HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտակ Քյուրումյան

ՀՀ կառավարության 2020թ. գործունեության գնահատում

Այս ուսումնասիրությունը սկսել էի դեռ 2021թ. հունվարի սկզբին: Նոր տարի տոնելու ցանկություն ամենևին չկար: Դատարկ օրերն ինչ-որ կերպ լցնել, հագեցնել էր պետք: Չնայած 2019-2020թթ. հրապարակված հարկային օրենսգրքում, կառավարության կառուցվածքում փոփոխությունների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևավճարների հետ կապված անհամաձայնությունների, պետական պարտքի կառավարման և բյուջետային գործընթացում ԱԺ դերի մասին բազմաթիվ հոդվածներում հնչեցված կարծիքներին, հորդորներին, ահազանգերին ու նախազգուշացումներին, www.e-draft.am–ում տարբեր նախագծերի քննարկումների ժամանակ կատարած առաջարկություններին, ՀՀ կառավարությունն այնքան սխալներ ու բացթողումներ ուներ բոլոր ոլորտներում և բնագավառներում, որ դրանք կուտակվեցին և, ի վերջո, հանգեցրին 2020թ. տարեվերջի աղետին: Երբեմն երանի ես տալիս նրանց, ովքեր այս ամենը չեն տեսնում, կամ տեսնում են, բայց չեն նկատում: Բայց նաև հասկանում ես, որ կյանքը շարունակվում է և ինչքան էլ ցավալի է արձանագրել, ապրողների մեծ մասի համար կառավարության գործունեությունն ու դրա արդյունքները մոտ ապագայում, ավաղ, դեռ կարևոր դեր և նշանակություն են ունենալու:

Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և այլուր ապրող հարազատների, բարեկամների և ընկերների հետ խոսակցություններից պարզ է, որ նրանց կյանքում այդ երկրի կառավարության գործունեությունը շատ փոքր նշանակություն ունի: Բնակչության մեծ մասը կառավարության գործունեության ազդեցությունը զգում է հարկերի ավելացման կամ նվազեցման տեսքով: Եթե երբեմն իշխանության որևէ մարմնի հետ գործ ունեն, ապա դա սովորաբար սահմանափակվում է տեղական ինքնակառավարման մարմնից ինչ-որ տեխնիկական հարցի վերաբերյալ թույլտվության ստացմամբ:

Հայաստանի Հանրապետությունում, ուր իշխանությունը և որոշումների կայացումը մշտապես կենտրոնացած է եղել Երևանի Բաղրամյան պողոտայում և Հանրապետության հրապարակի շուրջ գտնվող մի քանի շենքերում, դժվար է պատկերացնել, որ մոտ ապագայում իրավիճակը կփոխվի: Վերջին 2.5-3 տարիների զարգացումները ցույց տվեցին, որ ընդհակառակը՝ նույնիսկ «հեղափոխական» իշխանությունը փորձեց ավելի կենտրոնացնել իշխանությունը, ֆինանսները և որոշումների կայացումը:

Անկատար համարվող, սակայն իրականում գոյություն չունեցող քաղաքական դաշտի և պայքարի հայկական միջավայրում առաջնորդները կոփվում են ոչ թե երկրի զարգացման վերաբերյալ իրենց ընդդիմախոսների հետ բանավիճելու, իրենց տեսակետներն ու ծրագրերը ներկայացնելու, այլ կիսելյովների, սոլովյովների և նրանց հայ գործընկերների հետ  զրույցներում «արևմտյան», իսկ իրականում հայկական արժեքները քարկոծելով: Հերթական «քաղաքական» գործիչը գալիս է կիրթ իշխանություն ու կիրթ գործարարներ ունենալու մասին կոչերով, սակայն իրականում առաջնորդում է լրագրող ծեծողների հերթական խմբակը: Համեմատաբար հանդարտ ժամանակ «քաղաքական» գործիչները սիրում են ճամարտակել լորդ Պալմերսթոնի «հանճարեղ», բայց իրականում ընդամենը պրակտիկ մտքերի վերաբերյալ, սակայն առաջին իսկ փոթորկի դեպքում նորից օրակարգ են բերում «բարեկամ»-«թշնամի» բանավեճը: Ամեն անգամ քվեատուփին մոտենալիս միջին վիճակագրական ընտրողը քվեարկում է ոչ թե իրատեսական քաղաքականություն, կամ realpolitik առաջարկողի, այլ հերթական փրկչի օգտին: Հայաստանի անկախացումից հետո ձևավորված փխրուն քաղաքական դաշտի ոչնչացման պատճառով դրա պայքարի թոհուբոհով չանցած, քաղաքական պայքարում չթրծված առաջնորդները դիմել են, դիմում են և դիմելու են ամբոխահաճությանը և մեծ համարձակություն է հարկավոր դրանից ազատվելու և իրական գործով զբաղվելու համար:

Միշտ հետաքրքիր է եղել, թե ինչու է արևմտյան երկրների առաջնորդների զգալի մասը մինչև երկրի նախագահ կամ վարչապետ դառնալը եղել մայրաքաղաքի քաղաքապետ կամ խոշոր նահանգներից կամ երկրամասերից մեկի առաջնորդ. Ժակ Շիրակը՝ Փարիզի, Բորիս Ջոնսոնը՝ Լոնդոնի քաղաքապետ, Ջորջ Բուշ կրտսերը՝ Տեխասի նահանգապետ …: Ի՞նչ դպրոց պետք է քաղաքական գործիչն անցնի, որպեսզի ընտրողը նրան վստահի երկրի կառավարումը: Ինչո՞ւ այդ դպրոցը չկա ավտորիտար կառավարման համակարգ ունեցող երկրներում, ուր հաջորդ բարձրաստիճան պաշտոնյան գալիս է համակարգի ներսից, իսկ ընդդիմադիր գործիչները պետական կամ տեղական ինքնակառավարման համակարգում իրենց դրսևորելու տեղ ուղղակի չեն ունենում: Հետաքրքիր է՝ երկրի բարձրագույն պաշտոնի համար ազատ և արդար ընտրությունների դեպքում որքա՞ն ձայն կստանային կամ կստանան XXI դարում Երևանի քաղաքապետ աշխատած մարդիկ՝ Ա. Բազեյանը, Ռ. Նազարյանը, Ե. Զախարյանը, Գ. Բեգլարյանը, Կ. Կարապետյանը, Տ. Մարգարյանը, Հ. Մարությանը:

Մնում է ուսումնասիրել և վերլուծել այն, ինչ ունենք: Վերջին 2-2.5, դրան նախորդած 20-25, իսկ իրականում՝ միգուցե 100-120 տարիներին կատարած սխալների վերլուծության վրա հիմնված վերանայված և վերաիմաստավորված գործողությունները կարող են բերել լավ կառավարման: Հարկավոր են բազմաթիվ և բազմապիսի վերլուծություններ:

Այդ առումով, սա 2020թ. ՀՀ կառավարության գործունեության վերլուծություններից մեկն է, որը հիմնվում է մեթոդներից ընդամենը մեկի վրա: Կարող են լինել բազմաթիվ այլ վերլուծություններ, այլ մեթոդների կիրառմամբ: Այս մեկը հիմնվում է ՀՀ կառավարության ընդունած որոշումների, կառավարության նիստերի ժամանակ ներկայացված հարցերի, նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացված հարցերի քանակի և դրանց տեսակի («զեկուցվող», «չզեկուցվող», «գաղտնի»), ՀՀ կառավարության  իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում հրապարակված 2019թ. նոյեմբերի սկզբից մինչև 2020թ. դեկտեմբերի վերջ հրապարակված նախագծերի թվի և 2021թ. մարտի վերջի դրությամբ այդ նախագծերի կարգավիճակի և այլ հարցերի ուսումնասիրության վրա:

Հայաստանի իրավական տեղեկատվական www.arlis.am համակարգում 2020թ. առկա է դեկտեմբերի 30-ին ընդունված №2215-Ն որոշումը, ինչը նշանակում է, որ 2020թ. ընդունվել է առնվազն 2215 որոշում: Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքում 2020թ. դեկտեմբերի 30-ի նիստի մասին նշում չկա, ինչը հանգեցնում է առաջին հարցին. ինչպե՞ս են ընդունվում ՀՀ կառավարության որոշումները:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքը (ընդունվել է 2018թ. մարտի 23-ին) կանոնակարգում է ՀՀ կառավարության նիստերի հրավիրումն ու անցկացումը (հոդված 10) և որոշումների կայացումը (հոդված 11): Օրենքի համաձայն՝  «Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումները և Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Կառավարության անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ», իսկ  «Կառավարության այլ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ»։ «Եթե վարչապետը գտնում է, որ Կառավարության նիստի օրակարգ որևէ հարցի ընդգրկման անհրաժեշտություն չկա, ապա տվյալ հարցի վերաբերյալ վարչապետի հանձնարարությամբ կազմակերպվում է գրավոր քվեարկություն»։ Կառավարության գործելաոճից կարելի է հասկանալ, որ վերջին ձևակերպումը մեկնաբանվում է որպես «հեռակա» կամ «հեռավար» նիստեր կազմակերպելու թույլտվություն: Իրավաբանները պետք է պարզաբանեն, թե ինչքանով են նիստերից դուրս կայացվող որոշումները համապատասխանում Սահմանադրության 153 հոդվածին և օրենքի 10-րդ հոդվածի առաջին մասի այն պահանջին, համաձայն որի «Կառավարությունն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալ, նիստերի միջոցով»։

Կառավարության որոշումների մեկ հինգերորդից ավելին կայացվում է նիստերից դուրս: Այսինքն՝ հանրությունը չի տեսնում որոշման նախագիծը, չի տեսնում նախարարությունների և գերատեսչությունների հիմնավորումները, չի տեսնում քննարկումների ամփոփաթերթը: Կառավարության որոշումների առնվազն մեկ հինգերորդի ընդունման գործընթացը ոչ բաց և ոչ թափանցիկ է:

2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ կառավարության անդամներն ընդունել են №1792-Ն որոշումը, որով փոփոխություններ են կատարել ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 26-ի №1919-Ն որոշման մեջ և №1791-Ն որոշումը, որով ուժը կորցրած են ճանաչել 2020թ. հոկտեմբերի 11-ին, այսինքն՝ պատերազմի օրերին (այս օրերին կայացած որևէ նիստի մասին նույնպես տեղեկատվություն առկա չէ) ընդունված №1670-Ն որոշումը, որը նույնպես փոփոխություն էր նախատեսում 2019թ. դեկտեմբերի 26-ի №1919-Ն որոշման մեջ:

Իսկապե՞ս: 2020թ. նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը և կառավարության անդամներն ուրիշ անելիք չունեի՞ն և «ստիպված» էին զբաղվել բյուջետային միջոցների վերաբաշխմամբ: Հայաստանում ռազմական դրություն չէ՞ր: Ռազմաճակատում խաղա՞ղ էր: Ոսոխը «դժգույն քաղաք» չէ՞ր ներխուժել և կարելի էր շարունակել business as usual:

2020թ. նոյեմբերի 6-ին (այս օրը կայացած նիստի մասին նույնպես տեղեկատվություն առկա չէ) իր №1786-Ն որոշմամբ կառավարությունը սահմանել է ՊԵԿ քննչական մարմնում ինքնավար պաշտոնների դասակարգման, դասային աստիճանների տրման, մրցույթի անցկացման կարգը և պաշտոններին ներկայացվող չափանիշները:

2020թ. նոյեմբերի 3-ին (այս օրը կայացած նիստի մասին նույնպես տեղեկատվություն առկա չէ) իր №1763-Ն և №1761-Ն որոշումներով կառավարությունը հավանություն է տվել համապատասխանաբար «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային փոխադրումների մասին» և «Հասարակության թվային զարգացման բնագավառում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրերի ստորագրման առաջարկություններին:

«Զեկուցվող» հարցերի սակավությունը և «չզեկուցվող» հարցերի առատությունը

ՀՀ կառավարության 2020թ. գործունեության ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են կայացած 50 նիստերի օրակարգերը և դրանց հիմնական մասի տեսաձայնագրությունները (www.e-gov.am կայքում նոյեմբերի 12-ը նշված է, սակայն նիստի օրակարգի մասին տեղեկատվություն չի հրապարակվել և այդ առումով դիտարկվել են մնացած 49 նիստերի ցուցանիշները): Նիստերի օրակարգերում ներառվել 1788 հարց, որոնցից 44-ը հանվել է օրակարագից: Մնացած 1744 հարցերի վերաբերյալ տեղեկատվությունն ըստ նախարարարությունների և գերատեսչությունների և քննարկվող հարցի կարգավիճակի՝ «զեկուցվող», «չզեկուցվող», «գաղտնի», ներկայացվում է աղյուսակում: 50 նիստերի ընթացքում զեկուցվել է 164 հարց, կամ քննարկված հարցերի 9.4 տոկոսը, 1530 հարց, կամ 87.7 տոկոսը՝ չի զեկուցվել, 50 հարց, կամ քննարկված հարցերի 2.9 տոկոսը եղել է գաղտնի (այդ առումով հետաքրքիր չէ, թե արդյոք դրանք զեկուցվել են, թե ոչ):

chart24587.jpg (174 KB)

Այս կոնտեքստում առաջանում է երկրորդ հարցը:

Ինչպե՞ս կարող է ՀՀ կառավարությունն ընդունել 2215 որոշում, եթե նիստերի օրակարգերում ներառվել է 1744 հարց: Ե՞րբ և ինչպե՞ս են կայացվել մնացած 471 որոշումները, այսինքն 2020թ. կայացված որոշումների մեկ հինգերորդից ավելին:

Դրանից հետո հասկանում ես, որ նախորդ հատվածում նշված «երևակայական» նիստերը, որոնց մասին ոչ www.e-gov.am և ոչ էլ www.primeminister.am կայքերում հիշատակում չկա, սակայն կա կոնկրետ օրերով թվագրված որոշումներ, իզուր չեն անցել:

Ո՞վ և ինչպե՞ս է որոշում, թե հարցը պետք է «զեկուցվող», թե «չզեկուցվող» լինի: 2020թ. գործել է ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 8-ի №667-Լ որոշումը, այսինքն Փաշինյանի կառավարության որոշմամբ հաստատված աշխատակարգը, որի 83-87 կետերը հիշատակում են «զեկուցվող» և «չզեկուցվող» հարցերի մասին, չեն նշում, թե ով և ինչի հիման վրա է նախագծերը դասակարգում այդպիսիք: Այսինքն, կայացվել են կամայական որոշումներ և չի բացառվում, որ խիստ կարևոր հարցեր չեն զեկուցվել նիստերի ժամանակ:

2021թ. Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է փոխել իր իսկ կողմից 2.5 տարի առաջ հաստատված աշխատակարգը և փետրվարի 25-ի իր №252-Լ որոշմամբ նոր աշխատակարգ է սահմանել, որը սակայն իրավիճակն էականորեն չի բարելավել: Մասնավորապես, աշխատակարգի 53 կետի համաձայն «Չզեկուցվող հարցերը կոմիտեի նիստում ընդունվում են առանց զեկուցման և քննարկման, եթե կոմիտեի անդամներից որևէ մեկը կամ հրավիրված որևէ այլ անձ կոմիտեի նիստում դրան չի առարկում», իսկ 65 կետի համաձայն  «Կառավարության նիստի հարցերն օրակարգում նշվում են որպես զեկուցվող կամ չզեկուցվող՝ կախված հարցի քննարկման անհրաժեշտությունից»: Բացարձակապես չեն սահմանվում այն չափանիշները, որոնց հիման վրա կայացվում է որոշումը և չեն նշվում այն պաշտոնյաները, որոնք որոշում են կայացնում: Այսինքն, նախարարներից ցանկացածը կարող է որոշել, թե արդյոք պետք է իր նախարարության ներկայացված հարցը լինի «զեկուցվող» կամ «չզեկուցվող» և այդպիսով խուսափի որևէ կարևորագույն հարցի բաց և թափանցիկ քննարկումից: Սրա հետ կապված նոր հարցեր են առաջանում.

  • ՀՀ կառավարության աշխատակարգի հաստատման հարցը ներառվել է 2021թ. փետրվարի նիստի օրակարգում որպես վերջին՝ 42-րդ և «չզեկուցվող» հարց: Ո՞վ որոշեց, որ ՀՀ քաղաքացիներին չի հետաքրքրում, թե ինչպես, ինչ աշխատակարգով է աշխատում ՀՀ կառավարությունը: Ինչո՞ւ այդ հարցը չներկայացվեց նիստի ժամանակ: Ինչո՞ւ չներկայացրին, թե ինչ խնդիր կար նախորդ աշխատակարգի հետ կապված: Նախագծի հիմնավորումներում վարչապետի աշխատակազմը նշել է, որ «գործող աշխատակարգում նախատեսված են մի շարք ընթացակարգեր, որոնք հնացած են, ոչ արդյունավետ, նախատեսում են գործառույթների կրկնություններ, անհարկի գրագրության պահանջներ, անիրատեսական ժամկետներ և բազմաթիվ այլ խնդիրներ»: Իհարկե, կգտնվեն բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք շատ լուրջ դեմքով կասեն, որ այս որոշումն ընդունելուց հետո կառավարության և վարչապետի աշխատակազմի գործունեությունն ավելի սահուն, նպատակաուղղված և եսիմ ինչ կլինի: Բայց Հայաստանի հանրության բացարձակ մեծամասնությունն այլ առաջնահերթություններ ունի:
  • Փաստորեն, ՀՀ վարչապետի աշխատակազմում այլ առաջնահերթություն, այլ բան ու գործ չունեին և 2020թ. վերջում 2021թ. սկզբում մասնագետների, բաժինների և վարչությունների պետերի, աշխատակազմի ղեկավարի և նրա տեղակալների անորոշ մեծ թվով մարդ/ժամեր են ծախսել նոր աշխատակարգ մշակելու, խմբագրելու և հավանություն ստանալու համար: Դա՞ էր այդ պահին ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկը:
  • ՀՀ վարչապետի աշխատակազմում ինչ որ մեկը որոշել է, որ №252-Լ որոշումը «նորմատիվ» չէ, դա հանրությանը չի վերաբերում, ամենևին պետք չէ, որ հանրությունն իմանա այդպիսի նախագծի առկայության մասին և ամենևին պարտադիր չէ, որ այն հանրային քննարկում անցնի: Ինչո՞ւ: Հավանաբար ՀՀ վարչապետի աշխատակազմում կարծում են, որ եթե մարդիկ շատ բան իմանան, շուտ կծերանան:

Երբ ուսումնասիրությունների արդյունքում ինձ հետաքրքրող հարցի պատասխանը չեմ գտնում, հարցն ուղղում եմ այն մարդկանց, ովքեր, իմ կարծիքով կարող են պատասխանել այդ հարցին: Մարտի 25-ին ՀՀ վարչապետի աշխատակազմին ուղղված իմ հարցմանը 2021թ. ապրիլի 10-ի դրությամբ թղթային կամ էլեկտրոնային պատասխան չեմ ստացել, սակայն պարզվեց, որ www.e-request.am կայքում այն առկա է:

pataskhan.jpg (114 KB)

Այսինքն, ՀՀ կառավարության անդամը կարող է ցանկացած, այդ թվում պետական քաղաքականության խնդիրներին առնչվող կարևորագույն հարց ներկայացնել որպես չքննարկվող, մնացած նախարարները կարող են չառարկել դրան և հարցը կընդունվի: Այդպես էլ արվում է: Պետական քաղաքականության խնդիրների հետ կապված կարևորագույն հարցեր «լուծվել» են ոչ միայն առանց հանրային մասնակցության, այլ նույնիսկ առանց կառավարության կողմից քննարկվելու: Դրա փոխարեն, մի շարք դեպքերում ՀՀ կառավարությունը քննարկել է տեխնիկական բնույթի, այսինքն պետական քաղաքականություններին չվերաբերող հարցեր:

Եթե հարցի լուծման դրվածքն այդպես է, ապա առավել հետաքրքիր է դառնում «զեկուցվող»-«չզեկուցվող» դասակարգումն ու վերաբերմունքը: Օրինակ, պարզվում է, որ 2020թ. «Վարչապետը գտել է, որ կառավարության նիստի օրակարգ ընդգրկելու համար» չկա այնպիսի հարց, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը պետք է զեկուցի այդ մասին և ներկայացված 42 հարցերից ոչ մեկը նիստի ժամանակ չի զեկուցվել. դրանցից 4-ը եղել են գաղտնի, իսկ մնացած 38-ը «չզեկուցվող»: 2020թ. Հայաստանի Հանրապետությունում արտակարգի իրավիճակ չի եղել, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ներկայացվող ոչ մի հարցի վերաբերյալ զեկույցի կարիք վարչապետը չի ունեցել:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացրած 97 հարցերից միայն 2-ն է արժանացել զեկուցված լինելու պատվին (2%), պաշտպանության նախարարության 77 հարցերից 3-ը (4%),  ոստիկանության 71 հարցերից 3-ը (4%), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 388-ից 27-ը (7%), ֆինանսների նախարարության 84-ից 6-ը (7%), ՊԵԿ-ի՝ 71-ից 5-ը (7%): Այստեղից երկու հետևություն կարելի է անել.

  • Կամ ՀՀ կառավարությունը որևէ ոլորտում լուրջ բարեփոխումներ անել չի նախատեսել և չի արել, ինչի արդյունքում, իհարկե, կառավարության նիստերի ժամանակ քննարկելու, կարծիքներ փոխանակելու, բանավիճելու կարիք չի եղել,
  • Կամ կառավարության կողմից կատարվող փոփոխությունները եղել են այնքան ոչ կարևոր, կամ տեխնիկական բնույթի, որ դրանք քննարկելու կարիք չի եղել,
  • Կամ փոփոխությունները կատարվել են, բայց այնպես, որպեսզի կառավարության անդամները հանրային դաշտում կարծիք արտահայտելու կարիք չունենան, թե չէ մեկ էլ տեսար մի թարս միտք արտահայտեցին, հետո մամուլն ու հասարակությունը սկսեցին քննարկել ու ծաղրել:

Այսպիսի վարքագիծ նկատվել է նաև նախորդ իշխանությունների կառավարման տարիներին, սակայն նախորդների դեպքում խնդիրներն այնքան շատ էին և համակարգային այնպիսի բնույթ էին կրում, որ երբեմն նպատակահարմար չէր այսպիսի առանձին խնդիրների անդրադառնալ: Հարկավոր էին արմատական փոփոխություններ, որոնց նախորդ իշխանությունները պատրաստ չէին: Անհրաժեշտ էր նոր, փոփոխությունների պատրաստ իշխանություն: Թվում էր, թե 2018թ. ապրիլից հետո եկել է այդ փոփոխությունների ժամանակը: Սակայն պարզվեց, որ նոր իշխանություններին բավարարում է սոսկ կառավարությունում անձերի փոփոխությունը: Նոր իշխանությունները մտածում էին, որ նախորդները վատն էին, իրենք լավն են և ամեն ինչ լավ է լինելու: «Նոր» իշխանությունները որդեգրեցին նախկինից եկող վատ գործելաոճը, մեխանիզմները, մեթոդները, ինչը նախկինի փորձի բացակայության պայմաններում ուղղակի հանգեցրեց աղետի:

շարունակություն

Արտակ Քյուրումյանը պետական ֆինանսական կառավարման փորձագետ է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter