HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գիտուժ»-ի հայտարարությունը Կառավարության՝ գիտության հատկացումների վերաբերյալ նոր որոշման կապակցությամբ

Կառավարության որոշմամբ գիտության հատկացումների ավելացումը բացարձակապես ռազմավարական չէ։ Գիտուժը վերահաստատում է իր պահանջը։

«Գիտուժ» նախաձեռնության հայտարարությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների ավելացման՝ Կառավարության ապրիլի 8-ի որոշման կապակցությամբ։

«Գիտուժ»-ը համարում է, որ ընթացիկ տարում գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացումների 2 մլրդ դրամով ավելացումը քայլ է ճիշտ ուղղությամբ, բայց անհամապատասխան է գիտության առջև ծառացած խնդիրներին և կրում է ընդամենը մարտավարական բնույթ։ Այդ որոշման իրականացումը կբերի առկա գիտական ներուժի կորստի մասնակի կանխարգելման, մասնավորապես հնարավոր կլինի իրականացնել գիտական սարքավորումների շատ փոքր մասի թարմացում և որոշ դրամաշնորհային ծրագրեր:

Մտահոգիչ է, որ առանց հիմնավորման հետաձգվում են գիտության երիտասարդացման համար անհրաժեշտ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են բազային աշխատավարձերի մրցունակ սանդղակի ներդրումը և գիտական սարքավորումների լիարժեք թարմացումը, ինչպես նաև Սփյուռքի և արտերկրի գիտական ներուժի օր առաջ ներգրավման ծրագրերը:

Ավելին, ԱԺ-ն ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության» մասին օրենքը, որտեղ ի տարբերություն դեռ գործող օրենքի, հանվել է գիտության համար հատկացումների նվազագույն շեմը: Թեև մարտի 3-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ի ամբիոնից համոզվածություն հայտնեց, որ լուծումներ են գտնվելու հատկացումների աճն ամրագրելու համար, սակայն մինչ այսօր օրենքով ամրագրմանը համարժեք այլընտրանքային մեխանիզմներ առաջարկված չեն:

«Գիտուժ» համայնքը ստիպված է հերթական անգամ արձանագրել իր խիստ անհամաձայնությունը. Կառավարության և ԱԺ-ի կողմից իրականացվող ոչ ռազմավարական քայլերն անհամաչափ են գիտության զարգացումը արգելակող խնդիրներին, քանի որ հավակնոտ չեն և չեն պարունակում երկարաժամկետ հանձնառության ամրագրում։

Մենք համոզված ենք, որ հասունացել է պահը, երբ իշխանությունները պետք է վեր կանգնեն իրավիճակային, քաղաքական, տնտեսական և այլ նկատառումներից, և ռազմավարական վերաբերմունք ցուցաբերեն գիտական ներուժի պահպանման ու զարգացման խնդրին՝ հստակ քայլերով և ամրագրումներով։ Մինչ դրան հասնելը «Գիտուժը» շարունակելու է ներկայացնել իր պահանջները և հետևողականորեն առաջ է տանելու իր պայքարը, քանի որ խոսքը գնում է Հայաստանի համար գոյաբանական հարցի մասին։

Պատրաստ ենք համագործակցել օրենսդիր և գործադիր մարմինների հետ կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter