HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ապրիլի 18-ին կբացվի «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈւՆԵՍԿՕ-ն 1982-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի ժառանգության պահապաններին ողջ աշխարհում առաջարկվել է հանդես գալ մշակութային ու բնության ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով' «Համաշխարհային ժառանգություն» խորագրի ներքո' ի նշանավորումն Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 40-րդ տարեդարձի: Համաշխարհային ժառանգության կոնվենցիան ժառանգության պահպանության բնագավառում անկախ Հայաստանի վավերացրած առաջին միջազգային փաստաթղթերից է. Հայաստանն այն վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին:

2012թ. հունվարի 30-ին ՅՈւՆԵՍԿՕ-ի նստավայրում պաշտոնապես տրվեց Համախարհային ժառանգության տարվա մեկնարկը' ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Ի. Բոկովայի և ջազի լեգենդ Հերբի Հանկոկի մասնակցությամբ: Քառասունամյա փաստաթուղթը համարվում է ՅՈւՆԵՍԿՕ-ի ամենից հաջողված և արդյունավետ ծրագրերից մեկը ժառանգության պահպանության ոլորտում: Այն միակ միջազգային գործիքն է, որը միավորում է մշակութային և բնության ժառանգությունների պահպանությունը: Ի կատարումն այդ կոնվենցիայի ստեղծված Համաշխարհային ժառանգության ցուցակը, որն արդեն ընդգրկում է 153 երկրների 936 վայրեր, մինչ օրս չի դադարում համալրվել նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով' մշակութային լանդշաֆտներ, անդրսահմանային վայրեր, ստորջրյա ու ափամերձ ժառանգություն, անտառներ, ճարտարապետական, հնագիտական և քաղաքաշինական հուշարձաններ և այլն:

Հենց Համաշխարհային ժառանգության կոնվենցիան է նպաստել պատմական շատ քաղաքների ու բնակավայրերի դիմագծի անխաթար պահպանությանը' Լոնդոն, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Անգկոր և այլն: Այն մեծապես նպաստել է նաև հնագիտական հուշարձանները տարածքների զարգացման և կառավարման անբաժանելի մաս ճանաչելու գործընթացին: Ավելի քան 45 զուտ հնագիտական վայրեր այսօր գրանցված են Համաշխարհային ժառանգության ցուցակում' որպես «համընդգրկուն բացառիկ արժեքներ»: Համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի հետ միասին այդ ցանկում է նաև Զվարթնոցը' Հայաստանի Հանրապետությունից:

Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում 2012թ. ապրիլի 18-ին կբացվի «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը' ներկայացնելով համաշխարհային ժառանգություն ճանաչված 2 տասնյակ հնագիտական վայրեր: Ճանաչողականից բացի, ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հնագիտական ժառանգության նկատմամբ պատասխանատվությունը և մտորել Համաշխարհային ժառանգության ցուցակում հայկական հնագիտական վայրերը ներկայացված տեսնելու հեռանկարի շուրջ: Ցուցահանդեսը հասցեագրված է ինչպես ժառանգության պրոֆեսիոնալներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր գործունեություն են իրականացնում պատմամշակութային վայրերի պահպանության, վերականգնման, կառավարման և հանրահռչակման ոլորտներում:

Միջազգային տոնն արգելոց-թանգարանում կնշանավորվի նաև հասարակական նշանակություն ունեցող մեկ այլ իրադարձությամբ. շահագործման կհանձնվի թանգարանի շենքի կողային ճակատից դեպի գլխավոր ցուցասրահ տանող թեքահարթակը' նախատեսված տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Երևանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ իրականացված այս ձեռնարկի նպատակն է հասարակության բոլոր անդամների համար ապահովել հավասար մատչելիություն դեպի մշակութային օջախներ:
Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2012թ. ապրիլի 18-ին, ժամը' 15:00-ին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter