HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական երկաթուղու արդիականացման ծրագրերը առայժմ միայն թղթի վրա են մնում

«Մանկական երկաթուղին չի կարող մնալ այսօրվա վիճակում»,- հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 2020 թվականի հունիսի 16-ին, սակայն այդ ժամանակվանից ի վեր երկաթուղու արդիականացման ծրագրերը մնացել են միայն թղթի վրա, քանի որ այդ ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել, խոչընդոտներ են ստեղծվել նաև կորոնավիրուրսի և 44-օրյա պատերազմով պայմանավորված իրավիճակներով։

Երևանի մանկական երկաթուղին բացվել է 1937թ․ հուլիսի 6-ին։ Մայրաքաղաքում մանկական երկաթուղի ունենալու առաջարկն արել է Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը, որը 1936թ․ ապրիլին դրել է «Փարոս» (հետագայում՝ «Հայրենիք») կայարանի հիմնաքարը, սակայն երկաթուղու բացումը այդպես էլ չի տեսել, քանի որ մի քանի ամիս անց, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել։

Մանկական երկաթուղու այգու գլխավոր ճարտարապետը Միքայել Մազմանյանն է։

Երկաթուղու երկարությունը 2,1 կմ է, գործում է 2 կայարան (Հայրենիք և Պիոներական), 1 կառամատույց (Ուրախություն), 45 մետր երկարություն ունեցող մեկ թունել: Այստեղ պահպանվել է ամենահին շոգեքարշը, որն աշխատել է քարածուխով, այն մոտ 80 տարեկան է, ներկայում չի շահագործվում։ Գործող վագոնները ևս նոր չեն։

Վերջին անգամ երկաթուղու կայարանների վերանորոգման և արդիականացման աշխատանքներ արվել են 2011 թվականին Երևանի քաղաքապետարանի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵ) ընկերության միջև ստորագրված սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։ Ինչպես նշվում է ՀԿԵ հայտարարությունում, վերանորոգվել են Մանկական երկաթուղում շահագործվող շոգեքարշն ու ջերմաքարշը, երեք ամառային վագոնները, նաև իրականացվել է երկաթուղու 1,2 կմ գծերի վերանորոգումը, մոտակա տարածքների բարեկարգումը։

2012թ․ օգոստոսի 2-ին վերանորոգումից հետո տարածքի շահագործման առիթով ընկերության տնօրեն Վիկտոր Ռեբեցը նշել է․ «ՀԿԵ կողմից իրականացված շարժակազմի և գծերի վերանորոգումը հանդիսանում է այգու վերակառուցման համալիր ծրագրի միայն առաջին մասը: Երկրորդ փուլի շրջանակներում նախատեսվում է ստեղծել Պատանի երկաթուղայինի դպրոց, որտեղ մանուկները կծանոթանան երկաթուղային մասնագիտությունների առանձնահատկություններին, երկաթուղու ընդհանուր գործունեությանը»։ 

2014թ․ մարտին «Անվտանգ քաղաք» ծրագրի աշխատանքների շրջանակում նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կարգի բերել արտաքին լուսավորության ցանցն ու տեսախցիկներով կահավորել Մանկական երկաթուղու, ինչպես նաև դեպի երկաթուղի տանող թունելի տարածքը:

Մարտի 15-ին՝ մեր այցելության ժամանակ, զբոսայգու երկաթուղու տարածքն ամայի էր, հատուկենտ մարդիկ կային։ Այգու բոլոր ենթակառույցվածքները՝ ատրակցիոնները, սրճարանն ու երկաթուղին փակ էին, հարակից տարածքը՝ աղտոտված։ Երկաթուղու կայարանի շենքը նույնպես անմխիթար վիճակում է։ Մեր այցելության ժամանակ կարողացանք զրուցել Սուրեն Քոսակյանի հետ, որը թոշակի անցնելուց հետո շուրջ 15 տարի է՝ հերթափոխով աշխատում է այստեղ որպես հսկիչ։ Համեմատելով իր մանկության հիշողությունների հետ՝ նա նշում է, որ այգին այն ժամանակ շատ ավելի աշխույժ էր․ այցելուները այնքան շատ են եղել, որ հերթով են մուտք գործել տարածք՝ մի կողմից մտել են, մյուս կողմից՝ դուրս եկել։ Եղել է ճամբար, ուսումնական կենտրոն, խաղահրապարակներ և այլն։ 


Տեսանյութի մոնտաժը՝ Անի Սարգսյանի

Ներկայում այգին աշխատում է սեզոնային ռեժիմով՝ կախված եղանակային պայմաններից ապրիլի կեսից, մայիսի սկզբից մինչև նոյեմբերի վերջ, իսկ նախկինում եղել են փակ վագոններ և երկաթուղին գործել է ամբողջ տարին։ Անցած տարի համավարակով պայմանավորված՝ գրեթե այցելուներ չեն եղել, բայց սովորաբար ամռանը այգու ակտիվ գործունեության շրջանն է․ այցելուները և՛ մեծերն են, և՛ փոքրերը, գալիս են, ինչպես Երևանից, այնպես էլ մարզերից, լինում են համերգներ և այլ միջոցառումներ։

Չհիշելով անուններ, Սուրեն Քոսակյանը պատմում է, որ անցած տարի եղել են ներդրողներ․ «Նախագիծ կար, ներդրող է եկել, մեծ գումարներ ա ուզում ներդնի, պրոյեկտ կազմեցին, ամեն ինչ պատրաստեցին, որ պիտի սկսեն աշխատանքը, էս վիրուսի պատճառով, թե ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է, մինչև հիմա հույս ունենք, որ կարող է էս տարի էլ գան ներդրումներ անեն»։

Մանկական երկաթուղին շահագործող ընկերությունը ձեռք է բերել ռուսաստանաբնակ հայ գործարարը

Երևանի մանկական երկաթուղին շահագործում է «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն, որը 1998 թվականին հիմնադրել է Ռոբերտ Աթայանը։ 2006 թվականից ընկերության սեփականատերերը եղել են Սամվել և Արմեն Գևորգյանները, սակայն 2020 թվականի մայիսին ընկերության 60 տոկոս բաժնեմասի սեփականտերն է դարձել ռուսաստանաբնակ հայ գործարար, «Ռուցոգ ինվեստ» շինարարական-ներդրումային հոլդինգի նախագահ Ռուբեն Գրիգորյանը։

Մանկական երկաթուղու և հարակից այգու ամբողջ տարածքը համայնքային սեփականություն է, սակայն վարաձակալության իրավունքով պատկանում է «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ին։ Ընկերության և քաղաքապետարանի միջև գործող պայմանագիրը կնքվել է 2014թ․ դեկտեմբերի 18-ին։ Պայմանագրի հիմքը հանդիսացել է Երևանի քաղաքապետի՝ 2014թ․ ապրիլի 17-ի որոշումը, համաձայն որի՝ «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող գույքի զբաղեցրած 59 915 քմ մակերեսով հողամասը բաժանվել է երկու առանձին գույքային միավորների՝ 58 950 քմ և 965 քմ։ 965 քմ հողամասից 376 քմ-ն ուղղակի վաճառքի ձևով 9,5 միլիոն դրամի դիմաց վաճառվել է ընկերությանը, իսկ մնացած գրեթե 6 հեկտար տարածքի վրա գրանցվել է ընկերության վարձակալության իրավունքը, որը գործում է մինչև 2025 թվականի հունիսի 15-ը։ Վարձակալության պայմանագրի համաձայն՝ «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ն մոտ 6 հեկտարի համար տարեկան վճարում է 863 հազար դրամ վարձավճար։

Պայմանագրով՝ վարձակալության տրված հողամասը պետք է շահագործվի բացառապես որպես մանկական զբոսայգի, իսկ զբոսայգում առկա շենքերը, շինությունները, տրանսպորտային և տեխնիկական միջոցները պետք է շահագործվեն՝ ապահովելով նշված գույքի պահպանումը, վերանորոգումը և տեխնիկական պատշաճ վիճակը, ինչպես նաև, ըստ պայմանագրի, պետք է պահպանել և ավելացնել կանաչ տնկարկները։

2020 թ․ հունիսի 16-ին մանկական երկաթուղու, այգու, ինչպես նաև նախկին Կենտրոնական փոստի շենքի և հարակից տարածքների վերակառուցման ու կառուցապատման ծրագրային առաջարկներին վերաբերող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և այդ ժամանակվա գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև կառավարության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Քննարկման ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ նպատակը պետական տարբեր կառույցներին քաղաքին առնչվող առաջարկները հասանելի ու լսելի դարձնելն է:

«Այս հանդիպման նպատակը լսված լինելու հանգամանքն է, որ բոլոր այն տնտեսվարողները, որոնք ունեն հետաքրքիր առաջարկներ, հնարավորություն ունենան ներկայացնել այդ առաջարկները ոչ միայն քաղաքային իշխանություններին, այլև կառավարությանը, որպեսզի երկու կողմերն էլ լսեն և, այսպես ասած, նույն գծի մեջ լինեն: Որպես երկրորդ քայլ, քաղաքային իշխանությունը և կառավարությունն իրենց համար հասկանան՝ ինչ ապագա պետք է ունենա քաղաքի այս հատվածը, որը մեր երևանցիների համար հարազատ, սրտին մոտ, իրենց մանկությունից եկող մի վայր է և չի կարող շարունակել մնալ այն վիճակում, որն այսօր կա»,- ասել էր քաղաքապետը:

Շնորհանդեսի միջոցով «Բերքլի Քեփիթլ», «Պողոսյան» հիմնադրամ, «Նոր Երևան» և «Դեֆի», «Ռենշին»,«Ռուցոգ ինվեստ» ներդրումային հոլդինգ, «Մանկական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց ծրագրային առաջարկները: Ըստ քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրության՝ դրանք նախատեսում են միջազգային չափանիշներին համապատասխան ժամանցի և մարզական կենտրոնի ստեղծում, երկաթուղու արդիականացում ու կայարանների վերակառուցում, ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցում, Հրազդանի կիրճին կապող թունելների վերանորոգում և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն կունենան քաղաքի այդ հատվածը հանգստի լիարժեք գոտի դարձնելու, ինչպես նաև զբոսաշրջիկների համար ևս գրավիչ միջավայր ստեղծելու գործում:

Այդ քննարկումից երկու ամիս անց՝ 2020թ․ օգոստոսին, «Ռուցոգ ինվեստ» ընկերությունը տեսանյութի միջոցով ներկայացրեց երկաթուղու բարեկարգման իր նախագիծը՝ հայտնելով, թե Մանկական երկաթուղին կարող է դառնալ գերժամանակակից մանկական այգի։

Արձագանքելով տարածված տեսանյութին, սակայն, քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Մանկական երկաթուղու տարածքի արդիակայացման եւ ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ ուսումնասիրվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։ Արդյունքում, որոշվել է, որ մանկական երկաթուղու տարածքում, ինչպես նաեւ Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որեւէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման եւ կանաչապատման աշխատանքներից։

Մենք քաղաքապետարանից հետաքրքրվեցինք, թե 9 ամիս անց ի վերջո ի մի բերվե՞լ են այդ առաջարկները, որոշում կայացվե՞լ է, թե ով պետք է զբաղվի մանկական երկաթուղու արդիականացմամաբ։ Մեր գրավոր հարցմանը քաղաքապետարանը տվել է հետևյալ պատասխանը․

«Տեղեկացնում ենք, որ թվարկված ծրագրերից և ոչ մեկը դեռևս չեն ընտրվել: Ծրագրերի վերբերյալ աշխատանքային քննարկումները շարունակվում են, որոնց վերաբերյալ այլ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ: Ծրագրերի ընտրության պարագայում Երևանի քաղաքապետարանը հանդես կգա պաշտոնական իրազեկմամբ»։

Մենք փորձեցինք հասկանալ, թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ են եղել քաղաքապետարանին։ Մեր հարցերին արձագանքեց միայն «Բողոսյան» հիմնադրամը, մյուս ընկերությունները մեր հարցումներին չպատասխանեցին։ «Բողոսյան» հիմնադրամից փոխանցեցին, որ քաղաքապետարանից պատասխան են ստացել, որում ասվում է, որ քաղաքապետարանը պատրաստվում է առաջնահերթ քննարկել «Ռուցոգ ինվեստ» ընկերության և «Մանկական երկաթուղի» ՍՊԸ-ի առաջարկները, քանի որ վերջիններս տարածքի նկատմամբ իրավունքներ ունեն։

Հիմնադրամին խնդրել էինք նաև մանրամասներ ներկայացնել, թե կոնկրետ ի՞նչ առաջարկներ են եղել քաղաքապետարանին, որքա՞ն ներդրում են առաջարկել․

«Պողոսյան հիմնադրամը JHM հիմնադրամի հետ համատեղ նախաձեռնել էր Երևանի Մանկական երկաթուղու հարակից այգու վերակենդանացման նախագիծը։ Նախագծով նախատեսվում էր մոտ 7 հա զբաղեցնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքում վերականգնել ու արդիականացնել մանկական երկաթուղին, բարեկարգել և զարգացնել հանրային կանաչ տարածքը, ինչպես նաև ստեղծել տաղավարային կառուցապատման տրամաբանությամբ մշակութային և կրթական ենթակառուցվածքներ։

Երկու հիմնադրամները «Ուրբանլաբ» քաղաքային հետազոտական լաբորատորիայի և ՍՊ2 նախագծային կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ավելի քան 5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումով իրականացվելիք նախագծի շրջանակում Երևան քաղաքում նախատեսում էին հիմնել ընդհանուր օգտագործման, հանրային և անվճար բարեկարգ կանաչ այգի՝ ակնկալելով միայն կառուցապատման իրավունք։ Այսինքն, բոլոր ենթակառուցվածքներն ու ամբողջ ներդրումը շարունակելու էին պատկանել Երևան համայնքին և երևանցիներին»։

Այսպիսով, չնայած Երևանի քաղաքապետարանը ուշադրության կենտրոնում է պահում Մանկական երկաթուղու զարգացման հարցը, նշում, որ այնտեղ կառուցապատում չի թույլատրվելու, բայց վերականգնման և վերանորոգման հարցերը շարունակում են մնալ չլուծված, իսկ երկաթուղին և զբոսայգին դրա կարիքը վաղուց ունեն։


Հեղինակներ՝ Կորյուն Սիմոնյան, Հասմիկ Կնյազյան
Համակարգող՝ Տրդատ Մուշեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter