HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Խորոնք գյուղում մալուխների վնասման պատճառով շարքից դուրս է եկել 100 ընտանիքի էլեկտրատեխնիկա

Արմավիրի մարզի Խորոնք համայնքի 100 տան էլեկտրական տեխնիկա է վնասվել էլեկտրական մալուխների վնասման պատճառով: Այսօր գյուղացիները փակել էին Երևան-Էջմիածին ճանապարհը՝ ՀԷՑ-ից պահանջելով հարցի շուտափույթ լուծում: Ճանապարհը փակ մնաց մոտ 15 րոպե, որից հետո ոստիկանները, բանակցելով ակցիայի մասնակիցների հետ, վերականգնեցին երթևեկությունը:

Խորոնքի համայնքապետ Սարգիս Նահապետյանը բողոքի ակցիա կազմակերպող համագյուղացիների կողքին էր: «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ ապրիլի 10-ին գյուղի փողոցներից մեկի էլեկտրական մալուխն է պոկվել և ընկել մյուս մալուխի վրա՝ առաջացնելով ուժեղ լարում, ինչն էլ գյուղացիների տեխնիկայի շարքից դուրս գալու պատճառ է դարձել:

«Նոլը կտրվել, ընկել է ֆազի վրա: Երկու ֆազը մտել է տներ՝ 380 վոլտ, բոլոր տեխնիկաները վնասվել է»,- ասաց Ս. Նահապետյանը:

Համայնքապետը նշեց, որ գյուղացիները էլեկտրացանցի աշխատակիցներին հրավիրել են գյուղ, սակայն վերջիններս էլ գյուղացիներին են հրավիրել «Էջմիածին» էլեկտրացանց: Տեղում փոխհամաձայնության չեն եկել, և տուժածները փակել են ճանապարհը:

Վլադիկ Ամիրյանը ևս բողոքի մասնակիցներից էր: Պատմեց, որ էլեկտրաէներգիայի տատանման հետևանքով անսարք են դարձել ջեռուցման կաթսաները, ջրի պոմպերը, հեռուստացույցները, սառնարանները, լվացքի մեքենաներն ու այլ տեխնիկա: Իր ընտանիքը ևս լուրջ վնասներ է կրել:

«Մեզ ասում են՝ եկեք, դիմում գրեք, կվերանայենք, կգանք, վնասը կգնահատենք: Բայց չեն ասում, թե երբ են գալու, երբ են վնասը վերականգնելու: Գյուղացի մարդ ենք, առանց ջրի նասոսի, առանց տեխնիկայի ո՞նց ենք մնալու»,-հավելեց Վ. Ամիրյանը:

ՀԷՑ-ից պարզաբանեցին, որ գյուղացիների բարձրացրած հարցն ուսումնասիրում են և լրացուցիչ պարզաբանում կտրամադրեն ավելի ուշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter