
Նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն. ՄԻՊ
Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար: Այս մասին նշված է ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնի հաղորդագրության մեջ:
«Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020 թվականին, սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսևորմամբ: Արդյունքում, մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից:
Բացի դրանից, չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Այդ պատճառով, չարաշահումներ հայտնաբերելիս պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է նպաստառուի վրա։
Թեև սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի և դեպքերի վարման գործառույթն ավելի արագ, դյուրին ու թափանցիկ դարձնելու համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման և հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարիներ շարունակ արձանագրվող խնդիրներից է սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվելը՝ սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով: Այս հարցը նույնպես արտացոլված է Պաշտպանի 2020 թվականի հաղորդման մեջ:
Օրինակ՝ դիմում-բողոքներից մեկով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով, նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու ևս չեն ճանաչվել:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝
- ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով,
- բարձրացնել համակարգի հասցեականությունը և թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական և գործնական լիարժեք մեխանիզմներ և այլն»,- ասվում է հաղորդագրությունում:
Մեկնաբանել