HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ֆինանսական դժվարությունները հաղթահարված չեն. մեծ թվով ժամկետանց վարկեր են գոյացել 

Անդրանիկ Ասլանյանն արդեն 10 օր է մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Մինչ այդ, ամսական 260-280 հազար դրամ աշխատավարձով Էջմիածնում անհատ ձեռնարկատիրոջ մոտ արկղեր է պատրաստել: Սակայն, 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի 4-րդ օրը զինկոմիսարիատի կանչով մեկնել է Արցախ, իսկ երբ պատերազմից վերադարձել է, գործատուն առաջարկել է շարունակել աշխատանքը, բայց ավելի ցածր աշխատավարձով:

Ասլանյանների ընտանիքն ապրում է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում: Ջերմոցային տնտեսություն և գոմ կառուցելու համար տարբեր բանկերից և վարկային կազմակերպություններից ընտանիքի բոլոր չափահաս անդամների անուններով վարկեր են վերցրել:

Անդրանիկի հայրը՝ Գագիկ Ասլանյանը պատմեց, որ իր, կնոջ և երկու տղաների անունով վերցրած վարկերի ընդհանուր գումարը կազմում է մոտ 6 մլն դրամ: Անդրանիկի ամսական աշխատավարձն ամբողջությամբ ուղղվում էր վարկերի մարմանը: Սակայն, երբ տղայի աշխատավարձը կրճատել են, այլևս հնարավոր չէր այդ գումարով վարկերը մարել, և Անդրանիկը ստիպված մեկնել է արտագնա աշխատանքի:

2020թ. բոլոր առումներով անհաջող տարի է եղել: Գագիկի խոսքով՝ մեծ վնասներ են կրել հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվողները: Այդ մասին չեն բարձրաձայնել, քանի որ պատերազմից հետո ստեղված իրավիճակը երկրորդել է իրենց դժգոհությունները:

Նա պատմում է, որ ջերմոցներում արդեն մշակաբույսեր էին ցանել, սպասում էին եկամտին, որը ևս ուղղվելու էր վարկերի մարմանը: Սակայն կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն ամբողջությամբ կաթվածահար են արել գյուղատնտեսական աշխատանքները:

2020թ. հոկտեմբեր ամսից բոլոր բանկերում և վարկային կազմակերպություններում, որտեղ ունեն վարկային պարտավորություններ, Ասլանյաններն ուշացումներ ունեն: Դեկտեմբերին մորթել են նաև 12 խոզերին, որ կարողանան վարկային պարտավորությունները կատարել, գործերը դատարան չգնան: 

«Անցյալ տարի ջերմոցներում կծու բիբար էի դրել, բայց չծախվեց: Մարդկանց ձեռքը փող չկար, որ առևտուր անեին»,-ասում է Գագիկը:

Մի քանի վարկային կազմակերպություններ (ՍԵՖ, Ֆինքա) ընդառաջել են Ասլանյանների խնդրանքներին և 2-3 ամսով հետաձգել վարկերի մայր գումարների մարումը: Արտոնյալ ժամկետն ավարտվել է, ընտանիքը դարձյալ հայտնվել է նույն վիճակում:

«Վարունգ եմ ցանել ջերմոցում, մինչև դա չլինի չեմ կարողանա ոչ մի վճարում անել: Տեսնենք տղուս գործերը ոնց կլինեն Ռուսաստանում: Վիրուսի պատճառով այնտեղ էլ դժվարություն կա, հեշտ չէ գործ գտնելը»,- ասում է Գագիկ Ասլանյանը:

Ջերմոցներում քիչ քանակությամբ կանաչի ունեն: Այժմ դրա վաճառքից գոյացած միջոցներով են ապրում մինչև վարունգը շուկա դուրս գա: Մինչ այդ, հնարավոր է՝ որոշ բանկեր գումարի բռնագանձման պահանջ ներկայացնեն Ասլանյանների դեմ: Ընտանիքը նման մտավախություն ունի:

Նմանատիպ պատմությունների տասնյակ օրինակներով կաելի է հանդիպել յուրաքանչյուր համայնքում: Բանկերը ևս բարձրաձայնում են, որ կորոնավիրուսն ու պատերազմը վատ է անդրադարձել ֆինանսատնտեսական ոլորտի վրա, սակայն առաջարկված կարճաժամկետ լուծումներն էական ազդեցություն չեն ունենում հաճախորդների վրա:

Բանկերի «գրոհը» դատական համակարգի վրա

Դատական դեպարտամենտի ղեկավարից խնդրել էինք տրամադրել տեղեկություն, թե 2018-2020թթ. բանկերի և ֆինանսական կազմակերպությունների կողմից ընդդեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց գումարի բռնագանձման պահանջով քանի՞ հայցադիմում է ներկայացվել և այդ գործերով քանի դատական ակտ է կայացվել: Պատասխանել են, որ ակնկալվող տեղեկատվության վերաբերյալ վիճակագրություն կամ այլ հաշվառում դատական դեպարտամենտի կողմից չի վարվում:

Պատահական օրերի ընտրության սկզբունքով ուսումնասիրել ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակում առկա տեղեկատվությունը: Օրինակ՝ 2021թ. ապրիլի 6-ին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարաններ մուտք է եղել 725 դիմում և հայցադիմում, որից 309-ը բանկերի ու վարկային կազմակերպությունների հայցերն են:

Կորոնավիրուսի սրման փուլում, երբ երկրում գործում էին մի շարք սահմանափակումներ, դարձյալ գերակշռել են բանկերի ու վարկային կազմակերպությունների հյացադիմումները: Մասնավորապես, 2020թ. հուլիսի 23-ին դատական համակարգ մուտք է եղել 438 դիմում և հայցադիմում, որից  348-ը բանկերի ու վարկային կազմակերպությունների հայցադիմումներն են:

Նույնիսկ պատերազմի թեժ օրերին բանկերն ու վարկային կազմակերպությունները հայցադիմումներ են ներկայացրել քաղաքացիների դեմ: Մասնավորապես, 2020թ. հոկտեմբերի 14-ին 210 դիմումից ու հայցադիմումից 137-ը վերաբերել է բանկերին՝ գումարի բռնագանձման պահանջով:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական, վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնի պետ Վահե Մովսիսյանը «Հետք»-ի  գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ 2020թ. ընթաքում Հայաստանի առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներկայացված կատարողական թերթերի հիման վրա գումարի բռնագանձման պահանջով ծառայությունում հարուցվել է 96,680 կատարողական վարույթ: Համեմատության համար նշենք, որ 2019-ին հարուցվել էր 51,828 կատարողական վարույթ:

Հարուցված կատարողական վարույթների գերակշիռ մասով պարտապան են հանդիսացել ֆիզիկական անձինք: Մասնավորապես՝ 2019թ. հարուցված վերը նշված կատարողական վարույթներով պարտապան իրավաբանական անձ է հանդիսացել ընդամենը 91-ը, իսկ 2020-ին՝ 54-ը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից խնդրել էինք բանկերի և վարկային կազմակերպությունների վերաբերյալ տրամադրել տեղեկություններ կատարողական վարույթների, բռնագանձման ենթակա և բռնագանձված գումարների մասին: Ծառայության վերլուծական և աճուրդի կազմակերպման բաժնի պետ Վահե Մովսիսյանը տեղեկացրել է, որ կատարողական վարույթների վարման էլեկտրոնային շտեմարանը գործարկվել է 2017թ. փետրվարին: Կատարողական վարույթների էլեկտրոնային շտեմարանում հաշվետվությունների գեներացման մոդուլում հայցվող տեղեկատվության արտացոլման համապատասխան էլեկտրոնային գործիք առկա չէ: Ուստի, տրամադրված տեղեկատվության մեջ հնարավոր են որոշ անճշտություններ:

Ըստ տրամադրված տեղեկատվության՝ 2020թ. Հայաստանում գործող 17 բանկերի օգտին հարուցված գումարի բռնագանձման պահանջով կատարողական վարույթներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է մոտ 58 մլրդ 504 մլն դրամ: Համեմատության համար նշենք, որ 2018թ. հարուցված վարույթներով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 57 մլրդ 407 մլն դրամ, 2019-ին՝ 54 մլրդ 539 մլն:

Գումարների բռնագանձման հարցում ևս դժվարություններ են առաջանում: Բռնագանձման ենթակա գումարներից 2020թ. հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձել է 14 մլրդ 658 մլն դրամ: Նմանատիպ պատկեր է նաև նախորդ տարիներին:

Ինչ վերաբերում է վարկային կազմակերպություններին, ապա 2020թ. բռնագանձման ենթակա  գումարի չափը կազմել է 14 մլրդ 449 մլն դրամ, որից բռնագանձվել է ընդամենը 1 մլրդ 369 մլն դրամը: Նշենք, որ 2019թ.-ին վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 7 մլրդ 933 մլն դրամ, որից բռնագանձվել է 1 մլրդ 337 հազար դրամը:

Նույն տենդենցը շարունակվում է նաև 2021թ.-ին: Առաջին եռամսյակին, հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային շտեմարանում առկա տվյալների համաձայն, բանկերի օգտին հարուցվել է 21,362 վարույթ: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 13 մլրդ 621 մլն դրամ, որից բռնագանձվել է 2 մլրդ 257 մլն դրամ:

Ունիվերսալ վարկային կազմակերպությունների օգտին 2021թ. առաջին եռամսյակում հարուցվել է 4,777 վարույթ: Բռնագանձման ենթակա գումարի չափը կազմել է 2 մլրդ 748 մլն դրամ, որից բռնագանձվել է 489 մլն դրամը:

Բանկերը չեն ցանկանում, բայց դիմում են դատարան

Բանկերի ու վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները նշում են, որ կորոնավիրուսի ու պատերազմի պայմաններում բազմաթիվ լուծումներ են առաջարկել վարկառուներին՝ վերավարկավորումից, գրաֆիկների վերանայումից մինչև վարկի գումարի ներումներ, որոնք որոշ չափով թեթևացրել են քաղաքացիների բեռը: Սակայն, փաստում են, որ ֆինանսական դժվարությունները դեռ հաղթահարված չեն, և վարկերը դժվարությամբ են մարվում:

«Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության խնդրահարույց վարկերի կառավարման վարչության ղեկավար Վահե Պողոսյանն ասաց, որ կորոնավիրուսն ու պատերազմը բացասական հետևանքներ են ունեցել վարկառուների ֆինանսական վիճակի վրա: Covid-ի և' առաջին և' երկրորդ ալիքը, որը պատերազմի հետ համընկավ, բավականին լուրջ ազդեցություն են ունեցել հաճախորդների վրա:

Այդ ընթացքում վերակոռուցվել են վարկերը, փոփոխվել են գրաֆիկները:

«Ամենամեծ հարվածը համակարգին և հաճախորդների վճարունակությանը հասավ պատերազմի ժամանակ: Նախ՝ տևական ժամանակ հաճախորդները մարման համար կոնտակտի դուրս չէին գալիս, մենք էլ տույժ-տուգանք չհաշվարկեցինք, ժամկետանց օրեր չհաշվարկեցինք»,-նշում է վարկային կազմակերպության ներկայացուցիչը:

Վ. Պողոսյանն ասում է, որ պատերազմի ժամանակ այն մարդիկ, որոնք գումար ունեին, վախենում էին ծախսել: Չգիտեին՝ վաղը ինչ է լինելու, ինչքան է տևելու պատերազմը, գումարներն ուղղում էին ռազմաճակատին:

«Տևական ժամանակ դատարան չէինք դիմում: Արդեն մեկ տարի է, որ առնչվում ենք շատ մեծ քանակության ժամկետանց վարկերի հետ: Ուղղակի անհնար է շատ մեծ ժամանակահատվածով հրաժարվել վճարումներն ընդունելուց: Եթե տևական ժամանակ մուտքեր չունենանք, ուղղակի մեր բիզնեսն է տուժում: Ստիպված ենք դատական պրոցեսի մեջ մտնել»,-նշում է Վահե Պողոսյանը:

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանն էլ ասաց, որ Covid-19-ի պատճառով շատ քիչ մարդիկ են եղել, որոնք չեն տուժել:

«Մենք հակված չենք հաճախորդի հետ մեր հարաբերությունները հասցնել դատարան: Դա լինում է ծայրահեղ դեպքերում: Լինում է, որ գործը գնում է դատարան, դատական ակտ է կայացվում, գույքը գալիս է մեր բալանսի վրա, բայց դրանք չենք վաճառում: Նոր գրաֆիկներ ենք կազմում, տույժ-տուգանքները սառեցնում ենք և հնարավորություն ենք տալիս մարել ու իրենց գույքը վերադարձնում  ենք»,-ասում է Ն. Ասատրյանը:

Նարեկի ասելով՝ երբեմն դատական գործընթաց սկսելն օրենքի անհրաժեշտություն է, և բանկը չի կարող դատարան չդիմել: Սակայն, քիչ չեն նաև դեպքերը, երբ մարդիկ օգտվում են ստեղծված իրավիճակից և պարտավորությունները պատշաճ չեն կատարում:

«Այս պահին տագնապային վիճակ չկա մեզ մոտ: Վարկերի տրամադրումը շատ խելամիտ ձևով է եղել: Չեն եղել չհիմնավորված վարկերի տրամադրումներ: Այն մարդկանց գործն է դատարան գնում, ովքեր ուղղակի հրաժարվում են վճարել, որևէ ձևով փոխհամաձայնության չեն գնում»,-հավելեց Նարեկ Ասատրյանը:

Բանկը պատերազմին մասնակցած անձանց ևս անհատական մոտեցում է ցուցաբերվել:

«ՍԵՖ ինտերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության մարկետինգային բաժնի ղեկավար Պարույր Գևորգյանի խոսքով՝ ամբողջ շուկայում ֆինանսական դժվարություններ են:

«ՍԵՖ»-ը ևս երկարաձգել է վարկային պայմանագրերը երկու ամսով: Բացի այդ, պատերազմին մասնակցած վարկառու անձանց և նրանց ընտանիքների ուշացումները չեն դիտարկվել:

«Այժմ էլ «հաշտության կնքում» ակցիա ենք իրականացնում: Դուրս գրված վարկերի մասով, որոնք պետք է դատարան գնան, ներդրել ենք հաշտության համաձայնագրերի կնքման մեխանիզմ: Տույժերը մինչև 100%-ով զիջում ենք, սպասարկման վարձավճարները և տոկոսները մինչև 90% (անհատական է) զիջում ենք և կնքում ճկուն մարման գրաֆիկ: Դրանով էականորեն նվազեցնում ենք դատական գործընթացների քանակը»,-ասում է Պարույր Գևորգյանը:

ՄՈԳՈ վարկային կազմակերպության մասնաճյուղային ցանցի և գործընկերների հետ աշխատանքի վարչության ղեկավար Արա Ազարյանը ևս նշեց, որ գերակշռում են այն հաճախորդները, ովքեր տուժել են կորոնավիրուսի կամ պատերազմի պատճառով: Բոլորի հետ փորձել են ընդհանուր եզրեր գտնել՝ լինի վերակառուցումների ձևով կամ այլ տարբերակով:

«Մեր հաճախորդները բավականաչափ տուժել են: Եկամուտների նվազումը պայմանավորված է հիմնականում բիզնեսի հետ: Օրինակ՝ ռեստորանային բիզնեսը, տուրիզմը կորոնավիրուսի ժամանակ խայտառակ վիճակում են հայտնվել: Եկամուտներ չէին ստանում, բնականաբար աշխատակիցների աշխատավարձերն էլ էին ձգձգվում: Պատերազմի ժամանակ էլ իրավիճակը սրվեց»,-ասում է Ա. Ազարյանը:

Վարկային ներկայացուցիչը կարծում է, որ այս պահին վերականգնման փուլում են: Հաճախորդները սկսել են աշխատել, եկամուտ ստանալ:

«Արդշինբանկ»-ի մարքեթինգային հաղորդակցությունների վարչության պետ Նաիրա Առաքելյանն էլ ասաց, որ վարչության նախագահ Արտակ Անանյանը օրեր առաջ խոսել է դժվարությունների մասին: Մասնավորապես, Ա. Անանյանը նշել է, որ վարկերի չվճարումը բանկերում տեսանելի ապագայում կարող է հաճախակիանալ։ Չաշխատող վարկերի ծավալը, որոնցով վճարումներ չեն կատարվում, ներկայիս 6,6 տոկոսից կարող է աճել մինչև 10 տոկոս: Նա հավելել է, որ պատերազմով պայմանավորված տնտեսական հետևանքների ազդեցությունն առավելապես զգացնել կտա 2021թ.: Ըստ Ա. Անանյանի՝ շատ բան կախված կլինի համավարակով պայմանավորված իրավիճակի զարգացումից, իշխանությունների և կարգավորող մարմինների գործողություններից, երկրի ներքին և արտաքին քաղաքական ընդհանուր իրավիճակից։

Ինֆոգրաֆիկաները` Տիրայր Մուրադյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter