
Սարգսաշեն գյուղի տարածքից ադրբեջանցիները կրակել են հայկական կողմի ուղղությամբ
ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ապրիլի 7-ին`առավոտյան 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ. Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ. Սարգսյանից և Վ. Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար: Բացի այդ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով:
Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը: Նշված ճանապարհահատվածում հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:
Լուսանկարը՝ Սարուշենից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել