HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Ավագյան

«Որտեղ՝ հաց, այնտեղ` կաց»-ն ուժի մեջ է

Մինչև 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի: 2020-ի սեպտեմբերի 21-ին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ, նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր 2040-ին Հայաստանի բնակչությունը 4 միլիոնի հասցնելու համազգային իրականանալի  նպատակի մասին:

ՄԱԿ-ի կանխատեսումներով, սակայն, 2050-ին Հայաստանի բնակչությունը կլինի 2,7 միլիոն, իսկ 2100-ին՝ 1,8 միլիոն։ Սրանք երկու տարի առաջ արված կանխատեսումներ են, երբ գնահատված չէին կորոնավիրուսի համավարակի ու Արցախյան պատերազմի ազդեցությունը Հայաստանի ժողովրդագրական վիճակի վրա:

Մասնագետների կարծիքով՝ Հայաստանում ժողովրդագրական ճգնաժամ է, որը խորանալու միտում ունի:

«Երևանն այսօր դարձել է Հայաստան պետության արգելակը». Արտակ Մարկոսյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթները համակարգող խորհրդական

Կորոնավիրուսի համավարակն ու Արցախյան երկրորդ պատերազմը ոչ միայն մեծ հարված են հասցրել ժողովրդագրական ընթացիկ զարգացումների վրա, այլև, ամենայն հավանականությամբ, էական ազդեցություն կունենան առաջիկա տարիների ժողովրդագրական վիճակի վրա: 2019թ մինչև 2024թ համար նախանշված ժողովրդագրական զարգացումների կանխատեսումները հնարավոր է՝ իրականություն չդառնան, քանի որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո ի հայտ եկած անվտանգային, սոցիալ-տնտեսական, հումանիտար ու առավել ևս քաղաքական անորոշությունները այդ կանխատեսումների մեջ չկային: Հայաստանը կարող է մուտք գործել բնակչության դեպոպուլյացիոն շրջափուլ 2025թ-ից էլ շուտ:

Ուրախալի է, որ 2021-ի առաջին երկու ամիսներին ծնունդների բացարձակ թիվը 106-ով աճել է՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Ժողովրդագրական առումով լուրջ խնդիրներից մեկն այն է, որ ամուսնական տարիք են մուտք գործելու 1990-ականների երկրորդ կեսի և 2000-ականների սկզբին ծնվածները (Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների, վիրավորվածների սերունդը- խմբ.): Թեև նշեմ, դեռ «պատուհան» ունենք. 1980-ականների կեսի սերունդը դեռևս ակտիվ վերարտադրողական տարիքում է, կարող է հավելյալ ծնունդներ ունենալ: Այդ պոտենցիալը հնարավորինս պետք է կարողանանք օգտագործել:

Առաջնեկների պարագայում անկումը՝ սկսված 2010 թ.-ից, շարունակվելու է:
2019 թ.-ի տվյալներով՝ առաջնեկները երեխաների ընդհանուր թվի 37,9 %-ն են, այն դեպքում, երբ 2014-ին 45,4%-ն էին: Այդ թիվը նվազելու է: Նվազելու է նաև  երկրորդ երեխաների թիվը: Մեր հիմնական հույսը երրորդ, չորրորդ երեխաներն են: Շրջանառվել է «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը: Եթե գործընթացներն իրենց հունով գնան, մինչև հունիս օրենքն ընդունվի,  բազմազավակ ընտանիքների կարգավիճակի հարցը լուծվի, միջոցառները կսկսենք: Խնդիրն այն է, որ անգամ երրորդ երեխայով դեմոգրաֆիկ խնդիրը լուծել հնարավոր չէ, անհրաժեշտ են չորրորդ և ավելի երեխաներ:

Ինչու՞ է կարևոր «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը. մենք միշտ փորձել ենք դրամական խթանով շահագրգռել հավելյալ ծնունդները, սակայն հասկանում ենք, որ դա բավարար չէ: Պետք են լուրջ սոցիալական երաշխիքներ: Ընտանիքները, որոնք ցանկանում են շատ երեխաներ ունենալ, պետք է սկզբից հստակ իմանան՝ ինչ արտոնություններից կարող են օգտվել՝ դրամական խրախուսանք, նպաստներ, կրթական, առողջապահական արտոնություններ են նախատեսվում… Այսինքն՝ սոցիալական երաշխիքները պետությունը պետք է տա նախօրոք:

-Որքանո՞վ են սոցիալական ծրագրերը՝ ուղղված ժողովրդագրական խնդիրների նվազեցմանը, արդյունավետ, եթե պետությունը չի կատարում իր հիմնական պարտականությունը՝ ապահովել քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունը:

- Այո, 2015-ին, երբ կազմում էինք առաջիկա հինգ տարիների սոցիալական քաղաքականությունը, կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն այդ սցենարում չկային: Այսօր հասկանում ենք, որ Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը վատթարացել է: Սա առաջնային ազդեցություն ունեցող խնդիրներից մեկն է, որ պետք է կարողանանք արագ լուծել: Առանց միջավայրն անվտանգ դարձնելու, մյուս քայլերը ցանկալի արդյունքների չեն բերի: Ներքին միգրացիան ևս շատ լուրջ վտանգ է մեզ համար: Մարզերից հոսքը Երևան չի դադարում: Երևանն այսօր դարձել է Հայաստան պետության արգելակը: Պետք է այս մտայնությունից դուրս գանք, պետք է բեռնաթափենք մայրաքաղաքը: Մինչև դա չանենք, մարզերում, գյուղերում զարգացման հարցեր լուծել չենք կարող: Բոլոր ծրագրերը պետք է միտված լինեն մարզերի զարգացմանը: Այսօր ունենք տխուր վիճակագրություն, որ գյուղական համայնքներում մեկ կնոջ հաշվով ունեցած երեխաների թիվն ավելի քիչ է, քան քաղաքում: Գյուղական բնակավայրը պետք է դառնա բարեկեցիկ, պետք է դառնա կրթական, մշակութային միջավայր ունեցող:

-Իհարկե, պետք է: Իսկ կա՞ գործողությունների կոնկրետ ծրագիր:

- Նախրոդ տարի հուլիսի 1-ից փորձարկված «Երեխաներ ունեցող  ընտանիքների բնակապահովության ծրագիրը» գաղափարից մինչև գործողության մեջ մտնելը տևեց 14 ամիս: Այսինքն՝ յուրաքանչյուր ծրագիր գաղափարից մինչև իրագործում, ժամանակատար է: Կան ծրագրեր, որոնք գյուղական բնակավայրերում երիտասարդներին հնարավորություն են տալու  մնալ գյուղում, գումար աշխատել, երեխաներ ունենալ: Սա առաջնահերթություն է: Երևանը դադարում է լինել սոցիալ-տնտեսական զարգացման լոկոմոտիվ: Այսօր Երևանն է ապահովում բնական աճի հիմնական ցուցանիշը: Նախորդ տարի Արարատի մարզում ծնունդների բացարձակ թիվը 20,5 %-ով նվազել է: Նույնը՝ Արմավիրի մարզում:

-Նման ծրագրերը՝ միտված բարելավելու Հայաստանի ժողովրդագրական վիճակը, տասնամյակներ գործում են, սակայն, ինչպես տեսնում ենք, ոչ արդյունավետ: Մոնիտորինգ արվե՞լ է՝ ի՞նչը այնպես չի հաշվարկվում կամ ո՞ր դեպքում են ծրագրերը ծախսատար ու անարդյունավետ:

- Եթե մենք տասնամյակներով ունենայինք ժողովրդագրական քաղաքականություն, այս վիճակում չէինք լինի: Առաջին անգամ 2009 թ.-ին է խոսվել այս մասին, սակայն այն ժամանակ նախատեսված ծրագրերը կյանքի չէին կոչվել: Ժողովրդագրական համակարգված քաղաքականություն մենք չենք ունեցել: Քաղաքականությունն այն է, երբ հստակ, թիրախային խնդիրներ ես դնում: Ինչու՞ բարձրացրինք առաջին երեխայի միանվագ նպաստը: Որպեսզի  երեխա ունենալու որոշումը ծնողները շուտ կայացնեն: Որքան ընտանիքը շուտ է ունենում երեխա, այդ ընտանիքներում ավելի շատ երեխաներ ծնվելու հավանականությունը մեծանում է: Ծնելիության հաճախականությունը բարձրացնելու խնդիր ունենք: Մեր այսօրվա հիմնական խնդիրը մարզերն են, մասնավորապես՝ գյուղերը: Գյուղերում վիճակի կայունացման և զարգացման պարագայում այնտեղ ավելի հակված են երեխաներ ունենալ: Օրինակ՝ 2019 թ.-ին առաջին երեխաների ծնունդը նվազել է մոտ 810-ով: Երկրորդ, երրորդ, հաջորդ երեխաների թվերը ավելացել են: 2014 թվականին, երբ ներդրվեց երրորդ, չորրորդ երեխայի համար միանվագ նպաստը՝ դառնալով մեկ միլիոն դրամ, հաջորդ երեխայի համար՝ մեկուկես միլիոն դրամ, երրորդ և հաջորդ երեխաների թիվն ավելացել է: Առաջին, երկրորդը նվազել է և կշարունակի նվազել: Կրկնեմ՝ միայն միանվագ նպաստով խթանելը այնքան էլ  արդյունավետ չէ:

Կարևորը սոցիալական երաշխիքներն են, որ դեռևս ՀՀ-ում չեն գործարկվել: Եթե այս համախումբը ներդրվեց, ինչը նախատեսում ենք, առաջիկա տասնամյակներում կունենանք հստակ ծնունդների աճ, թեև դա շատ դժվար է լինելու. մայրական կազմը փոքր է, բայց ծնելիության հաճախության բարձրացման առումով կկարողանանք ապահովել երեխաների աճը:

«Առաջին անգամ գյուղերում ծնելիության գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքներում». Աննա Հովհաննիսյան, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող։

ՀՀ-ում 2021 թ.-ի հունվարի մեկի դրությամբ կա 2. 959 700 մարդ: ՄԱԿ-ի Բնակչության կանխատեսումների համաձայն՝ 2050 թ.-ին ՀՀ-ում կլինի
2 816 000 բնակչություն: Այս կանխատեսումներն արվել են 2019 թ.-ին, իսկ ՄԱԿ-ը կանխատեսումներ իրականացնում է երկու տարին մեկ անգամ: Այս տարվա ընթացքում կունենանք նոր տվյալներ, սակայն մեր գնահատականները հոռետեսական են՝ պայմանավորված կովիդի համավարակով և պատերազմով:
Բնակչության պատկերը մեր տարածաշրջանում՝ այսօր և 2050 թվականին, այսպիսին է՝

Հայաստան, այժմ՝ 2 959 000, 2050-ին՝ 2 816 000:
Ադրբեջան, այժմ՝ 10 140.000, 2050-ին՝ 11 065 000:
Վրաստան, այժմ՝ 3 989 000, 2050-ին՝ 3 517 000:
Թուրքիա, այժմ՝ 84 339 000, 2050-ին՝ 97 140 000:
Իրան, այժմ՝ 83 993 000, 2050-ին՝ 103 098 000:
ՌԴ, այժմ՝ 145 934 000, 2050-ին՝ 135 824 000:

Հայաստանի ժողովրդագրական ամենամեծ խնդիրն արտագաղթն է: Արտագաղթի մասին խոսելիս պետք է անդրադառնանք ուղևորափոխադրումների հաշվեկշռին: Մինչև 2018 թ.-ն այն բացասական էր, 2018-ից հետո դրական փոքր միտում է արձանագրվել: 2020-ին առաջին անգամ ունեցանք միգրացիայի դրական մնացորդ՝ 3300 մարդ: Կարծում եմ, որ այս թիվը պայմանավոված էր կովիդի համավարակով:

Բնական հավելաճը՝ ծնվածների և մահացածների տարբերությունը, էականորեն կրճատվել է: Նախորդ տարի առաջին անգամ գրանցվեց դեպոպուլյացիա Լոռվա մարզում, որտեղ ծնունդների թիվն ավելի քիչ էր, քան մահերինը: Հիմա, Երևանից ու Գեղարքունիքի մարզից բացի, բոլոր մարզերում գրանցվել են բացասական թվեր, այսինքն՝ մահերի թիվը գերազանցել է ծնունդների թվին: Երևանում դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր ներքին միգրացիայով:

Արտագաղթից հետո ժողովրդագրական հաջորդ ամենամեծ մարտահրավերը ծնելիության անկումն է: Առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը աճում է: 2019-ի տվյալներով՝ առաջին անգամ ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը 30,5 տարեկանն է, կանանցը՝ 27,1-ը: Սա բացասական միտում է. առաջին անգամ ամուսնացողները հետաձգում են ամուսնությունը, ինչը նաև առաջին երեխան ունենալու հետաձգման պատճառ է:

2020-ին 20%-ով նվազել են թե´ ամուսնությունները, թե´ ամուսնալուծությունները: Ըստ իս՝ այս ցուցանիշը պայմանավորված է կովիդով: Միջազգային փորձը վկայում է, որ չկայացած ամուսնությունները հետաձգված ամուսնություններ են, և, վստահ եմ, որ 2021-ին ամուսնությունների թիվը կաճի:
Առաջին երեխան ունենալու տարիքը ավելանում է: Մայրանալու միջին տարիքը 27,6 տարեկանն է: Առաջին երեխա ունենալունը` 25-ը:

ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ մինչև 2050 թ.-ը առաջին երեխա ունենալու միջին տարիքը 30,5-ը կլինի, ինչը ժողովրդագրության տեսանկյունից լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար:

2020 թ.-ին ունենք ծնունդների ավելացման փոքր-ինչ դրական միտում. ծնունդները 400-ով ավելացել են նախորդ տարվա համեմատ:

Աննախադեպ երևույթ է արձանագրվել՝ առաջին անգամ Հայաստանում գյուղական բնակավայրերում ծնելիության գործակիցն ավելի ցածր է, քան քաղաքներում: Քաղաքային բնակչության ծնելիության գործակիցը 1,66 է, գյուղական բնակչությանը՝ 1,46: Մինչև 2012 թ.-ն գյուղական բնակավայրերում ծնվել են ավելի շատ երեխաներ, քան քաղաքներում: Պետությունը, ժողովրդագրական խնդիրների բարելավմանն ուղղված քաղաքականություն մշակելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնի գյուղական բնակավայրերին և փորձի տարանջատված մոտեցում ցուցաբերել:

Հաջորդ մարտահրավերը բնակչության ծերացումն է: ՄԱԿ-ի գնահատմամբ՝ Հայաստանի բնակչությունը ծերացող է (այն երկրներում, որտեղ տարեցների տեսակարար կշիռը 7%-ից բարձր է, համարվում է ծերացող): Հայաստանում 65 և բարձր տարիքի բնակչությունը 12,3 % է: Ըստ ՄԱԿ-ի կանխատեսումների՝ մինչև 2050 թ.-ն Հայաստանում այդ թիվը կդառնա 22-23 %:

Սա, իր հերթին, բերում է կախյալության գործակցի ավելացման: Խոսքը տարեցների և աշխատունակ տարիքի բնակչության հարաբերակցության մասին է: 2019-ին այդ հարաբերակցությունը 5/1 էր, 2050-ին կունենանք 2,9 /1 հարաբերակցություն: Սա աշխատունակ տարիքի բնակիչների թիվն է, որոնք հոգ կտանեն մեկ տարեցի համար:

Սա սոցիալական և առողջապահական բեռ է լինելու պետության համար: Պետք է պատրաստ լինել համապատասխան քայլերով մեղմել այս վիճակը:

«Թրիքն ազգային արժեք չէ». Աղասի Թադևոսյան, մշակութային մարդաբան

-Պարոն Թադևոսյան, սոցիալական, տնտեսական, անվտանգային հարցերից զատ՝ հայերիս արտագաղթելու պատճառներից քննարկվում է նաև «գենետիկ հակվածության» գործոնը: Իբրև թե հայերը ծնվում են՝ գաղթականի ցուպը ձեռքին, մեր վարքագիծը պայմանավորված է «որտեղ՝ հաց, այնտեղ` կաց» փիլիսոփայությամբ: Որքանո՞վ է նման եզրակացությունը գիտականորեն հիմնավորված:

-Չեմ կարծում, որ միգրացիան շատ հայկական երևույթ է, չնայած մեզանում այն բավական տարածված վարքագիծ է։ Այնպես չէ, որ Հայաստանից միայն հայերն են արտագաղթում: Ազգային փոքրամասնությունների միջավայրում ևս արտագաղթի ցուցանիշը բարձր է, ինչը նշանակում է, որ դա համահայաստանյան երևույթ է: Արտագաղթը ոչ միայն Հայաստանին, այլև հետամնաց ու թույլ զարգացած այլ երկրներին է հատուկ, որտեղից մարդիկ գնում են ավելի զարգացած երկրներ, որովհետև պարզապես ուզում են ավելի լավ ապրել: Եթե ուզում ենք, որ արտագաղթ տեղի չունենա, պիտի հասկանանք՝ ինչու՞ են մարդիկ հեռանում: Ինչու՞ են մեր գյուղերը դատարկվում: Պարզ պատճառով. 30 տարի Հայաստանում կառավարությունները՝ ներառյալ գործող կառավարությունը, չեն մտածել գյուղը տնտեսապես արդիականացնելու մասին, որպեսզի մարդն չապրի 19-րդ դարի պայմաններում: Մեր գյուղերը շատ հետամնաց են։ 21-րդ դարն է, բայց ոմանք շարունակում են «թրիքը կեղտ չհամարել»: «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից հիշում եք, չէ՞. «Սա կեղտ չէ, թրիք է» արտահայտությունը: Դա դեռ շատերի մոտ ակտուալ է նաև այսօր։ Ո´չ բարեկամներ, թրիքը կեղտ է, և դրանում ոչ մի ազգային կամ գյուղական ռոմանտիզմ պետք չէ դնել: Մարդիկ մինչ օրս աթար են վառում: Դրա համար էլ մարդիկ գյուղից փախչում են: Գյուղը հետամնաց է նաև տնտեսվարման առումով։ Գյուղացիական տնտեսությունների մեծ մասը մնում է դեռևս բնատնտեսական արտադրության մակարդակում։ Իհարկե, նման պայմաններում երիտասարդները չեն ցանկանա մնալ ու ապրել այդտեղ։

Երկրորդ՝ գյուղերի էրեխեքը մեղք են: Դպրոցներում անգամ զուգարան չկա: Դասասենյակներում կրթական պայմաններ չկան, անհրաժեշտ որակավորում ունեցող ուսուցիչներ չկան, երեխայի զարգացման համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ չկան: Բնական է, մարդիկ կթողնեն-կգնան: Հազար ու մի նման խնդիրներ, որոնք բոլորն էլ կապված են մարդկային զարգացման անտանելի պայմանների հետ։

Դեմոգրաֆիկ խնդրի պատճառներից մեկը մեր մտածողությունն է: Մեր կառավարությունները, նաև այսօրվա կառավարությունը, հետամնաց են և ունակ չեն արդիական ու բարդ խնդիրներ դնել: Երբևիցե չեն ունեցել արդիականացման տեսլական ու իրենց անընդունակությունն ու հետամնացությունը թաքցրել են ազգային արժեքների շուրջ կեղծ խուսույթներ տարածելու տակ: Եթե համեմատում ենք Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի ծնելիության ցուցանիշները, այնտեղ դրանք բարձր են հիմնականում կրոնական հիմքերով պայմանավորված:

Մենք նման հասարակություն չենք, և պետք է այլ ելքեր գտնել։ Խնդիրը հետևյալն է. պետք է մտածել ազգն արդիականացնելու և բնական աճի խնդիրը արդիականացման պայմաններում լուծելու մասին: Մենք այսօր գտնվում ենք անսովոր, կրիտիկական իրավիճակում, իսկ նման վիճակներում ստանդարտ լուծումները չեն աշխատում: Անհրաժեշտ է ոչ սովորական լուծումներ գտնել: 

Անհավասարությունը մարզերի ու Երևանի միջև արտագաղթ առաջացնող լուրջ խնդիր է: Անհավասարության հաղթահարումը ռազմավարական անհրաժեշտություն է: Մարզերում անհրաժեշտ են մեծածավալ բիզնես և կրթական ծրագրեր: Անցած տարի իրականացրածս հետազոտություններից մեկը ցույց է տալիս, որ գյուղում մնում ու երեխաներ են ունենում այն երիտասարդները, ովքեր տնտեսապես արդիական գյուղատնտեսական ծրագրեր են իրականացնում: Իսկ նման ծրագրերի մեծ մասը հնարավոր է դարձել հենց բիզնես ու կրթական միջազգային դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ։ Հայաստանում աճել է ամուսնության տարիքը։ Ինչու՞ տղաները չեն ցանկանում ամուսնանալ: Հասկանալի է. պատասխանատվությունը նրանց վրա է՝ պետք է ընտանիք պահել, ոմանք վախենում են և խուսափում են ամուսնանալ: Բայց նաև ունենք տնտեսապես ինքնուրույն ու կիրթ շատ աղջիկներ, ովքեր չեն ամուսնանում, քանի որ հաճախ չեն գտնում իրենց համապատասխան կրթական ցենզ ու տնտեսական զբաղվածություն ունեցող տղաներ։ Համալիր խնդիրներ են՝ համալիր լուծումներ պահանջող: Դպրոցը, բուհը պետք է փոխվի, տղաները դպրոցում ոչ թե գողական գնան, այլ կրթվեն, քանի որ գողական գնալը խանգարում է սովորելուն: Այդ տղաները տգետ են մեծանում։ Կիրթ, զարգացած աղջիկները նման տղաների հետ չեն ցանկանում ամուսնանալ:

Կա ևս մեկ խնդիր՝ բարոյական բարդույթները: Ինչքան ինքնուրույն, չամուսնացած աղջիկներ գիտենք՝ 27 տարին անց: Չեն ամուսնանում, իրենց գործն է: Բայց նրանք նաև երեխաներ չեն ունենում: Ինչու՞: Որովհետև հասարակությունը դատապարտում է միայնակ մայրերին, համարում է անբարոյականություն՝ առանց ամուսնության երեխա ունենալը: Մեր արժեքներն արմատապես վերանայելու անհրաժեշտություն ունենք: Այդ արխայիկ արժեքներից պետք է վերջապես հրաժարվել։ Այդ արժեքները խանգարում են մեր շատ աղջիկներին մայրանալ՝ առանց ամուսնանալու: Եթե հանկարծ մեկը նման համարձակ քայլ է անում, հարևաններով, բարեկամներով այդ աղջկան խաչին են գամում: Մենք խնդիր ունենք արդիականացնելու մեր արժեքները և դրան զուգահեռ՝ վերանայելու մեր դեմոգրաֆիկ խնդիրները, որոնք կապվում են մեր արժեքների, մտածողության, մեր ապրելակերպի հետ: Ազգային այն արժեքները, որոնք խանգարում են մեր ազգի վերարտադրությանը, խանգարում են չամուսնացած աղջիկներին մայր դառնալուն, լավ կլինի մերժվեն:

Հազարավոր զոհեր ու վիրավորներ ունենք, այդքան աղջիկներ մնալու են առանց տղաների: Այդ աղջիկները պետք է չամաչեն ու երեխա ունենան, իրենց երջանիկ զգան։ Իհարկե, ժողովրդագրական խնդիրը համալիր լուծումների կարիք ունի, սակայն ուզում եմ ասել, որ անհրաժեշտ է գտնել ելքեր, որոնք ժողովրդագրական խնդիրը կնպաստեն լուծել արդիականացման ու հետամնացության հաղթահարման պայմաններում։  

Մեկնաբանություններ (3)

Truth
I’m diasporan and I would much rather marry and have many children with an Armenian girl who is actually interested in motherhood and being a good wife than many of the “strong & independent” western girls I’ve met. I remain convinced that having many children is primarily a cultural issue and there needs to be a culture of Armenian families having lots of children. Armenian women should prepare for this and make it their number one priority and Armenian men need to grow the hell up and stop acting like boys.
Tony Martin
Sadly Armenia is circling the drain and has been for decades. I do not know what the solution is (if there is one) but what is clear is that Armenia needs to move in a completely new direction and stop the revanchist rhetoric and sabre rattling. The 44 day war has cost Armenia a generation and they are still talking about preparing for the next war. Putting aside the fact that it is a sad and impossible wet dream for Armenia to prevail against Azerbaijan in the future, it is deflecting attention from the key issue which is that while the politicians rant the population is leaving. Resources are needed for building a state attractive enough to reverse emigration trends not to plan future wars which encourages increased emigration!
VaaRouge
One possibility is that we encourage diasporans to marry locals, perhaps there can be a tax credit or a plot of land issued for 99 years for free; something the government can give to incentivize diasporans to go there and marry a local. It would be interesting to see what’s the result might be. At this point we have to think out-of-the-box anything to incentivize immigration

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter