
Կայացավ «ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլը
Ապրիլի 10–ին տեղի ունեցավ «ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագրի մրցութային փուլը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը:
«Այսօր ձեզ տրված է բացառիկ հնարավորություն, ձեր գաղափարներն ու մտքերը ներկայացնելու, համոզելու դրանց հեռանկարի մեջ և կարողանալու ներդրումներ բերել այդ գաղափարի իրագործման համար: Ամեն ինչի կենտրոնում իհարկե կանգնած է միտքը, որը նաև ձեր այսօրվա միջոցառման կենտրոնական բառն է: Ցանկացած փոփոխություն, առաջընթաց, երազանք, հաղթանակ նախևառաջ սկսում է մտքից»,- շեշտել է նախարարը:
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանն իր ողջույնի խոսքի ժամանակ ընդգծեց որ սա մասնավոր ընկերության հետ առաջին նորարարական հարթակն է: Նա նաև շեշտեց համատեղ գործունեության կարևորությունը՝ երիտասարդ ձեռներեցների միտքը զարգացնելու հարցում:
«ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագիրը նախատեսում է տասներկուշաբաթյա ինտենսիվ դասընթացներ գաղափարի փուլում գտնվող ստարտափ թիմերի համար: Այն իրականացնում է Դիջիթեյնը իր ԴիջիՔաղաք նախագծի շրջանակներում և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համատեղ: Ծրագիրը միտված է անհրաժեշտ ռեսուրսներով ապահովել տեխնոլոգիական գաղափարներ ունեցող ստարտափներին, որոնք առաջարկում են նորարարական լուծումներ, որոնք էլ, իրենց հերթին, կզարգացնեն և կխթանեն Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտը: «ՄԻՏՔ» ինկուբացիոն ծրագիրը կիրականացվի Դիջիթեյնի գրասենյակում, որտեղ ստարտափ թիմերին կտրամադրվեն աշխատասեղաններ և բարենպաստ աշխատանքային պայմաններ:
Տասներկուշաբաթյա ծրագիրը ներառում է հետևյալ փուլերը՝
- Ծանոթացում
- Հաճախորդների և շուկայի վերլուծություն
- Նախատիպերի մշակում և զարգացում
- Բիզնեսի զարգացում
- Փիչինգ
Մրցույթի ժամանակ ելույթ ունեցան 35 դիմում ներկայացրած ստարտափ թիմերից հարցազրույցի փուլը անցած 13 թիմերը: Ստարտափ թիմերի գործունեության ոլորտները բազմազան էին՝ ֆինանսական տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, առողջապահություն, տուրիզմ, գյուղատնտեսություն, AR/VR, ռազմարդյունաբերություն և այլն:
Հատկանշական է, որ «ՄԻՏՔ» ստարտափ ինկուբացիոն ծրագրին դիմել էին ստարտափ թիմեր նաև արտերկրից, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից: Դիջիթեյնը կարևորում է մարզերի հզորացումը՝ նաև տեխնոլոգիաների միջոցով:
«ՄԻՏՔ» ինկուբացիոն նախագիծը ԴիջիՔաղաք նախագծի առաջին մեծ քայլն է իր մեծ նպատակին ծառայելու՝ զարգացնել Հայաստանի ստարտափ էկոհամակարգը և ստեղծել տեխնոլոգիական ձեռներեցների մեծ համայնք», ասեց Մարիամը, «ՄԻՏՔ» նախագծի պատասխանատուն:
Ժյուրիի քվեարկության արդյունքում ինկուբացիոն ծրագիր անցան 8 ստարտափ թիմեր: Ընտրված թիմերն են.՝ AR trails, Gabby, Armbionics, Axona, MedTech, Payman, Streameal և Prekog.ai։
«Մենք շատ ոգևորված ենք հեռանկարային թիմեր ընտրելու և իրենց լիարժեք ներուժը բացահայտելու և զարգացելու թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկաների համար: Ծրագիրը կնպաստի թիմերի՝ գաղափարը բիզնես վերածելու գործընթացում», - շեշտեց Աննան ՝ M1TQ ծրագրի համակարգողը:
Ինկուբացիայի ընթացքը կսկսվի Դիջիթեյնի գրասենյակում ապրիլի 20–ից:
Վճարովի բովանդակություն
Մեկնաբանել