HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կաթնամթերք արտադրողների միության նախագահ. «Առաջիկայում կաթնամթերքի գները կբարձրանան»

Էներգառեսուրսների գնաբարձրացումն ու ներմուծվող հումքի թանկացումը առաջիկայում հանգեցնելու են Հայաստանում արտադրվող կաթնամթերքի գնի բարձրացմանը։ «Հետքի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանը։

Հայաստանում արտադրվող կաթի քանակությունը, հատկապես ձմռանը, բավարար չի կաթնամթերքի տեսակների արտադրության համար։ Այդ բացը և սպառողական պահանջարկը լրացնելու համար Հայաստանը ներմուծում է ինչպես կաթի փոշի, այնպես էլ պատրաստի կաթնամթերք՝ կարագ, պանիր, կաթնաշոռ և այլն։

Բացի կարագից, կաթնամթերքի մյուս տեսակների պահանջարկը Հայաստանում բավարարվում է մեծ մասամբ տեղական արտադրությամբ։

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ Հայաստանում, ի թիվս սպառողական բազմաթիվ ապրանքների, կաթնամթերքը ևս արդեն իսկ թանկացել է։ Վերջին տվյալներով՝ 2021 թվականի մարտին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում  գրանցվել է 16.5% գնաճ։

Չնայած նշված ապրանքախմբի ընդհանուր գնաճի ցուցանիշի վրա էական ազդեցություն է ունեցել ձվի 78.2% թանկացումը, սակայն բարձրացել են նաև կաթնամթերքի առանձին տեսակների գները։ Մասնավորապես, անարատ կաթը թանկացել է 1.6%-ով, պահածոյացված կաթը՝ 5.2%-ով, յոգուրտը և մածունը՝ 3.7%-ով, պանիրը և կաթնաշոռը՝ 1.5%-ով, կաթնամթերքի այլ տեսակները՝ 4.5%-ով, կարագը՝ 6.9%-ով, յուղերը և ճարպերը՝ 24.6%-ով և այլն։

Այս գնաճը, սակայն, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ (ՀՀ ՏՄՊՊՀ) Գեղամ Գևորգյանը էական չի համարում։ Այսօր հանձնաժողովում կաթնամթերքի շուկային նվիրված քննարկմանը լրագրողների հետ զրույցում նա հավաստիացրեց, որ կաթնամթերքի արտադրության շուկան կենտրոնացված չէ, և գերիշխողներ չկան։ «Կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացումներ այս պահին չկան։ Բայց նաև դա մեր դաշտում չի գտնվում, որովհետև կաթնամթերք արտադրողների քանակը բավականաչափ է։ Կենտրոնացվածության շեմը բավական նվազ է, և այստեղ էական մրցակցություն է տեղի ունենում։ Կան տասնյակ ընկերություններ, և չկա մեկ ընկերություն, որ շուկայում ունի գերիշխող դիրք։ Դաշտը մրցակցային է, և շուկան ձևավորվում է մրցակցային կանոններին համապատասխան»,- վստահեցրեց ՏՄՊՊՀ նախագահը։

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները ՏՄՊՊՀ-ում հավաքվել էին՝ քննարկելու շուկայում առկա մրցակցային իրավիճակը։ Սակայն, քննարկումը ծավալվեց հիմնականում կաթնամթերքի մակնշման, մակնշված կեղծ տեղեկությունների միջոցով հանրությանը մոլորեցնելու և այդպիսով անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու դեպքերի շուրջ։

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը հայտարարեց, որ կաթնամթերքի շուկայում դեռ կան արտադրող տնտեսվարողներ, որոնք չեն պահպանում մակնշման օրենքի կանոնները։ Դրա պատճառով այդ արտադրանքը դասվում է կեղծված կաթնամթերքի շարքին։ Նման դեպքեր է հայտնաբերել նաև ՏՄՊՊՀ-ն։ Օրինակ, երբ մակնշված է «թթվասեր» կամ «պանիր», բայց ապրանքների մեջ օգտագործվել է բուսական յուղ, օրենքի խախտում է։

Տնտեսվարողները հաճախ չարաշահում են նաև «Էկո» կամ «Էկոլոգիապես մաքուր մթերք» արտահայտությունները։ Թե որ տնտեսվարողներն են նման խախտումներ անում, անվանապես չնշվեց։

Կաթնամթերքի արտադրության ցուցանիշներն անկումային են

2020 թվականի մարտից, երբ կորոնավիրուսը սկսեց լայն թափով տարածվել, ու մի շարք սահմանափակումներ սկսեցին գործել, ինչպես շատ շուկաներում, կաթնամթերքի շուկայում ևս սպառման ծավալների անկում գրանցվեց։ Փակվեցին ռեստորանները, մանկապարտեզներն ու այլ հաստատություններ, որոնք ևս որոշակի քանակով կայուն սպառողներ են։ Այնուհետև, մարդկանց եկամուտների ու սպառման վրա ազդեց նաև պատերազմը։ Ներկայում,  Կաթնամթերք արտադրողների միության նախագահ Խաչատուր Պողոսյանի խոսքով, կաթնամթերքի սպառումը դեռևս լիարժեք չի վերականգնվել։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին աճել է միայն կարագի և կաթնային մածուկների արտադրությունը, կաթնամթերքի մյուս տեսակների արտադրությունը կրճատվել է։

Մասնավորապես, 2021 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում արտադրվել է 1.275 մլն լիտր կաթ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 0.4%-ով։

Արտադրվել է մոտ 181 տոննա կարագ և կաթնային մածուկներ՝ աճելով 14.2%-ով։

Պանրի արտադրության ծավալները կազմել են 2 522 տոննա՝ նվազելով 5.9%-ով,

կաթնաշոռի ծավալները՝ 270 տոննա, անկումը՝ 3.8%,

թթված կաթի և չբուրավետացված մածունի ծավալները` 1 396 տոննա, անկումը՝ 6.6%, 

թթվասերինը՝ 1 027 տոննա, անկումը՝ 8.6%, 

պաղպաղակինը՝ 467 հազար լիտր, անկումը՝ 9.2%։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter