնագրերի վրա։ Էրդողանը հույս է հայտնել, որ «տագնապալի էսկալացիան որքան հնարավոր է շուտ կդադարի, հրադադարի ռեժիմը կպահպանվի, իսկ հակամարտությունը կկարգավորվի երկխոսության ճանապարհով՝ Մինսկում ձեռքբերված պայմանավորվածությունների հիման վրա»։
Այս տարվա փետրվարի վերջից Դոնբասում սկսվել է իրավիճակի սրում, չնայած հրադադարի ռեժիմի ապահովման լրացուցիչ միջոցների շուրջ 2020 թվականի հուլիսի 22-ի պայմանավորվածություններին: Շփման գծում վերսկսվել էր ինտենսիվ փոխհրաձգություն, երկու կողմից կան զոհեր և վիրավորներ։ Ուկրաինան Դոնբասին մեղադրել էր իրավիճակի սրման մեջ։ Դոնեցկն ու Լուգանսկն էլ հայտարարել էին, որ պատճառը Կիևի կողմից հուլիսյան պայմանավորվածությունների չկատարումն է։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել