Փաշինյանի խոսքով` Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը մարտական գործողությունները դադարեցնելու մասին ոչինչ չի ասել
Ազգային ժողովի հերթական նիստը մեկնարկեց Կառավարության գործունեության 2020 թվականի կատարողականի ներկայացմամբ: Այն զեկուցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նիստին ներկա է Կառավարության ամբողջ կազմը:
«Ուզում եմ խոսքս սկսել Զինված ուժերի գլխավոր շտաբի արդեն նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի հայտարարությունից, ըստ որի՝ պատերազմի չորրորդ օրը Անվտանգության խորհրդի նիստի օրը ներկայացրել է մեր կորուստները` նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում միջոցներ է պետք ձեռնարկել պատերազմը դադարեցնելու համար: Ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ հայտարարության այդ կետն իրականության հետ որևէ աղերս չունի, նա չի ասել նման բան, և դա արձանագրված է պաշտոնապես, այդ թվում` ձայնագրությամբ»,- ասաց Փաշինյանը: Ըստ նրա` նիստում Օնիկ Գասպարյանը պնդել է, որ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել, բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի:
Փաշինյանի վստահեցմամբ` սեպտեմբերի 30-ին Օնիկ Գասպարյանը չէր կարող նման հայտարարություն անել, որովհետև օգոստոսի 21-ի ԱԽ նիստի զեկույցում վերջինս հավաստիացրել է, որ արցախյան ուղղությամբ բանակը կարող է առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը:
«Շատ է շահարկվել այն հարցը, թե ինչ է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին և դրանից հետո, վերլուծելով իրադրությունը և խորհրդակցելով Արցախի նախագահի ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ հետ՝ ես որոշել եմ, որ մենք պետք է որոշակի, այո, նաև ծանր զիջումների ճանապարհով հասնենք հրադադարի, և հրավիրել եմ Անվտանգության խորհրդի նիստ, այդ թվում ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիներին, հանրապետության նախագահին ու Վեհափառ Հայրապետին»,- ասաց նա` հավելելով, որ նույն օրը հրավիրել է նաև արտախորհրդարանական ուժերին և ներկայացրել իրավիճակը:
Այնուհետև Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ և հայտնել հրադադարի պատրաստակամության մասին` 5+2 տարածքների վերադարձի ձևաչափով:
«Մենք ընդհանուր ըմբռնում ենք ձեռք բերել ՌԴ նախագահի հետ, որ նույն կերպ ենք ձևակերպում իրադրության հաղթահարումը: Գիտեք, որ փախստականների վերադարձի հարց է եղել, և ես ասել եմ, որ մենք սկզբունքորեն այդ հարցի հետ կապված առարկություն չունենք, եթե ինչ-որ կերպ փոխկապակցենք ԼՂ կարգավիճակի ճշգրտման պրոցեսի հետ: Դրանից հետո ՌԴ նախագահը խոսել է Ադրբեջանի նախագահի հետ, և վերջինս ասել է, որ չի ընդունում Հադրութի շրջանի դեօկուպացիայի մեր պահանջը և պահանջում, որ տեղահանվածների վերադարձը չկապվի ԼՂ կարգավիճակի հետ: Նաև ակնարկ է եղել, որ ոչ թե 5+2 ձևաչափով, այլ յոթ տարածքների վերադարձ է հարկավոր»,- ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի` ինքն այսպիսի մանրամասներ է հայտնում, քանի որ ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ հիմա Ադրբեջանի օրակարգում չկա ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցը, և դա է եղել ինչպես քառօրյա, այնպես էլ 44-օրյա պատերազմի հիմնական պատճառը:
Մեկնաբանել