HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ հանրային անվստահություն կա

Մայիսի13-ին ավարտվեց «Աջակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին» Եվրամիության Թվինինգ ծրագիրը: Ծրագրի երեք բաղադրիչներից առաջինն ուղղված էր Պաշտպանի գրասենյակի, որպես ամբողջական ինստիտուտի, համակարգային հզորացմանը: Երկրորդ բաղադրիչով ծրագիրն իրականացնում էր տեխնիկական և գործառնական օժանդակություն: Ծրագրի երրորդ բաղադրիչը Հայաստանում մարդու իրավունքների մասին հանրային իրազեկության բարձրացումն էր: Ծրագրի արդյունքների եւ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրների մասին զրուցեցինք ծրագրի մշտական խորհրդական Անտոնիո Մորայի հետ:

Պրն Մորա, ո՞րն էր ծրագրի նպատակը, եւ ի՞նչ արդյունքի եք հասել:

Մենք սկսեցինք 2009-ի հոկտեմբերի 14-ին (ծրագրի տեւողությունը 18 ամիս էր): Մեր գլխավոր նպատակը Հայաստանում ՄԻՊ ինստիտուտի զարգացմանն աջակցելն էր բոլոր ուղղություններով: Սկսած նրանից, թե ինչպես մշակել տվյալները, կատարելագործել աշխատակազմի ամենօրյա աշխատանքի մեթոդները եւ անհրաժեշտության դեպքում առաջարկություններ անել:

Որո՞նք են ՄԻՊ ինստիտուտի գործունեության հետ կապված ամենալուրջ խնդիրները, որ բացահայտեցիք Ձեր ծրագրի ընթացքում:   

Նախ եւ առաջ` հանրության անիրազեկությունը ՄԻՊ ինստիտուտի մասին եւ անվստահությունը այդ ինստիտուտի նկատմամբ: Ես աշխատել եմ հետխորհրդային տարածքում, մասնավորապես Ղազախստանում, եւ պիտի ասեմ, որ խնդիրները` կապված քաղաքական եւ վարչական համակարգի հետ, նույնն են Հայաստանում եւ Ղազախստանում, քանի որ այդ համակարգերը սովետական վատ ժառանգության կրողն են: Դրանով է պայմանավորված հանրային վստահության պակասը ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ: Եվ դժվար է քաղաքացիներին հավատացնել, որ ՄԻՊ-ը կարող է պաշտպանել իր շահերը: Դժվար է հաղթահարել այս արգելքը: Երկրորդ խնդիրը ՄԻՊ-ի անմատչելիությունն է կամ անհասանելիությունը երկրի բոլոր շրջանների բնակչությանը: Ակնհայտ է, որ Հայաստանը բաժանված է ասես «երկու երկրի կամ մասի»` Երեւանը եւ մարզերը: Բնակչության մեծ մասը հեռու է վարչակազմից, մինչդեռ երկիրը տարածքով մեծ չէ: Անհրաժեշտ է մարզերում ՄԻՊ գրասենյակներ բացել: Մենք Եվրոպական հանձնաժողովին առաջարկել ենք մեկ այլ ծրագիր իրականացնել Հայաստանում հեց այս ուղղությամբ` գրասենյակների հիմնադրում մարզերում: Յուրաքանչյուր մարզում Պաշտպանը պետք է ներկայացուցիչ ունենա, որը կհամագործակցի տեղական վարչակազմի եւ տեղական ՀԿ-ների հետ:

Ի՞նչ դժվարություններ ունի ՄԻՊ աշխատակազմը պետական ինստիտուտների հետ աշխատանքում:  

Պետական հաստատությունների մոտ ՄԻՊ ինստիտուտի կարեւորության գիտակցություն չկա: Դրա համար էլ հաճախ նրա հարցումներին կամ դիմումներին արագ եւ ըստ էության պատասխանելու անհրաժեշտություն չեն տեսնում: Մենք բազմիցս ականատես ենք եղել, որ վարչակազմը խորությամբ եւ համակողմանիորեն չի պատասխանում ՄԻՊ դիմումներին` երբեմն շատ պարզ խնդիրներ լուծելու համար:

Ի՞նչ խորհուրդներ եք տվել կամ առաջարկություններ արել ՄԻՊ գրասենյակին` հանրային վստահություն ձեռք բերելու ուղղությամբ:

Մի շատ կարեւոր բան. ուղիղ կապ հաստատել քաղաքացիների, հատկապես հասարակության խոցելի խմբերի եւ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Որոշ ոլորտների մասնագետների հետ պետք է շատ սերտորեն համագործակցել: Օրինակ` կանանց իրավունքների ոլորտում: Մենք նկատել ենք, որ Հայաստանը շատ արական երկիր է, ավանդապահ, որտեղ կինը միշտ տղամարդու թիկունքում է: Այս խնդիրն առկա է նաեւ Իսպանիայում: Պետք է սեռերի հավասարակշռությունը պահել: Մյուս կարեւոր խնդիրը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությունն է: ՄԻՊ գրասենյակը պետք է մի մասնագետ ունենա, որը կզբաղվի բացառապես երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Գուցե Երեւանում երեխաները քիչ թե շատ պաշտպանված են, բայց մարզերում խնդիրը շատ սուր է:

Երեխաների ո՞ր իրավունքներն են ավելի շատ խախտվում:

Երեխան չպիտի աշխատի: Բազմաթիվ երկրների գյուղերում շփոթություն կա, որ եթե երեխան աշխատում է ընտանեկան բիզնեսում կամ ֆերմայում օգնում է ծնողներին, դա նրա իրավունքի խախտում չէ: Բայց երեխան չպիտի աշխատի: Մեկ այլ կարեւոր ոլորտ կա` հաշմանդամների իրավունքները` երեխա թե չափահաս: Հետաքրքիր մի բան եմ նկատել. Հայաստանի փողոցներում շատ քիչ հաշմանդամ մարդ կնկատես: Ինչու՞: Որովհետեւ նրանց համար շատ դժվար է փողոց դուրս գալ: Հարմարություններ չկան: Նաեւ` հասարակության վատ վերաբերմունքն է պատճառը: Պաշտպանը պիտի աջակցի նրանց բոլոր ոլորտներում:

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական բացեր կա՞ն : Ի՞նչ առաջարկություններ եք արել այս ուղղությամբ:

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքը, կարելի է ասել, համապատասխանում է եվրոպական չափանիշներին: Բայց կան փոքր խնդիրներ կամ բացեր, որոնց վերաբերյալ մենք արդեն առաջարկություններ ենք արել: Պետք է հստակ տարբերակել կամ առանձնացնել իրավական պատասխանատվությունը եւ օմբուդսմենի աշխատանքը: Հաճախ փորձեր են արվում նրան վերագրել այնպիսի լիազորություններ, որոնք իր իրավասությունից դուրս են: Oրենսդրական վերջին բարեփոխումների ժամանակ անգամ մի նոր հոդված է ավելացել, որը շատ երկիմաստ ձեւով Պաշտպանին հնարավորություն է տալիս տեղեկություններ պահանջել դատավորներից, ինչը տարօրինակ է: Պետք է հստակեցնել երկիմաստությունները: Մյուս կողմից` պետք է հստակ ձեւով կանոնակարգել Պաշտպանի կարգավիճակը նրա հիվանդության, երկրից բացակայության կամ մահվան ժամանակ, որովհետեւ ներկայիս օրենսդրության պայմաններում այս հարցը չի կարգավորվում` ով կարող է փոխարինել Պաշտպանին հրատապ դեպքերում: Ամենակարեւոր խնդիրը Հայաստանում օրենքի կիրառությունն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter