HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանում սովորող արցախցիները չեն օգտվում աջակցությունից վերջին 3 ամսում Արցախում չգտնվելու պատճառով

Դիանա Հարությունյանը Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ է: Նա նաև ԵՊՀ պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսի առկա համակարգի ուսանող է: Դիանան ապրում էր Արմավիրում, որտեղից էլ ուսանողական ավտոբուսով գալիս էր Երևան: Արձակուրդների ժամանակ նա վերադառնում էր տուն՝ Քարվաճառ: Սակայն վերջինս պատերազմին նախորդող վերջին 3 ամիսներին չի գտնվել Արցախում, այդ իսկ պատճառով չի կարողանում օգտվել աջակցության ծրագրից:

Ըստ Հայաստանի կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի որոշման՝ 300 000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն անձինք, որոնք պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում ունեցել են հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ն առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ: Վերջին 3 ամսվա փաստացի բնակվելու հանգամանքը հավաստվում է Արցախի կառավարության կողմից: Այսպիսով, ուսման նպատակով պատերազմին նախորդող վերջին 3 ամիսներին Արցախում չբնակվող քաղաքացիները չեն կարողանում օգտվել 300 000 դրամ աջակցության ծրագրից:

Դիանայի ծնողները նույնպես չեն ստացել աջակցություն: Մայրը՝ Մարետա Հարությունյանն արդեն 12 տարի է՝ բնակվում էր Քարվաճառում: 4-ամսյա կոսմետոլոգիայի դասընթացին մասնակցելու նպատակով վերջին 3 ամիսներին գտնվել է Արմավիրի մարզում՝ իր մոր տանը: Մարետան որոշել էր ուսման կուրսն ավարտելուց հետո Քարվաճառում այդ գործով զբաղվել: Նա պատմում է, որ ամուսինը՝ Արթուրը, նույնպես չի օգտվել աջակցության ծրագրից, քանի որ պատերազմին նախորդող 5 ամիսներին բուժման նպատակով գտնվել է Ղրիմում, սակայն պատերազմի վերջին օրերին վերադարձել է Արցախ և քնապարկերի տեղափոխմամբ զբաղվել:

Մարետան 2 ամիս առաջ գրավոր դիմել է Շահումյանի շրջանի ղեկավարին (այդ ժամանակ շրջանի վարչակազմի ղեկավարը Հայկ Պետրոսյանն էր)՝ ներկայացնելով բացակայության պատճառը: Վերջինս ասել է, որ դիմումին ընթացք կտա, աջակցությունը կստանան:

Շրջանի նոր ղեկավարի՝ Սերգեյ Չիլինգարյանի հետ խոսել է Մարետայի ամուսինը, վերջինս ասել է, որ իրենց անուններն ուղարկել են Ստեփանակերտ, որպեսզի այնտեղից էլ փոխանցեն Հայաստան: Մարետան տեղեկացել է, որ միայն իր անունն են գրել, հետո գնացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից էլ նրան հայտնել են, որ ընտանիքի անդամների անունները ցուցակում չկան:

ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում աջակցության ծրագրերի համար ստեղծվել է աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբի անդամ Արամ Թադևոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այն ուսանողները, որոնք սովորում են առկա համակարգում կարող են օգտվել աջակցության ծրագրից:

«Հեռակա համակարգի ուսանողները չեն կարող օգտվել աջակցությունից, քանի որ վերջին 3 ամվա ընթացքում իրենց տանը գտնվելու հնարավորություն ունեին: Հայաստանում՝ առկա համակարգում սովորող ուսանողները, ծրագրի շահառու են: Ցուցակները կազմում են համայնքները, այնուհետև ուղարկում ԱՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից էլ՝ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,- հայտնեց նա:

Այն մարդիկ, որոնք բուհերում չեն ուսանում, սակայն նոր մասնագիտացում ձեռք բերելու դասընթացների են հաճախում, Թադևոսյանի խոսքով, որքանով ինքն է տեղյակ, աջակցություն չեն ստանալու:

«Եթե մարդիկ դիմումներ են ներկայացնում ծրագրի շահառու դառնալու համար, դրանք ուղարկվում են համայնքներին: Քաղաքացին կարող է պահանջել, որ ավագանու նիստ լինի: Մեծ համայնքների դեպքում՝ Հադրութում և Շուշիում, որտեղ կային կասկածելի դեպքեր, ձևավորվել են հանձնաժողովներ»,- նշեց Թադևոսյանը:

«Հետք»-ը կապ հաստատեց նաև Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Չիլինգարյանի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ աշխատանքներ են տարվում, որպեսզի պատերազմին նախորդող վերջին 3 ամիսներին ուսման նպատակով Արցախից բացակայած անձինք օգտվեն աջակցության ծրագրից: Սերգեյ Չիլինգարյանը հրաժարվեց հեռախոսով պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ չի կարող հավաստիանալ, որ իրեն զանգահարողը լրագրող է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter