HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Նարեկ Սարգսյանի պաշտպանն անդրադարձել է նրա կալանավորման հանգամանքին

Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա կալանավորվել է: Այս մասին այսօր հայտնել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Երեկ՝ ապրիլի 12-ին, Վճռաբեկը բավարարել է գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշումը, օրինական ուժ տվել Սարգսյանի խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը:

Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտին:

Պաշտպանի խոսքով՝ Վճռաբեկ դատարանի դատական ակտում նշվել է, թե Վերաքննիչ դատարանը սխալ հետևություն է արել՝ գտնելով, որ գրավը ազատության մեջ գտնվելու դեպքում մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հավանականությունը կզսպի, քանի որ նա իրավացիորեն կարող է քննությունից թաքնվել, գործով անցնող անձանց վրա ազդել և նոր հանցանք գործել: Նշվում է նաև, որ Սարգսյանի կողմից պատերազմի ընթացքում «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին մեծ չափի դրամական աջակցություն տալու հանգամանքը, խափանման միջոցի հարցը լուծելիս որևէ նշանակություն ունենալ չէր կարող:

Պիվազյանը դիտարկել է, որ Սարգսյանն ազատության մեջ է մոտ 5 ամիս, ազատության մեջ գտնվելով` վերջինս մշտապես, պարտաճանաչ կերպով ներկայացել է բոլոր դատական նիստերին, ազատության մեջ լինելով՝ դատարանում ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և հանդես է եկել դատաքննության արագացված կարգ կիրառելու միջնորդությամբ՝ այս ընթացքում քաջ հասկանալով, որ Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի տեղակալի բողոքը հենց այնպես վարույթ չի ընդունել: Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը նրա համար սպասելի է եղել:

Ըստ պաշտպանի՝ նման պայմաններում հիմնազուրկ է Վճռաբեկ դատարանի այն մտահոգությունները, թե որևէ մեկի վրա Նարեկ Սարգսյանը կազդի, կթաքնվի քննությունից կամ նոր հանցանք կկատարի:

Անդրադառնալով պատերազմի ընթացքում «Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման» հիմնադրամին մեծ չափի դրամական աջակցություն տալու հանգամանքին խափանման միջոցի հարցը լուծելիս որևէ նշանակություն չունենալուն՝ պաշտպանը նշում է, որ բարեգործություն անելն անձին դրականորեն բնութագրող հատկանիշ է:

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2018թ. հունիսից հետախուզման մեջ գտնվող Նարեկ Սարգսյանը 2019թ․ դեկտեմբերի 21-ին արտահանձվել էր Հայաստան, և նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով։

Նարեկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Ըստ մեղադրանքի՝ Նարեկ Սարգսյանը, գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Թումանյանի իրենց առանձնատանը պահել ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև, դրանք թաքցնելով պայուսակների մեջ, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել նախապես վարձակալած բնակարանում։ Ըստ գործի՝ վերը նշված զենքն ու ռազմամթերքը 2018 թվականի հունիսի 25-ին Արտեմ Պետրոսյանը փոխանցել է Վլադիմիր Շահինյանցին և Սերոբ Սահակյանին, և երբ վերջիններս այն պահելու նպատակով փոխադրելիս են եղել նախապես վարձակալած բնակարան, հայտնաբերվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից։ Ըստ մեղադրանքի, վերը նշված պայուսակների մեջ եղել է նաև 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոց, որը Նարեկ Սարգսյանը ձեռք է բերել գործով չպարզված հանգամանքներում, անհայտ անձից և առանց իրացնելու նպատակի։

Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանն, ըստ մեղադրանքի, գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակի և անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իր աշխատասենյակի չհրկիզվող պահարանում պահել խոշոր չափի՝ 0,031գրամ մաքուր քաշով կոկային տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է աշխատասենյակի խուզարկությամբ։ Ինչ վերաբերում է առևանգման հոդվածին, այն առնչվում է գործով տուժող Արամ Կարապետյանի ենթադրյալ առևանգմանը։

Ըստ մեղադրանքի՝ Սարգսյանը նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել և ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը: 2020թ․ հեկտեմբերի 9-ին նրա վերաբերյալ գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար, և դատարանի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընտրված խափանման միջոցը թողնվել էր անփոփոխ։

Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել Նարեկ Սարգսյանի պաշտպանները, որը ՀՀ վերաքննիչ դատարանի 2020թ․ նոյեմբերի 12-ի որոշմամբ բավարարվել էր մասնակիորեն՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանվել էր, Ն․ Սարգսյանի նկատմամբ կիրառված կալանավորումը փոխվել էր, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել գրավը՝ 25 մլն դրամի չափով։ ՀՀ վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ էլ ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացվել էր Վճռաբեկ բողոք, որը, փաստորեն, ամբողջության բավարարվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter